Ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը կրկին հիշեց Երևանի մասին

«Ռազմատենչ հռետորաբանությունը ոչ միշտ է ենթադրում պատերազմ վերսկսելու ցանկություն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության  շուրջ ռազմական հռետորաբանության սաստկացմանը։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հիշել էր Երևանի մասին՝ Հայաստանի մայրաքաղաքը որակելով՝ որպես ադրբեջանական հին քաղաք։

Նա մասնավորապես նշել է․ «Մեր հին քաղաք Էրիվանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»։

Սրան ի պատասխան՝ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն ասել էր.

«Եթե ուժի միջոցով հարցի լուծման ճանապարհն եք ընտրել, ապա մենք պատրաստ ենք: Պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են լինելու: Այն, ինչ ունեցել ենք 1994 թվականին, կունենանք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել: Դուք հնարավորություն ունեք Ձեր «պատմական անճշտությունները» շտկելու, սակայն Ադրբեջանի համար դա լինելու է կործանարար»:

Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ռազմական գործողությունների վերսկսման կոնտեքստում այս հայտարարությունները դիտարկելիս պետք է հաշվի առնել իրավիճակը և հնարավորությունները։

Ըստ նրա, Ղարաբաղյան թեման մշտապես առկա է Ադրբեջանի ներքաղաքական դիսկուրսում, որոշ զարգացումների ֆոնին այն ակտիվանում է, ռազմական հռետորաբանությունը, անկախ իրական քաղաքական պատրաստակամությունից՝ խորանում։

«Չնայած կա կորոնավիրուսի խնդիրը, ներքաղաքական պայքարը ոչ մի երկրում ետին պլան չի մղվել, ներքին դիսկուրսը է՛լ ավելի սրված է, քանի որ կան տնտեսական խնդիրներ. նավթի գներն են նվազում, Ադրբեջանի տնտեսության հիմնաքարը հենց այդ ոլորտն է, կա նաև կլանային պայքար, այն դեռ շարունակվում է, թեև Ալիևը փորձում է հաղթանակ գրանցել՝ մեկընդմիշտ լուծելով այդ հարցը։

Այս իրավիճակում ռազմատենչ հռետորաբանությունն ուղղորդում է հանրային տրամադրություններն Արցախյան հիմնահարցի ուղղությամբ՝ տպավորություն ստեղծելով, թե այն այս պահին երկրի համար թիվ մեկ կարևորության թեման է։ Բայց հասարակությունների գիտակից հատվածը հասկանում է, որ դա այդպես չէ, և պատերազմների ամենալավ ժամանակը չէ, թեև երբեք էլ պատերազմելը  նախընտրելի ելք չէ, երբ կա քաղաքական կարգավորման հնարավորություն։

Ներկայումս այդպիսի հնարավորություն չկա ԼՂ հակամարտության դեպքում, բայց ռազմական գործողությունների վերսկսումը ևս քիչ հավանական է թվում, թեև բացառել չի կարելի։ Ուստի պետք է հաշվի առնել և քննարկել այս հայտարարությունների ավելի լայն կոնտեքստը։ Առաջին անգամը չէ, երբ նման հայտարարություն է հնչում, բայց ռազմական գործողություններ չեն սկսվել, նման փորձ եղել է մեկ անգամ, այն կարող է կրկնվել, սա չպետք է մոռանալ, բայց լինել իրատես»,- ասաց Սկակովը։

Նրա խոսքով՝ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի։

Սկակովի կարծիքով՝ միջազգային զսպման մեխանիզմներ այս դեպքում չկան։ «ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է հավասարակշռված դիրքորոշումներ արտահայտել՝ չկորցնելու համար այդ մանդատը և կապը հակամարտող կողմերի հետ, իսկ այլ հարթակներում քննարկվում են հրադադարի հաստատման մասին փաստաթղթեր, որոնց արդյունավետությունն ինձ համար կասկածելի է։

Ալեքսեյ Մալաշենկոն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ որպես պատերազմի չվերսկսումը զսպող գործոն՝ պետք է դիտարկել ռազմական հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջև։

«Հայտարարություններ միշտ լինելու են, դա պետք է դիտարկել՝ որպես տեղեկատվական պատերազմի կամ հակառակորդի նկատմամբ ճնշումների գործիք, բայց փաստն այն է, որ պատերազմի չվերսկսման հարցում որոշիչը ռազմական հավասարակշռությունն է, որը փորձում է պահպանել Ռուսաստանը։ Հենց այդ պատճառով էլ կա կողմերի միջև անընդհատ ռազմական մրցավազքը, զինտեխնիկայի գնումներ, առավելության ձգտում, որը զսպող գործոն է։ Հենց այդ հավասարակշռությունն էապես խախտվի, կարելի է մտահոգվել, և դա թույլ տալ չի կարելի։ Բանակցություններին զուգահեռ՝ կարծում եմ՝ կողմերը փորձում են անընդհատ առավելության հասնել, և դա անդադար գործընթաց է»,- ասաց վերլուծաբանը։

Հարցին, թե ինչո՞ւ համանախագահները կամ միջազգային հանրությունը չեն զսպում Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը՝ արդեն ուղղված Հայաստանի մայրաքաղաք Երևանին, Մալաշենկոն պատասխանեց․

«Նման անիրատեսական հայտարարություններ շատ են արվում, համանախագահներն ընդհանրապես դրանց չեն արձագանքում՝ դրանց վերաբերյալ նկատառումներն ունենալով, իսկ միջազգային հանրության ուշադրությունը գուցե պետք է հրավիրել նման հայտարարությունների վրա։ Ամեն ինչ չէ, որ նկատվում է։ Բացի դրանից, սա արդեն սովորական դարձած հռետորաբանություն է, լուրջ չեն ընդունվում նման սպառնալիքները, քանի որ անիրատեսական են և կտրված իրականությունից»։

Տեսանյութեր

Լրահոս