Բաժիններ՝

«Մի օր իշխանությունը կտեսնի, որ այլևս ոչ մի հենարան չունի». Հարություն Մեսրոբյան. «Անկախ»

Երբ ջունգլիներում երաշտ է, գազանները ժամանակավորապես դադարում են իրար վրա հարձակվել: Եվ եթե մի տեղ ջուր խմելու հնարավորություն կա, զոհն ու գիշատիչը մոտենում են այդ ջրին ու խաղաղ խմում՝ առանց իրար վրա հարձակվելու: Մենք ջունգլիների գազանների չա՞փ էլ չկանք…

Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը:

-Պարոն Մեսրոբյան, Դուք առաջինն էիք, որ դեռևս մեկ ամիս առաջ հայտարարեցիք Հակաճգնաժամային խորհուրդ ստեղծելու անհրաժեշտության մասին՝ կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու և ստեղծված իրավիճակում երկիրը պրոֆեսիոնալ թիմով կառավարելու նպատակով: Այսօր արդեն կառավարության հրաժարականի, ժամանակավոր կամ հակաճգնաժամային կառավարություն ստեղծելու մասին խոսում են շատերը: Ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս իրավիճակն այնպիսին է, որ այս կառավարությունը պետք է օր առաջ հրաժարական տա: Եթե այո, ապա ի՞նչ ճանապարհով:

-Ճգնաժամը միշտ պահանջում է հատուկ միջոցառումներ, որովհետև ճգնաժամի ժամանակ, ի տարբերություն սովորական վիճակի, ստանդարտ մեթոդները չեն աշխատում: Դա ճգնաժամի առանձնահատկություններից մեկն է: Հետևաբար ճգնաժամի ժամանակ շարունակել աշխատել նույն մեթոդներով ու գնալ նույն ճանապարհով, նշանակում է պետությունը տանել փլուզման:

Ես հետևյալ առաջարկն էի արել. նախևառաջ նորագույն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բոլոր նախագահներն ու վարչապետները կամավոր հիմունքերով ստեղծում են Հակաճգնաժամային խորհուրդ (ընդ որում ոչ մի բացառություն չպետք է լինի), որից հետո այդ խորհուրդն իրականացնում է հետևյալ 4 գործառույթները.

3 օրվա ընթացքում ընդունում է համատեղ ուղերձ ողջ հայությանը:
5 օրվա ընթացքում որոշում է 1991 թվականից առ այսօր ՀՀ և Արցախի Հանրապետության լավագույն նախարարներին` փաստացի որոշելով պրոֆեսիոնալ կառավարության կառուցվածքը և կազմը:
10 օրվա ընթացքում ընդունում է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հանգուցային հակաճգնաժամային միջոցառումների հայեցակարգ:
14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարում է ռոբաստ («robust») կառավարման մեկնարկի մասին՝ նշանակելով դրա համակարգողին:
Ռոբաստ («Robust») կառավարումը ճգնաժամի ժամանակ ամենաարդյունավետ կառավարման ձևն է աշխարհում, որը մշակվել է անգլոսաքսոնական կառավարման դպրոցի կողմից 20-րդ դարի կեսերին: Օրինակ, Չինաստանը կորոնավիրուսի ժամանակ դրա տարրերը կիրառեց Ուհան քաղաքում, և բոլորս տեսանք, թե ինչպես խնդիրը բավականին արագ բռի մեջ վերցվեց ու լուծվեց: Փաստացի այսօր 1,4 միլիարդանոց Չինաստանում ավելի քիչ են վարակվում, քան 3 միլիոնանոց Հայաստանում:

-Ի՞նչ մեխանիզմներով եք պատկերացնում Ձեր առաջարկի իրականացումը, հատկապես, որ իշխանությունը չի գիտակցում և չի էլ ուզում ընդունել, որ կառավարման իմաստով լուրջ խնդրի առաջ է կանգնած:

-Նախ խնդրի առաջ կանգնած ենք բոլորս` և’ իշխանությունը, և’ ընդդիմությունը, և’ ժողովուրդը: Իսկ մենք հերթական անգամ դա չգիտակցելով, մեր սովորության համաձայն, ամպագոռգոռ հայտարարությունների ներքո կարող ենք փլուզել պետությունը: Դա նույնն է, որ հիվանդը գնա վիրաբույժի մոտ, միակ բուժումը լինի վիրահատությունը, բայց հիվանդը հրաժարվի վիրահատությունից: Ի՞նչ կլինի դրա հետևանքով: Մահ: Կառավարման օրենքներն ամեն տեղ նույնն են՝ թե՛ բժշկության մեջ, թե՛ պետական կառավարման մեջ, թե՛ բիզնեսում, թե՛ համայնքում, թե՛ անգամ ընտանիքում:

-Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ի պատասխան հակաճգնաժամային կառավարություն ստեղծելու մասին հարցին, ասաց, որ պարետատունը, անհրաժեշտությունից ելնելով, հաղորդակցվում և քննարկումներ է կազմակերպում առանձին մասնագետների, անհատների, կառույցների հետ: Այսինքն, իշխող կուսակցության ներկայացուցիչները համոզված են, որ պարետատունը պատշաճ կերպով կատարում է իր գործաույթները, և հակաճգնաժամային կառավարություն ստեղծելու անհրաժեշտություն չկա:

-Պարետատունն ընդամենը բուն համավարակը լոկալիզացնելու նպատակով ստեղծված, տեխնիկատեխնոլոգիական հակաճգնաժամային քայլեր կատարող մարմին է: Դա է այդ մարմնի տրամաբանությունը և ոչ ավելին: Պարետատունը չունի այն գործառույթները, ինչ հակաճգնաժամային խորհուրդը և կառավարությունը: Ի դեպ, պարետատան ճիշտ աշխատելու մեխանիզմի մասին նույնպես մոտ երկու ամիս առաջ խոսել եմ և հրապարակավ առաջարկություններ արել: Թող կարդան և անեն:

