«Ներսում արձանագրություն կազմվեց, որպես իրեղեն ապացույց առգրավվեց իմ ձեռքի պաստառը». Ռուբեն Մելիքյան
«Ներսում արձանագրություն կազմվեց, որպես իրեղեն ապացույց առգրավվեց իմ ձեռքի պաստառը, հիմա վարույթ պիտի իրականացվի»,- ոստիկանության Արաբկիրի բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ դա ապօրինի որոշում էր, և որ ինքը միայնակ էր ակցիա իրականացնում, ինչը ոստիկանության կողմից դիտվեց որպես հավաք:
Ռուբեն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց հավաքվածներին աջակցության համար և ասաց, որ որպես փաստաբան՝ ինքն այս պահին գնալու է մյուս բերման ենթարկվածներին իրավաբնական աջակցություն ցույց տալու:
«Ես խնդրեցի, որ ինձ 5 րոպե ժամանակ տան, ասացի՝ ինձ թողեք, որ գնամ մարդկանց շնորհակալություն հայտնեմ… Մարդկանց ձերբակալելը փաստորեն դառնում է ինքնանպատակ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Ռուբեն Մելիքյանից հետո դուրս եկավ նաև իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, ով ասաց, որ վարչական ձերբակալման արձանագրության ակտերն անպայման կբողոքարկվեն, ապա Բաբկեն Հարությունյանը:
«Միանձնյա ակցիան որևէ կերպ չի կարող տեղավորվել հավաքի տրամաբանության մեջ»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ ոստիկանության պահանջն իրավաչափ չէր:
Ոստիկանության Արաբկիրի բաժին եկավ նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց՝ եկել է՝ ձերբակալված քաղաքացիների հետ զրուցելու:
Մանրամասները՝ տեսանյութում: