Բաժիններ՝

Կոշտան հույս է հայտնել ԵՄ գագաթնաժողովում համաձայնության հասնել բյուջեի հաստատման հարցում

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան նոյեմբերի 26-ին, հայտարարել է, որ Եվրամիության գագաթնաժողովում իր նպատակն է անդամ երկրներին ավելի մոտեցնել միության հաջորդ բյուջեի շուրջ համաձայնության հասնելուն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Իմ նպատակն է մեր առաջնորդներին ավելի մոտեցնել համաձայնության ձեռքբերմանը։ Մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ բյուջե, որը հնարավորություն կտա ֆինանսավորել մեր հիմնական առաջնահերթությունները»,- Բրյուսելում գագաթնաժողովից առաջ լրագրողներին ասել է Կոստան։

Միևնույն ժամանակ, մի շարք առաջնորդներ կրկնել են իրենց առարկությունները Կոշտայի ներկայացրած առաջարկների վերաբերյալ։

Մասնավորապես, Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յետենը հայտնել է, որ իր երկիրը պատրաստ չէ ընդունել սեղանին դրված առաջարկները։

«Եթե ցանկանում ենք համաձայնության հասնել, բյուջեն պետք է արդիականացվի և կրճատվի»,- հանդիպումից առաջ ասել է Յետենը։

Նշենք, որ ավելի վաղ Կոշտան Եվրոպական խորհրդի նիստին մասնակցելու հրավեր-նամակում, որն ուղղել է ԵՄ անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, հույս էր հայտնել, որ իր առաջարկը կքննվի փոխզիջման ոգով։

«Մենք բոլորս պատասխանատու ենք հավասարակշռված լուծում գտնելու համար, որը թույլ կտա Եվրոպական միությանը հաղթահարել առաջիկա մարտահրավերները՝ բարձրացնել մրցունակությունը, ամրապնդել անվտանգությունն ու պաշտպանությունը, ինչպես նաև առաջ մղել Եվրոպայի շահերը համաշխարհային ասպարեզում՝ միաժամանակ պահպանելով քաղաքական այն ուղղությունները, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը», –նշել էր նա։

Կոշտան հայտնել էր, որ իր ներկայացրած բյուջեի նախագիծը 10%-ով փոքր է Եվրոպական հանձնաժողովի նախնական առաջարկից։ Ընթացիկ գներով կրճատումը կազմում է 204 միլիարդ եվրո, ինչը, նրա կարծիքով, «թույլ կտա ազգային վճարները պահպանել ընդունելի մակարդակի վրա»։

Եվրոպական խորհրդի նախագահի առաջարկը փոխզիջում գտնելու փորձ է մի քանի ամիս շարունակվող վեճերի պայմաններում: Մի կողմում «խնայող» երկրներն են՝ Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Նիդեռլանդներ, Ֆինլանդիա և Շվեդիա, որոնք պահանջում են չուռճացնել ընդհանուր ծախսերն ու ազգային վճարումները։ Մյուս կողմում Արևելյան և Հարավային Եվրոպայի երկրներն են, որոնք պնդում են պահպանել ավանդական սուբսիդիաները ֆերմերների և աղքատ տարածաշրջանների համար։

ԵՄ-ի երկրների ղեկավարները կքննարկեն նաև, թե ինչպես միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ ապահովել Ուկրաինայի ֆինանսական կարիքները 2027 թ. և դրանից հետո։ Նրանք կքննարկեն նաև Եվրոպական հանձնաժողովի՝ նոյեմբերի 18-ի առաջարկը, որը նախատեսում է 2027 թ. Ուկրաինային հատկացնել մինչև 45 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ ֆինանսական օգնություն՝ ի լրումն 2026-2027 թթ. ԵՄ-ի կողմից Ուկրաինային վարկային աջակցության ծրագրի, որի ծավալը կազմում է 90 միլիարդ եվրո։

ԵՄ-ի անդամ պետությունների ղեկավարները քննարկման են ներկայացնելու նաև Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարության հարցը՝ կապված այն հանգամանքի հետ, որ ԵԿԲ-ի նախագահ Քրիստին Լագարդը վաղաժամկետ լքում է իր պաշտոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30