«10 օրից ավելի պայքարում են, որ վիճակը կայունանա». ծեծված փոխգնդապետի վիճակը կտրուկ վատացել է

Վայոց ձորում նախորդ տարի սեպտեմբերին ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը կտրուկ վատացել է. 168.am-ի հետ զրույցում ասաց սպայի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:

«Ճնշումն է ընկել, արյուն է կորցրել: Բժիշկները կյանքի համար են պայքարում: Հսկողության տակ է»:

Կարեն Մխիթարյանը պատմեց, որ բժիշկները որոշ ժամանակ առաջ առաջարկել էին սպային տուն տեղափոխել և այնտեղ շարունակել բուժումը, սակայն մինչև նման որոշում կկայացնեին, վիճակը վատթարացել է:

«Այս խոսակցությունից հետո իր վիճակը միանգամից վատացավ: 10 օրից ավելի է՝ պայքարում են, որ վիճակը կայունանա, դեղորայքը միացված, շնչառական ապարատը միացրած: Մինչև այս էլ որևէ դրական տեղաշարժ չի եղել, կոմայի մեջ է եղել»,- ասաց Կարեն Մխիթարյանը:

Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանն արդեն մոտ 9 ամիս գտնվում է կոմայի մեջ: Սպային ծեծելու գործով մեղադրանք է առաջադրված երկու եղբայրների՝ Հարություն և Զավեն Գրիգորյաններին: Մեղադրյալներից մեկը՝ Զավեն Գրիգորյանը, մարտի 6-ին ազատ էր արձակվել 1.5 մլն գրավի դիմաց: Հարություն Գրիգորյանը, որը Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնականն էր, դեռ կալանքի տակ է: Երկուսին էլ  մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով:

Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, դեպքի վայրում եղել է 7-8 մարդ, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Տեսանյութեր

Լրահոս