-Կորոնավիրուսային իրավիճակը վկայում է, որ շուտով Հայաստանը կդառնա տարածաշրջանային Իտալիա, մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարն այս ամենի ֆոնին կասկածի տակ է դնում հարևան Վրաստանի հաջողությունները համավարակի դեմ պայքարում՝ ստեղծելով դիվանագիտական սկանդալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությանը:

-Ես ընդհանրապես կոնկրետ մարդկանց խոսքերը չեմ մեկնաբանում, այլ գնահատում եմ պաշտոնատար անձանց որոշումները և քայլերը: Թորոսյանի քայլը վկայում է այն մասին, որ չկա համակարգված կառավարում, և ով ինչ ուզում, խոսում է, դրա համար էլ այսպիսի վիճակ է: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանն ընդամենը երկու ճանապարհ ունի. դեպի Վրաստան և դեպի Իրան: Այդ երկու ուղղությամբ էլ պետք է չափից դուրս հաշվենկատ ու զգույշ լինել: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանի հաջողություններին, միայն կարող եմ ասել, որ մենք մեր խնդիրը պետք է լուծենք, ոչ թե քննարկենք՝ ուրիշները լավ են անում, թե վատ: Դա մեզ ի՞նչ է տալիս, ոչինչ: Սա ևս վկայում է, որ մենք 1991 թվականից մինչ օրս չունենք պրոֆեսիոնալ կառավարող թիմ: Ուղղակի հիմա խնդիրն է՛լ ավելի է սրվել, քանի որ մենք գտնվում ենք, այսպես կոչված, «կատարյալ փոթորկի» մեջ: Կառավարման մեջ «կատարյալ փոթորիկ» է կոչվում այն իրավիճակը, երբ նույն վայրում միաժամանակ կուտակվում են մի քանի ճգնաժամեր: Հիմա մենք այդ վիճակում ենք՝ կորոնավիրուսային ճգնաժամ, գերտերությունների միջև հակասությունների սրացման ճգնաժամ մեր տարածաշրջանում, մեր երկրի պետական կառավարման ճգնաժամ, էներգակիրների համաշխարհային ճգնաժամ, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա ճգնաժամ և այլն:

-Պարոն Մեսրոբյան, մաքսանենգ ծխախոտի թեման փաստացի չհերքվեց իշխանությունների կողմից, փոխարենը Նիկոլ Փաշինյանն իր վրդովմունքը հայտնեց բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրեն չեն հավատում՝ հայտարարելով, որ չի պատրաստվում հերքել ներկայացվող մեղադրանքները: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ գոնե ձևական գործ չհարուցվեց և փորձ չարվեց ապացուցելու, որ այդ ամենը կեղծիք է, եթե, իհարկե, իսկապես կեղծիք է:

-Ցանկացած պետական այր, մարդ, որը զբաղեցնում է տեսանելի պաշտոն, պետք է պատրաստ լինի ամենաուշադիր դիտարկման, քննադատությունների և մեղադրանքների: Եթե քննադատությունը, դիտարկումը կամ մեղադրանքը տեղին չէ, հերյուրանք է, ապա իշխանություններն ունեն կառավարչական բոլոր ռեսուրսները փաստարկված ձևով հերքելու այդ ամենը, որպեսզի մարդկանց մոտ վստահությունը չսասանվի: Իսկ նման արձագանքը, որը մենք տեսնում ենք, բումերանգի պես խփելու է հենց իշխանությանը: Դա արդեն իրենց խնդիրն է, թող մտածեն: Եվ սա ոչ թե իմ անձնական կարծիքն է, այլ պետական կառավարման կանոններից մեկը: Նման վերաբերմունքը պետական այրերի համար ունի կոմուլյատիվ, այսինքն կուտակային բնույթ: Այդ ամենը կուտակվում է, և մի օր իշխանությունը կտեսնի, որ այլևս ոչ մի հենարան չունի:

Իշխանությունները գրեթե ամեն օր մանր, միջին ու մեծ սխալներ են անում, և այդ ամենը կուտակվում է: Պրոցեսը երկու ուղղությամբ է գնում՝ մի կողմից դա հատված առ հատված հորիզոնական տարածվում է հասարակության տարբեր զանգվածների վրա, մյուսը գնում է ուղղահայաց, ավելի խորքային ուղղությամբ, այն մարդկանց ուղղությամբ, որոնք ժամանակին ներկա իշխանության հենարանն էին և հիմա կամաց-կամաց հիասթափվում են: Նույնը եղել է մեր բոլոր նախորդ ղեկավարների հետ: Հիշում եք, Լևոն Տեր-Պետրոսյանը 80 տոկոս և ավելի ձայնով դարձավ նախագահ, հետո թվում էր, որ մարսեց 1996-ի ճգնաժամը, բայց 1998 թվականին գրեթե ոչ ոք այլևս նրա կողքին չէր, և նրա իշխանությունը չդիմացավ ու հեռացավ: 2018-ին էլ նույն էֆեկտը եղավ: Այսինքն, կոմուլյատիվ օրենքը միշտ աշխատում է, և անպայման գալիս է մի պահ, երբ իշխանությունն ինչ-որ կերպ փլվում է: Պետական նման կառավարման պայմաններում ներկա իշխանությունները նույնպես բացառություն չեն լինելու այն պարզ պատճառով, որ կառավարումը հիմնված է կյանքի օրենքների վրա, որոնք անփոփոխ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս