«Հնարավոր է, որ կորոնավիրուսն իսկապես բարդացնում է Կավասակի հիվանդության ռիսկերը». Հռիփսիմե Ապրեսյան

Երեկ, երբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ 4 տարեկան երեխայի մոտ, որն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, արձանագրվել է Կավասակիի սինդրոմ, շատերը սկսեցին այդ սինդրոմի ու դրա և կորոնավիրուսի միջև կապի մասին խոսել:

Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս, մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Հռիփսիմե Ապրեսյանը նախ ասաց, որ  այս սինդրոմը նորություն չէ, ապա պարզաբանեց, որ  Կավասակիի հիվանդությունը միջին տրամաչափի անոթների բորբոքում է, որը կարող է լինել տարբեր հիվանդությունների հետևանք: Իսկ Հայաստանում մինչ այս նկարագրված է Կավասակիի սինդրոմի շուրջ 50 դեպք:

«Այսօրվա տվյալներով՝ հնարավոր է, որ իսկապես կորոնավիրուսը բարդացնում է կավասակի հիվանդության ռիսկերը: Սակայն ասեմ, որ մանկական հասակում COVID-ի տարածվածությունը բարձր չէ: Չնայած այս ամենին, միևնույն է, ռիսկեր կան»,- ասաց Հռիփսիմե Ապրեսյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի հնարավոր հետևանքներին երեխաների շրջանում՝ Հրիփսիմե Ապրեսյանն ասաց.

«Այս պահի դրությամբ նկարագրված բարդություններից միայն կավասակի հիվանդության մասին է  հիմնականում խոսվում: Հետագա բարդությունների մասին նոր հիվանդության պարագայում չափազանց դժվար է կանխատեսել: Այս պահին միջազգային տվյալներով նկարագրված՝ մեծամասամբ երեխաների մոտ, առանց բարդությունների, ապաքինումով է  ավարտվում հիվանդությունը, բայց կանխատեսել՝ մի քանի տարի հետո ինչ կլինի, դժվար է»։

Տեսանյութեր

Լրահոս