Բաժիններ՝

Սմբատ Գոգյանը՝ դռնփակ նիստի և ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի վերաբերյալ նախարարի կոչի մասին

Երեկ կայացավ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի և գրագողության առկա խնդիրների վերաբերյալ:

Թեև Մխիթար Հայրապետյանը Սմբատ Գոգյանի հարցին ի պատասխան՝ ֆեյսբուքյան մեկնաբանություններում հաստատել էր, որ նիստը կանցկացվի բաց, այդուհանդերձ, մեկնարկից առաջ Մ. Հայրապետյանը հանձնաժողովի անդամներին առաջարկեց նիստն անցկացնել դռնփակ:

168.am-ի հետ զրույցում ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն անդրադարձավ նիստի մի քանի դրվագի.

– Ինչո՞ւ դռնփա՞կ, եթե Մ. Հայրապետյանն այլ բան էր խոստացել:

– Տեղյակ չէի, որ փակ է լինելու. Հանձնաժողովի անդամներին հարցրեք՝ ես չեմ քվեարկել:

– Արդյո՞ք նիստում լսել են Ձեր բարձրացրած բոլոր հարցերը:

– Նիստին ինչքան հարց եղել է՝ քննարկվել է:

– Բոլոր հարցերի պատասխանները ստացե՞լ եք:

– Ոչ բոլոր. Ինչպես պարոն Մխիթար Հայրապետյանն ասաց ՝ գուցե էլի նիստեր լինեն, դեռ շարունակենք:

– Հակափաստարկներ ունե՞ր պարոն Գ. Թամրազյանը:

– Չեմ կարող մեկնաբանել, որովհետև նիստը դռնփակ է եղել:

– Երեկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց՝ ՀՊՏՀ-ում առաջիկա օրերին կհայտարարվի մրցույթ՝ ռեկտորի ընտրության համար: Նա կոչով դիմեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարին. Մեջբերում եմ. «Դիանա Գալոյանին կոչ եմ անում և հորդորում եմ՝ ելնելով այս բոլոր գործընթացներից, թեպետ մրցույթը հոգաբարձուների խորհուրդն է կազմակերպելու, բայց ելնելով հավասար պայմաններ ապահովելու, տարբեր ասեկոսեներից զերծ մնալու անհրաժեշտությունից, հորդորում եմ հրաժարվել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից և դրանով վերջնականապես զրոյացնել և թույլ չտալ, որ որևէ կերպ մրցույթը ստվերվի»: Սա որքանո՞վ է առնչվում Ձեր բարձրաձայնած մտահոգություններին:

– Ամեն դեպքում ռեկտորի մրցույթի մասնակցելն ու իմ ասած փաստերն իրար հետ կորելացիա չունեն:

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը Սմբատ Գոգյանի բարձրաձայնած խնդիրների առնչությամբ գրառում էր կատարել՝ նշելով, որ այն պետք է ընդունել՝ որպես հաղորդում հանցագործության մասին.

«Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ Սմբատ Գոգյանի՝ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։

Այսինքն՝ այդ հայտարարությունն առերևույթ կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք։ Հետևաբար՝ խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել՝ որպես հանցագործության մասին հաղորդում, և ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու՝ ինչպես հայտարարություն կատարող անձի գործողությունների, այնպես էլ՝ առավել ևս, նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերի մասով։ Ընդ որում, կարծում եմ՝ իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին, վերցնեն համապատասխան հաղորդում կամ բացատրություն իր իսկ հայտարարությունների կապակցությամբ՝ միաժամանակ նախազգուշացնելով Քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին։ Եվ եթե կպարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Կարծում եմ՝ իրավական պետությունում այլ ելք չի կարող լինել, քան սույն իրավիճակն իրավական ճանապարհով լուծելու տարբերակը»,- գրել էր նախարարը:

168.am-ի հարցին՝ եթե «սուտ մատնություն» որակվի, պատրա՞ստ եք պատասխանատվություն կրել, քանի որ նախարարը գրել էր՝ «եթե կպարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության», Սմբատ Գոգյանը պատասխանել էր. «Իսկ Դուք կարծում եք, որ սուտ մատնություն լիներ՝ ես այս ամեն ինչը կասեի՞: Իմաստը ո՞րն էր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս