«Երբ առողջապահության նախարարը հայտարարում է, որ մնացել է 32 ռեանիմացիոն մահճակալ, դա նշանակում է իտալական սցենարի կրկնողություն, այսինքն` շուտով մարդիկ մայթերին են մնալու». Վահե Հովհաննիսյան
«Այն, որ մենք առաջիկայում ունենալու ենք հարյուր հազարավոր նոր գործազուրկներ, կասկածի տեղիք չի տալիս: Այն, որ կլինեն հազարավոր փակվող բիզնեսներ, նույնպես կասկածի տեղիք չի տալիս»,- Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը` նշելով, որ ինչ լրջությամբ որ մեր իշխանությունը վերաբերվում է վիրուսին, նույն լրջությամբ էլ վերաբերվում է տնտեսությանը:
Ըստ Վահե Հովհաննիսյանի` իրավիճակը փրկելու համար անհրաժեշտ է հակաճգնաժամային թիմ, ինչ-որ առումով այսպես կոչված քաղաքական ինքնասպանների թիմ, և գալու է մի վիճակ, որը ենթադրելու է նոր կառավարության ձևավորում:
Նա կարծում է, որ այսօր մեր իշխանության առջև բազմաթիվ ծուղակներ կան, և դրանցից ամենավտանգավորն այն է, որ մեր իշխանությունը մտածում է, որ համավարակի պայմաններում Ադրբեջանը պատերազմ չի սանձազերծի, ինչը մեծ մոլորություն է, և մենք ամեն ինչ պետք է անենք` թույլ չտալու համար Ադրբեջանին դրա սանձազերծումը:
«Լինում են պետություններ, հասարակություններ, որոնք իրենց հիմարության պատճառով անում են մեծ սխալներ, բայց ես վստահ եմ, որ մենք չենք կարող դա թույլ տալ»,- ասաց Վահե Հովհաննիսյանը` ընդգծելով, որ, այո, մեզ պետք են քաղաքական փոփոխություններ:
Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ ապագայի իշխանությունում պետք է լինեն կիրթ մարդիկ, և կարևոր չէ, թե նրանք ինչ կուսակցություն են ներկայացնում:
«Երբ հումանիտար աղետը գա մեզ մոտ, էլ չեն հարցնելու, թե այդ մանդատն ով է տվել: Երբ այսօր առողջապահության նախարարը հայտարարում է, որ մնացել է 32 ռեանիմացիոն մահճակալ, դա նշանակում է իտալական սցենարի կրկնողություն, այսինքն` շուտով մարդիկ մայթերին են մնալու: Եվ այդ ժամանակ ավեի վատ է լինելու, քան 2019թ. հոկտեմբերի 2-ին, երբ մի քանի հազար հոգով ցանկացած քվեարկություն իրականացրին: Գալու է մի պահ, որ ժողովուրդը հարյուր հազարներով փողոցում ասելու է` հերիք եղավ»,- ասաց Վահե Հովհաննիսյանը և հավելելով, որ այնուամենայնիվ, մի քանի հոգի ամեն գնով փորձելու են պահել իշխանությունը:
Ըստ «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանի` Մեր օրակարգն ու մեր ռեալ պրոբլեմները կապ չունեն իրար հետ, և աղետալի է, երբ իշխանությունների օրակարգում Արցախի հարցն ու համավարակի խնդիրներն իրենց կարևորությամբ զիջում են ՍԴ-ն ցրելու, Քոչարյանին բանտում պահելու հարցերի կարևորությանը:
Վահե Հովհաննիսյանը վստահ է` Նիկոլ Փաշինյանն ունի մեկ վախ` իշխանություն կորցնելը:
Մանրամասները` տեսանյութում: