Հունան Պողոսյանի վախերը
Սյունիքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները հանրության ուշադրությունը սևեռել էին Հայաստանի հարավային դարպասի ուղղությամբ, որի անառիկությունը պահելու պարտականությունը դրված է Հին Հայաստանի ամենաոչթավշյա կառույցներից մեկի ներկայացուցչի վրա։ Գուցե հենց դա է պատճառը, որ լարվածության տևական ավարտից հետո էլ ոստիկանական ուժերը դեռ շարունակում են կուտակված մնալ Կապանում։
Մի առիթով Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, այն ժամանակվա փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հասցեին արտահայտվելիս՝ նշել է, որ փոխոստիկանապետի արածը կարող է ընդունելի լինել միայն «բեսպրեդելի» համար: Վարքագիծ, որ որդեգրել են Հայաստանում իշխանություն վերցրածները:
Իսկ «բեսպրեդելն» այն է, ինչից վախենում են թե՛ օրինապաշտ քաղաքացիները, թե՛ սեփական օրենքներով առաջնորդվող գողական աշխարհը: Իսկ ինչի՞ց է վախենում Հունան Պողոսյանը, ով իր պարտականություններն իրականացնելու փոխարեն, շուրջ 10 օր է՝ ոստիկանական ուժերին չի թողնում հեռանան մարզից, կարծես թե ուզենալով արդեն իշխանավոր դարձած նախկին ընդդիմադիր Փաշինյանին համոզել, որ «բեսպրեդելն» այդքան էլ վախենալու չէ, և, որ դրա հաստատումը մարզում միգուցե հնարավորություն տա այդպես էլ Սյունիք չհասած հեղափոխությունը տեղ հասցնել։ Գուցե դժվար է մեղադրել նախկին փոխոստիկանապետին, ով թավշյա ծափերից հետո էլ շարունակում է ծածուկ երազել ոստիկանապետի պաշտոնի մասին, որն իրեն այդպես էլ չվստահվեց, բայց անվիճելի է, որ մարզպետը, բացի մանկապարտեզների հանդեսներից ու իր հետ կապ չունեցող 100 փաստի արձանագրումից, պետք է աշխատի։
Միգուցե քաղաքական ճաշակի հարց է, բայց «Նոր Հայաստանում», որտեղ, ըստ օդում կախված լուրերի՝ քաղաքացիները հպարտ են, չափազանց տգեղ են այդ հպարտությունը ոստիկանական ուժերով ճնշելու փորձերը, հատկապես՝ այն պարագայում, երբ այդ ճնշումները բացառապես մարզպետ Պողոսյանի վախերի դրսևորումներն են։