«Չունենք նման կարգավորում, որ ում 12 տարին լրացել է, նրանց աշխատանքից ազատեն, մնացածին թողնեն». Սահմանադրագետը՝ ՍԴ-ի շուրջ գործընթացների մասին

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին այս նախագիծն ընդդիմությունը որակում է հակասահմանադրական:

Ըստ ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանի՝ ԱԺ-ի լիազորությունների մեջ մտնում էր սահմանադրական փոփոխությունների նկատառումով հանրաքվեի նախաձեռնումը, թեև այդ հանրաքվեն նշանակված էր Սահմանադրության  ընթացակարգերի խախտմամբ: Իսկ որոշումը չեղարկելու նախագծի մասին՝ 168.am-ի հետ զրույցում նա մանրամասնեց.

«Խնդիրը հետևյալն է՝ հանրաքվե էր նշանակված Սահմանադրության դրույթը փոփոխելու համար, թեպետ դա նշանակված էր Սահմանադրության ընթացակարգերի խախտմամբ, հիմա նորից հետ են բերել խորհրդարան: Տեսե՛ք, օրենսդրության մեջ ոչ թույլատրվում է, ոչ արգելվում է:

Մի կողմից՝ ասում ենք՝ պետական մարմինը պետք է միայն իր լիազորությունների շրջանակներում առաջնորդվի, այսինքն՝ ինչ իրավասություն ունի՝ դրանից դուրս չի կարող գալ: Հիմա՝ հանրաքվե նշանակելու իրավունքն ունի, բայց չեղարկելու իրավունքը չունի, բայց մյուս կողմից էլ՝ պետական ցանկացած մարմին, որը կայացնում է որոշում, իրավունք ունի իր կայացրած որոշումը չեղարկել:

Եթե 2/3-ով Սահմանադրության 213-րդ դրույթի փոփոխման խնդիրը լուծվի, տարբերությունը մեծ չի լինի, քանի որ երկուսն էլ, ըստ էության, սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ են, այսինքն՝ առանց Սահմանադրական դատարանի որոշման: Սա է խնդիրը»:

Իշխանությունները ՍԴ-ի շուրջ գործընթացները որոշել են տեղափոխել խորհրդարան, ու թեև նախագիծ դեռ չկա՝ որոշ փակագծեր, այնուամենայնիվ, բացել են. առաջարկում են ՍԴ նոր նախագահ ընտրել, 12 տարի պաշտոնավարած դատավորներին հեռացնել. սա որքանո՞վ է օրինական և հնարավոր՝ հարցին ի պատասխան՝ Վարդան Այվազյանը նշեց.

«Մենք Սահմանադրության անցումային դրույթներում չունենք նման կարգավորում, որ ում 12 տարին լրացել է, նրանց աշխատանքից ազատեն, մնացածին թողնեն:

Ուղղակի, եթե կա օրենքի կամ Սահմանադրության խախտում, ապա այդ խախտման ընթացակարգերով ցանկացած ցանկալի որոշում կամ ցանկալի լուծում կարելի է գտնել»:

Սահմանադրագետը հավելեց՝ ցանկացած լուծում Սահմանադրությանը հակասող կլինի, թեպետ, ըստ նրա՝ Սահմանադրության կարգավորումները, որոնք կան այսօր, անտրամաբանական են և նենգափոխված:

Տեսանյութեր

Լրահոս