Բաժիններ՝

«Անամպ» կառավարման վերջը

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ պաշտոնից ազատման հետ կապված ԶԼՄ-ներում արդեն առաջ են քաշվել բազմաթիվ, այդ թվում՝ նաև իրարամերժ կարծիքներ՝ սկսած ապրանքները ՀՀ-ից մաքսանենգ ճանապարհով արտահանելու, Արարատյան մաքսատուն-վարչության պետի ժ/պ-ի, մաքսատանը առաջացած հերթերի, պաշտոնից ազատելու՝ վարչապետի հանձնարարությունը չկատարելու հետ, և այլն։

Այս վերջին հանգամանքն իր հաստատումը գտավ ՊԵԿ պաշտոնական հայտարարության մակարդակով։ Իսկ իր ազատման մասին Դ․Անանյանի հայտարարությունը որևէ բան չի ասում դրա պատճառների մասին։

Կարծում եմ, որ դրանք վերհանելու, փորփրելու փնտրտուքը դեռ երկար կշարունակվի։ Դրանում զարմանալի ու տարօրինակ ոչինչ չկա, քանի որ ՊԵԿ նախագահի պաշտոնը, անկախ դրա զբաղեցնող անձից, չափազանց կարևոր է տնտեսության, հանրային կյանքի համար և միշտ էլ գտնվել է ուշադրության կենտրոնում։

Իմ կարծիքով, ճգնաժամային այս իրավիճակում Դ․Անանյանի հրաժարականն ունի ավելի խորքային պատճառներ, չնայած պետք չէ անտեսել նաև այնպիսի կարևոր հանգամանքներ, ինչպիսին երկրի վարչապետի հետ ունեցած այս կամ այն տարաձայնություններն են, թեկուզև՝ արտաքուստ ոչ էական հարցերի հետ կապված, հատկապես, երբ այդպիսիք կրում են շարունակական բնույթ։

Այդ խորքային պատճառներն ինչ–որ չափով հստակ պատկերացնելու համար՝ փորձենք ներկայացնել որոշ իրողություններ և աչքի ընկնող իրադարձություններից մի քանիսը, որոնք տեղի են ունեցել Դ.Անանյանի պաշտոնավարման ընթացքում։

Դեռևս  2019թ․ փետրվարին ԶԼՄ-ներում եղան հրապարակումներ առ այն, որ 2018 թվականի բյուջեի կատարողականը կոպտորեն կեղծվել է, մասնավորապես՝ 2018 թվականի բյուջեն իրականում, ըստ մամուլում ներկայացված փաստերի,  թերակատարվել էր 24.6 մլրդ դրամով, սակայն թերակատարումն ինչ-որ կեղծիքների արդյունքում ներկայացվել է 3.6 մլրդ դրամ։ Այդ փաստերը որևէ հիմնավոր կերպով չհերքվեցին ՊԵԿ-ի կողմից։ Փոխարենը՝ նշանակվեցին ինչ-որ ծառայողական քննություններ, այսպես կոչված, ներսից տեղեկատվության արտահոսքը թույլ տված աշխատակիցներին հայտնաբերելու նպատակով։

Այս խայտառակ, աղաղակող փաստը որևէ գնահատականի չարժանացավ՝ ո՛չ կառավարության, ո՛չ էլ վարչապետի կողմից, և մեղավորները, կամ, որ ավելի ճիշտ է՝ ծանր հանցանք կատարած անձինք, մնացին անպատիժ։ Հետագայում երբևէ, կարծում եմ, որ այս հարցը պետք է ստանա լիարժեք պարզաբանում, և հարուցվի քրեական գործ։

Պարգևավճարների աղմկահարույց թեման առաջին անգամ բացահայտվեց 2018 թ․ վերջին հենց ՊԵԿ-ում, երբ միլիոնավոր դրամների պարգևավճարներ տրվեցին նույնիսկ ՊԵԿ նախագահի քարտուղարուհուն, օգնականին, վարորդին։

Այս դեպքը նույնպես սահուն կերպով «ջրվեց», և դեռ ավելին՝ արժանացավ վարչապետի պաշտպանությանը։ Հաջորդ կարևորագույն փաստերից է հետևյալը. դեռևս նախորդ տարի ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան առ այն, որ Թուրքիայից ներմուծվել են տարբեր ապրանքատեսակներ, դրանք մաքսազերծվել են, մեղմ ասած, զավեշտալի ցածր մաքսային արժեքներով և այնուհետև որպես ԵՏՄ ապրանք՝ արտահանվել Ռուսաստանի Դաշնություն՝ արդյունքում պետբյուջեին պատճառելով հսկայական վնաս։

Նմանատիպ  գործարքների իրականացումն անհնար է պատկերացնել առանց ՊԵԿ ղեկավարի գիտության։ Ըստ հրապարակված տեղեկությունների, օրինակ, մեկ միավոր հագուստի, ենթադրենք՝ կոստյումի կամ վերարկուի մաքսային արժեքը կամ հարկման բազան հայտարարագրվել է ընդամենը մի քանի հարյուր դրամ. վճարման ենթակա մաքսային վճարները հաշվարկվել են՝ շրջանցելով գործող մաքսային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը:

Այդ փաստերը նույնպես չեն հերքվել, և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

Ավելորդ եմ համարում խոսել կադրային քաղաքականության երկակի ստանդարտների կիրառման մասին, երբ բազմաթիվ պրոֆեսիոնալներ աշխատանքից ազատվեցին ՊԵԿ ղեկավարության կամայականությունների արդյունքում՝ իրենց գործողությունները քողարկելով տարբեր կառուցվածքային փոփոխությունների և օպտիմալացումների անվան տակ․ փոխարենը՝ համակարգում հայտնվեցին յուրայիններ՝ մարդիկ, որոնք համապատասխան պաշտոններում նշանակվեցին օրենքի կոպտագույն խախտումներով։ Երկակի ստանդարտ էր նաև այն, որ շատերն ազատվեցին աշխատանքից, իբրև թե «նախկին էին», սակայն միևնույն ժամանակ՝ բազմաթիվ «կարկառուն նախկիններ» նշանակվեցին տարբեր կարևորագույն պաշտոններում։

Եթե վերլուծենք այդ անձանց  կենսագրությունը, ապա ակնհայտ է դառնում, որ նրանցից շատերը «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով կապված էին ՊԵԿ ղեկավարության հետ, այդ թվում՝ Դ.Անանյանի։

Նրա ղեկավարման ժամանակաշրջանում ավելի, քան երբևէ, այս կամ այն ոչ էական, չնչին «զանցանքների» համար կամ նույնիսկ կամայականորեն, բազմաթիվ աշխատակիցների նկատմամբ նշանակվել են տասնյակ ծառայողական քննություններ, իհարկե, համակարգի տարբեր ռանգի պաշտոնյաների, այսպես կոչված, «դանոսների» հիման վրա: Դրանց գերակշիռ մասը հետագայում, բնականաբար, չեն ստացել որևէ հիմնավորում, սակայն խլել են ծառայողների ժամանակը, նյարդերը և նույնիսկ առողջությունը:

Մեծ թվով ծառայողական քննությունների նյութեր ուղարկվել են քննչական մարմիններին, որտեղ դրանց հիման վրա հարուցված քրեական գործերի՝ նույնպես գերակշիռ մասը, չի հիմնավորվել և կարճվել է: Արդյունքում՝ ծախսվել կամ վատնվել է հսկայական հանրային ռեսուրս, քննիչների ու դատախազների սուղ և թանկ ժամանակը: Կադրային կամայականությունների հետ կապված, կարծում եմ, անպայման վրա է հասնելու պատասխանատվության պահը:

Կարելի է հիշել նաև Նորագավիթի մաքսատան դեպքը, երբ հանրահայտ դրոշի պատճառով ապօրինի կերպով աշխատանքից հեռացվեց շարքային ծառայողը, սակայն նրան պաշտպանելու և հեռացմանն ընդդիմանալու փոխարեն՝ ՊԵԿ նախագահն ընդունեց կրավորական կեցվածք։ Կարծում եմ, որ բազմաթիվ կադրային կամայականությունների ֆոնին՝ մեկ առանձին աշխատակցի հեռացնելու վարչապետի պահանջն իբրև թե չկատարելը ներկայացնել որպես հերոսական քայլ՝ առնվազն ծիծաղելի է:

Կարծում եմ՝ Դ.Անանյանը պետք է ՊԵԿ ծառայողների պաշտպանությամբ հանդես գար դեռևս այն ժամանակ, երբ, ըստ օդում կախված լուրերի, համաձայն վարչապետի կողմից կազմված «սև ցուցակի»՝ ՊԵԿ-ից հեռացվեցին բազմաթիվ ծառայողներ:

Այս ամենին զուգահեռ՝ ավելորդ եմ համարում քննարկել վարչապետի գործելաոճը, այն է՝ վիրտուալ տիրույթում (Ֆեյսբուքում) տալ հանձնարարականներ պետական կառույցի ղեկավարին․ միանշանակ դա անընդունելի գործելաոճ է, սակայն այստեղ խնդիրն ավելի խորքային է․ դեռևս 2018 թվականի մայիսին՝ վարչապետն իր քաղաքական կոչ-հանձնարարականով հայտարարեց, որ այսուհետ մաքսային մարմինները պարտավոր են աշխատել կայծակնային արագությամբ։ Շատերը դա ընկալեցին ուղիղ իմաստով։ Տեսականորեն գուցե հնարավոր լիներ այդպես կազմակերպել մաքսային մարմինների աշխատանքը, սակայն վարչապետը հաշվի չառավ մի պարզ բան, որ մաքսային համակարգն այն կառույցն է, որտեղ պահանջվում է արհեստավարժ և մասնագիտական կառավարում, փոխարենը՝ ոլորտի համակարգող նշանակվեց ոլորտից անտեղյակ և երբևէ պետական համակարգում չաշխատած Շուշանիկ Ներսիսյանը:

Նրան նույնիսկ ապօրինի կերպով շնորհվեց մաքսային ծառայության գնդապետի կոչում՝ այդպիսով նսեմացնելով ծառայողական աստիճանասանդուղքով անցած՝ մաքսային համակարգի երկարամյա  բազմաթիվ ծառայողների արժանապատվությունը, ինչն իր հերթին՝ չէր կարող բացասաբար չանդրադառնալ համակարգի կառավարման արդյունավետության և դրական մոտիվացիայի վրա։ Մաքսային համակարգի արհեստավարժ կառավարման էլեմենտներից է նաև վարչապետի նշած՝ հերթերի արդյունավետ կառավարումը։ Բնականաբար, այս ձևաչափով հնարավոր չէ ամբողջությամբ  ներկայացնել այդ և այլ խնդիրների լուծման մասնագիտական հնարավորությունները, որոնք կան։

Ցավոք, այսօր մաքսային համակարգն աշխատում է, այսպես կոչված՝ «ձեռքի ռեժիմով», որտեղ հստակ ընթացակարգերով ղեկավարվելու փոխարեն՝ ավելի հաճախ որոշումներն ընդունվում են սեփական հայեցողությամբ, իսկ այն ընթացակարգերը, որոնք փաստացի գոյություն ունեն, սակայն չեն բերվել իրավական հարթություն կամ չեն կանոնակարգվել՝ պատասխանատուներից որևէ մեկը չի ցուցաբերել և չի ցուցաբերում նախաձեռնողականություն այդ խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Ցանկանում եմ փաստել հետևյալը․ համավարակով պայմանավորված՝ ՀՀ-ում մաքսային ձևակերպումների քանակը կրճատվել է առնվազն 50 տոկոսով, և, եթե նույնիսկ այս պայմաններում մաքսային ոլորտի պատասխանատուներն ի վիճակի չեն լուծել հերթերի կառավարման տարրական խնդիրը, ապա վստահաբար կարելի է պնդել, որ, ի թիվս բազմաթիվ այլ ոլորտների, մաքսային համակարգում նույնպես գոյություն չունի պրոֆեսիոնալ կամ արդյունավետ կառավարում։

Հարկ եմ համարում անդրադառնալ ևս մի քանի չափազանց կարևոր, էական հանգամանքի։ Երբ 2019 թ․ ամռանը վարչապետի կողմից հանձնարարական տրվեց Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու վերաբերյալ, որևէ մեկը չընդդիմացավ, այդ թվում, նախ և առաջ՝  Դ․Անանյանը։ Հակառակը, վերջինս մի բան էլ ավելի ճոխացրեց՝ այն ներկայացնելով՝ որպես արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն։

Երբ ավարտվեց ավտոմեքենաների ներկրման հայտնի բումը, այդ մաքսատունը կամ կենտրոնը, ինչպես կուզեք՝ ձևակերպեք, մնաց գրեթե անգործ, ինչը պարզ էր ի սկզբանե։ Արդյունքում, ըստ հնչած պաշտոնական տվյալների, պետբյուջեից ծախսվեց ավելի քան 6 մլրդ դրամ, որը կարելի է բնորոշել՝ որպես պետական միջոցների անիմաստ վատնում։

Նոր իշխանություններն ի սկզբանե և շարունակ հայտարարել են երկիրը ներդրումների համար գրավիչ դարձնելու անհրաժեշտության մասին։ Կարելի՞ է արդյոք հասնել այդ նպատակին, երբ սկսած 2018 թվականի մայիսից մինչև այժմ կատարվել են հարկային օրենսդրության շուրջ 40 փոփոխություններ։ Միայն այս փաստն ինքնին անկայունություն ու անորոշություն է ստեղծում և պոտենցիալ ներդրողների, և գործող տնտեսվարողների համար։

Եվ վերջապես, շատ է խոսվում 2019 թվականի՝ աննախադեպ հարկային տարի լինելու մասին։ Երբ պետբյուջեի եկամուտներից հանում ենք ավտոներկրումների բումի արդյունքում ստացված հարկերի և մաքսային վճարների ծավալը, ապա դժվար թե տարին հնարավոր լինի համարել աննախադեպ։ Չափազանց կարևոր գործոն էր նաև գունավոր մետաղների համաշխարհային բարձր գները։ Եթե ամեն ինչ այդքան աննախադեպ էր, ապա տրամաբանորեն այդ միտումները պետք է շարունակվեին նաև 2020 թ․, սակայն վերլուծելով պետբյուջեի եկամուտների կառուցվածքը՝ տեսնում ենք այլ պատկեր։

Այսպես․ չնայած այն հայտարարություններին, որ  2020 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ունեցել ենք բյուջեի եկամուտների աճ, սակայն այդ աճը պայմանավորված է եղել գերավճարների գործոնով. պատկերն իրականում այլ է, հիմնական առանձին հարկատեսակների գծով ունեցել ենք մուտքերի անկում կամ նվազում, ինչն արտացոլված է պաշտոնական վիճակագրությունում:

Օրինակ՝ ԱԱՀ-ի գծով մուտքերը նվազել են 22883.8 մլն դրամով, ակցիզային հարկի գծով՝ 7290.7 մլն դրամով, շահութահարկի գծով՝ 34199 մլն դրամով, մաքսատուրքերի գծով՝ 1864.6 մլն դրամով, բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով՝ 4461.9 մլն դրամով, շրջանառության հարկի գծով՝ 1136.2 մլն դրամով, եկամտային հարկի գծով՝ 17200.6 մլն դրամով։

Նույն ժամանակահատվածի տվյալներով՝ առանձին հարկատեսակների մուտքերի նվազմանը  զուգահեռ՝ աճել են ծախսերը։ Ի դեպ, այնպես չէ, որ իրավիճակի վատթարացումը ծագել է՝ միայն կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված։ Ամփոփելով նշվածը՝ կարելի է փաստել հետևյալը․ ըստ էության Դ.Անանյանի հրաժարականի բուն պատճառը պետք է համարել՝ պաշտոնավարումն այլևս «անամպ» շարունակելու անհնարինությունը, ինչպես նաև արդեն առկա, արձանագրված և ապագայում անխուսափելիորեն սպասվող մի շարք փաստերի ու խնդիրների համար պատասխանատվությունից խուսափելու փորձ: Թերևս, ընդունված պրակտիկա է. այդպես ավելի ձեռնտու է, մեկ էլ տեսար՝ մարդիկ ամեն ինչ կմոռանան և բախտի բերմամբ կհիշեն միայն կենսագրության «հերոսական դրվագները»:

Ահա այսպիսի իրավիճակում մեծ է հավանականությունը, որ ՊԵԿ-ում կադրային փոփոխություններն ավելի հաճախակի կդառնան: Ինչևիցե, ՊԵԿ նորանշանակ նախագահին մաղթում եմ հաջողություններ իր դժվարին առաքելությունն իրականացնելու ճանապարհին:

ՀԱՅԿ ՖԱՐՄԱՆՅԱՆ
«Մեկ Հայաստան»  կուսակցության քաղխորհրդի անդամ, տ.գ.թ., դոցենտ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս