«Առևտուրը պակասել է, բայց պետական որևէ աջակցություն չենք ստացել». Կորոնավիրուսի հետևանքները
Արտակարգ դրության ընթացքում միրգ-բանջարեղենի առևտուրը չի արգելվել, բայց մեր հարցումները ցույց տվեցին, որ համավարակի հետևանքները զգացել են նաև շուկաների աշխատակիցները: «Մեյմանդար»-ի շուկայում վաճառողների մեծ մասը պնդում է, որ առևտուրը պակասել է, ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել, չնայած դրան, իրենցից շատերը որևէ պետական աջակցություն չեն ստացել, քանի որ գյուղմթերքի առևտրի ոլորտում սահմանափակումներ չեն եղել:
«Ահագին պակասել է առևտուրը: Ֆինանսական խնդիրների լուծման մասին չեմ ուզում խոսել: Պետական որևէ աջակցություն չեմ ստացել ոչ մի ծրագրից»:
«Որ ասեմ՝ շատ է պակասել, շատ չի պակասել, բայց ֆինանսական խնդիրներ առաջացել են: Մի կերպ լուծում ենք, թոշակով, մի կերպ առևտուր ենք անում, մի կերպ ծայրը ծայրին հասցնում ենք: Պետական որևէ աջակցություն չենք ստացել, քանի որ մեր ոլորտը շարունակել է աշխատել: Ինչ վերաբերում է շուկան բացել-փակելուն, ապա, որ փակում են՝ նստում ենք տանը, խնդիրներ են առաջանում, սրանով ենք ապրում, չլինի՝ չենք գոյատևի»:
«Հա, շատ է պակասել առևտուրը: Ֆինանսական խնդիրները մի կերպ ենք լուծում: Պետական աջակցություն ստացել եմ, բայց դա որևէ բանի չի բավարարում»:
«Անպայման պակասել է: Մի ձև փակում են առաջացած ֆինանսական խնդիրները: Պետական աջակցություն ստացել եմ, երեխաների համար գումար են տվել, մի կերպ է բավարարել»:
«Չէի ասի, որ պակասել է, նորմալ է: Մեր շուկան պարբերաբար փակվում է, բայց մենք աշխատում ենք պահել կանոնները, օրենքին հետևենք, մեր գործն անենք: Իսկ սոցիալական խնդիրներ միշտ էլ կան, հատկապես վիրուսով պայմանավորված՝ ավելացել են»:
«Ես վերավաճառող եմ: Առևտուրը, իհարկե, պակասել է, որովհետև ապրանքն է շուկայում պակասել, չկա, որ առնենք, տանենք-վաճառենք»:
«Չէ, չի պակասել: Պետական աջակցություն չենք ստացել, չենք էլ ուզում»:
«Առևտրի պակաս կա: Աստծու հույսին ապրում ենք, թե երբ կկարողանանք ապրանքը ռեալիզացնել: Որ ասեմ՝ բերքը մնում է, չի մնում: Մի քանի ժամ տարբերությամբ կարողանում ենք ռեալիզացնել: Մեկ անգամ եմ պետական աջակցություն ստացել՝ 26.500 դրամ, դա ոչ մի բան չի փոխում, լավ, մի ամիս դրանով ապրեցին, բա հետո՞»:
Կորոնավիրուսի հետևանքով ծագած դժվարությունների մասին պատմում էին «Մեյմանդար» շուկայի վաճառողները։