«Այն երկրները, ովքեր մեր նկատմամբ կանեն բարեկամական ժեստ, մենք, իհարկե, այդ երկրների աջակցությունը կընդունենք». Նիկոլ Փաշինյան

 «Օգնություն մենք պատրաստվում ենք խնդրել միայն ու միայն Հայաստանի, առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Նովոստի Արմենիի» գործակալության  հարցին, թե առաջիկայում ի՞նչ միջոցառումներ է մտադիր ձեռնարկել ՀՀ կառավարությունը այս իրավիճակը հաղթահարելու համար, և արդյո՞ք պատրաստվում է օգնություն խնդրել միջազգային հանրությունից՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ բժիշկների և դեղորայքի տեսքով:

Այս խնդիրը հաղթահարելու համար, ըստ վարչապետի, պետք է անել շատ պարզ բան՝ ճիշտ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն, ընդհատակյա հարսանիքներ չանել:

«Ուզում եմ ասել նաև, որ մեր վերլուծությունը, այսօր էլ պարետատան նիստին ցույց տվեց, որ, եթե թվերը մնան այս սանդղակում, այս շաբաթ դեռևս արձանագրած միջակայքում, դա էսօր մեր առողջապահական համակարգը ըստ էության պատրաստվել է այդ բեռը կրելուն:

Բայց մյուս կողմից՝ կա, նաև աջակցությունների մեջ կան բարեկամ երկրներ, ովքեր ուզում են աջակցություն ցուցաբերել Հայաստանին և պատրաստակամություն են հայտնում աջակցություն ցուցաբերել Հայաստանին, և էստեղ մեզ համար շատ կարևոր է այդ բարեկամական ժեստերը չմերժել, որովհետև մենք կարծում ենք, որ, այո, դժվար պահին բարեկամները հստակ ընդգծվում են, և այն երկրները, ովքեր մեր նկատմամբ կանեն բարեկամական ժեստ, մենք, իհարկե, այդ երկրների աջակցությունը կընդունենք՝ առաջին հերթին, եթե, էլի եմ ասում, մնա էս ամեն ինչ էս տրամաբանության հետ, և այդ ժեստը կլինի առաջին հերթին՝ բարեկամական, քաղաքական, և հետո միայն՝ առողջապահական:

Եվ էլի, ճգնաժամը՝ որպես հնարավորություն կոնցեպտի շրջանակներում, բոլոր այն դեպքերում, երբ կորոնավիրուսը մեզ հնարավորություն կտա էլ ավելի խորացնել և ինստիտուցիոնալ դարձնել մեր բարեկամական հարաբերությունները բարեկամ երկրների հետ, իհարկե, դա շատ կարևոր է, որովհետև շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ օգնում են, և, իհարկե, մենք պատրաստ ենք օգնել մեր բոլոր բարեկամներին դժվարին պահերին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս