Բաժիններ՝

«Հանրությանը պետք է ոստիկանի տեսակի փոփոխություն». Արկադի Խաչատրյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի խոսքով, որպեսզի ոստիկանական համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումները չլինեն մակերեսային, անհրաժեշտ են որակական փոփոխություններ:

«Հազիվ թե մեր հանրությանը հետաքրքրի բուն ծառայության անվանումը, հանրությանը պետք է ոստիկանի տեսակի փոփոխություն»,- խորհրդարանում  ելույթի ժամանակ նշեց պատգամավորը՝ անդրադառնալով Հայաստանում պարեկապահակային ծառայության համակարգի ներդրմանը:

Պատգամավորն Արդարադատության փոխնախարարին կոչ արեց ավելի մանրամասն ներկայացնել այն չափանիշերը, որոնք պետք է ոստիկանությունում ապահովեն որակական փոփոխություններ:

«Եթե հիմա մենք թողնենք նույն ոստիկանին, պարզապես ծառայության անունը փոփոխենք, ապա որևէ ինստիտուցիոնալ փոփոխություն տեղի չի ունենա: Եթե նոր մրցույթներ ենք անցկացնում և դնում ենք նոր որակական պահանջներ, շատ կարևոր է, որ սահմանվեն նոր չափանիշեր: Շատ կարևոր է ոստիկանի կրթական մակարդակի կատարելագործումը և ընդլայնումը, որը միանգամից չի լինելու, պետք է զուգահեռաբար արվի:  Եթե համակարգային պատրաստ չլինենք և հենց այնպես այսօր հայտարարենք մրցույթ և չկարողանանք հավաքել կամ չափանիշերը չապահովել՝ պարզապես կունենանք մակերեսային փոփոխություններ»,- շեշտեց պատգամավորը և Կառավարության ներկայացուցչին  կոչ արեց իր նշած հարցերին ավելի մեծ ուշադրություն դարձնել:

Հիշեցնենք, որ «Ոստիկանության մասին» և  «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո, նախ՝ Երևանում, ապա՝ ՀՀ ողջ տարածքում կձևավորվի պարեկապահակային ծառայություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս