«Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությամբ՝ Հայաստանում կստեղծվի «Պարեկային ոստիկանության» ծառայություն

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց Կառավարության հեղինակած նախագծերի փաթեթը՝ «Ոստիկանության մասին» և  «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
Մինչև նախագիծը ներկայացնելը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ գուցե այսօր ոստիկանությունը և ուժային մյուս կառույցները մի քիչ իներցիայով են առաջ շարժվում, հետևաբար՝ ուզեն թե ոչ, փոփոխություններն ակնառու են:

«Այսօր ոստիկանն իր կերպարով չի գնում պատվերի հետևից, ինքը գնում է իր իրավասության հետևից՝ գուցե մի քիչ կաշկանդված: Այս փոփոխությունները տալու են այդ կաշկանդվածության հաղթահարման հնարավորությունը: Ոստիկանության կերպարը բոլորովին այլ է լինելու: Ասեմ, որ գուցե առաջին անգամ ոստիկանությունը հնարավորություն կունենա նոր համազգեստով, ինտելեկտով ներկայանալու, հասարակության հետ նրա շփումները կլինեն այնպիսին, որ մեկ հրահանգից հետո, եթե ասի՝ այդպես մի արեք, արդեն պետք է չանեն: Այս նախագծերը, որոնք այսօր կքննարկվեն հանձնաժողովում, այնուհետև՝ լիագումար նիստերում, պետք է բաց տեղ չթողնեն: Հայաստանում բան փոխվեց, պատվերով համերգները վերջանում են»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Այնուհետև Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը ներկայացնելով նախագծերի փաթեթը՝ նշեց, որ այժմ Հայաստանում ոստիկանության համակարգում գործում են «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը և Պարեկապահակային ծառայությունը, որոնք, համապատասխանաբար, իրականացնում են ճանապարհային երթևեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները և հասարակական կարգի պահպանությունը:

«Նկատի ունենալով, որ ռազմավարությամբ նախատեսվել է, որ նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության գործառույթները, անհրաժեշտ է գործընթացը սկսել պարեկների պատրաստման հատուկ ծրագրից, որին հաջողությամբ անցնելու դեպքում վերջինները կնշանակվեն ծառայության պաշտոններին: Միաժամանակ, նկատի ունենալով, որ ծառայության այս տեսակը գործառութային առումով նորամուծություն է, և մեր երկրում չկան այս ծառայության փորձառուներ, անհրաժեշտ է օրենսդրական հիմքեր ստեղծել ծառայության տարբեր պաշտոնների խմբերում պատրաստման ծրագիրն անցած նոր կադրերի նշանակման համար: Հատկանշական է, որ պարեկային ծառայության համալրումն իրականացվելու է բաց մրցութային կարգով:

Ուստի, այս նախագիծը լուծում է ոլորտի բարեփոխումների առաջին կարճաժամկետ նպատակը` «Պարեկային ոստիկանության» կազմավորման և դրա գործունեության ապահովումը Հանրապետության տարածքում»,- նշեց Արդարադատության փոխնախարարը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ «Պարեկային ոստիկանություն» ծառայությունն առաջին կադրերի համալրումից և ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո գործարկվելու է Երևանում, այնուհետև՝ Շիրակի և Լոռու մարզերում, և  ամբողջ հանրապետության տարածքում:

Ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ՝ կդադարեցվի «Ճանապարհային ոստիկանություն» և պարեկապահակային ծառայությունների գործունեությունը:

Նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

Տեսանյութեր

Լրահոս