«Իրավիճակը թողած՝ իշխանությունն ընդդիմության մասին է խոսում, ի՞նչ եք ուզում ընդդիմությունից». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ գայթակղությունը մեծ է անդրադառնալու և արձագանքելու ընդդիմության հասցեին հնչեցրած մեղադրանքներին, սակայն նման գայթակղության ինքը չի տրվի, քանի որ դրա ժամանակը չէ:

«Այսօր իրավիճակը թողած՝ իշխանությունն ընդդիմության մասին է խոսում, ժողովուրդ, ընդդիմության մասին ի՞նչ կա այդքան խոսելու, գործ է պետք անել: Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ և՛ մեր խմբակցությունը, և՛ ԲՀԿ-ն արել է: Կարող եմ արձանագրել, որ երկու խմբակցությունների որևէ առաջարկ չի ընդունվել, հիմա ամեն ինչ արվել է ձեր ասածով, ձեր պլանով իրականացվել է հակաճգնաժամային պայքար, այն, ինչը որ կա, ձեր ասածներով է արվել, ի՞նչ եք ուզում ընդդիմությունից»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարը դժգոհեց՝ ով գալիս է՝ ընդդիմությունից է խոսում, ի՞նչ կա ընդդիմության հետ, երկրում ստեղծվել է վատ իրավիճակ, վատ տվյալներ:

«Ամբողջ աշխարհում էլ ընդդիմությունը կարող է տալ միայն առաջարկներ, այլ բան անել չի կարող: Տվել ենք առաջարկներ, չեք ընդունել, արել եք ձեր ուզածով, ու կա այն, ինչ կա, հիմա ի՞նչ եք ուզում»,-հավելեց նա:

Էդմոն Մարուքյանը նաև ընդգծեց, որ ընդդիմությունը կողմ է իշխանական պատգամավոր Նարեկ Զեյնալյանի ներկայացրած նախագծին՝«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ, սակայն նույն իշխանությունն ուզում է, որ նախագիծը չընդունվի, իսկ ընդդիմությունն էլ ասում է, որ նախագիծը հրատապ է, և այն պետք է ընդունվի:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է մեկուսացված և ինքնամեկուսացված վարձու աշխատողներին տրամադրել նպաստ՝ ժամանակավոր անաշխատունակության տրամաբանության սահմաններում: Սակայն Նարեկ Զեյնալյանը՝ որպես հիմնական զեկուցող, կոչ էր արարել  դեմ քվեարկել նախագծին, քանի որ Կառավարությունն առաջարկել է դադար վերցնել՝ որոշակի հաշվարկներ անելու համար:

Տեսանյութեր

Լրահոս