Եթե կա տպավորություն, որ «Գազպրոմը» կամ «Գազպրոմ Հայաստանը» փորձում են գոյատևել հայաստանյան սպառողի հաշվին, ապա այն շատ սխալ է․ Կոպիրկին

«Հենց այնպես ասել, թե ինչու չի իջնում գազի գինը կամ չի բարձրանում, շատ պարզ հարց է»,- այս մասին այսօր Ռուսաստանի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ ռուսական գազի գինը ՀՀ-ի համար չի իջնում։

Սերգեյ Կոպիրկինն ասաց, որ չէր ցանկանա խորապես ներքաշվել գազային թեմայում, քանի որ դա համարում է առավելապես մասնագետների հարցը։ Սակայն նա նշեց մի քանի սկզբունքային կետ։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի համար ռուսական գազամատակարարման գործընթացը հստակեցվում է մի շարք համաձայնագրերով, որոնք կնքվել են 2013 թվականին։

«Դրանք փաթեթային պայմանավորվածություններ են, որոնք ենթադրում են փոխադարձ պարտավորություններ մի շարք գործոնների հաշվարկներով։ Դրանք  փաթեթային, համակարգային պայմանավորվածություններ են, հիմնված շահերի հավասարակշռության և բոլոր գործոնների հաշվարկի վրա։ Ուստի հենց այնպես ասել, թե ինչու չի իջնում գազի գինը կամ չի բարձրանում, շատ պարզ հարց է։ Իսկապես շատ լուրջ հարցերի լուրջ համակարգ է, որոնք պահանջում են քննարկումներ, փորձագիտական մշակումներ, և կարող եմ ասել, որ այդ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, մեծապես արտահայտում են մեր հարաբերությունների հատուկ բնույթը և մեր միասնական մասնակցությունը ԵԱՏՄ-ին։ Եթե կա տպավորություն, որ այստեղ «Գազպրոմը» կամ «Գազպրոմ Հայաստանը» փորձում են գոյատևել հայաստանյան սպառողի հաշվին, շատ սխալ պատկերացում է։ Կան լուրջ տնտեսական խնդիրներ «Գազպրոմի» և «Գազպրոմ Հայաստանի» համար, հենց այդ պատճառով քննարկվում է տարիֆների հարցը, հաշվի առնելով խնդիրների համակարգը, այդ թվում՝ հաշվի առնելով ՀՀ գազատրանսպորտային համակարգի մոդեռնիզացիայի հարցը։ Հարցը որոշ ուժեր, որոշ անձինք փորձում են քաղաքականացնել, հակառուսական առանցքով ներկայացնել, սակայն դա չունի իրականության հետ որևէ աղերս»,- ասաց Կոպիրկինը։

Տեսանյութեր

Լրահոս