«Ձեզ բայց ո՞վ ձայն տվեց, չափի մեջ մնացեք՝ ո՞վ ես, որ ինձ պետք է ընդհատես». Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Շաքե Իսայանը, Ջանիբեկ Հայրապետյանը և Արայիկ Աղաբաբյանը առաջարկում են լրացում կատարել  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

Նախագիծն այսօր հերթական անգամ քննարկվեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Նախագծով առաջարկվում է պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթն ընդգրկել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում: Նաև սահմանել հստակ ժամկետ նման վարույթով գործերի քննության համար, քանի որ, ըստ նախագծի հեղինակների, նման գործերն ապացուցողական բարդություն չեն ներկայացնում:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախորդ նիստում նախագիծն արդեն քննարկել էին, իսկ քվեարկությունը՝ հետաձգել:

Հիշեցնենք նաև, որ նախորդ նիստում նախագիծը ներկայացնելիս Գևորգ Պետրոսյանը նշել էր, որ անձի պատվի և արժանապատվության պաշտպանությունը պետք է իրականացվի խելամիտ ժամկետներում՝ որպես այդ իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխիք: Մինչդեռ, առկա իրավակարգավորումը, փաստորեն, չի նպաստում նման պահանջների արագ քննությանն ու լուծմանը, ինչի արդյունքում գրեթե վերանում է հիշյալ պահանջներով դատական հայցեր ներկայացնելու և խախտված իրավունքը պաշտպանելու՝ անձի մտադրությունը: «Երբեմն տարիներով ձգձգվող դատավարությունների արդյունքում, փաստորեն, հնչեցված զրպարտության կամ վիրավորանքի տեքստը շրջանառվում է զանգվածային լրատվության միջոցներով, և անձը ստիպված է լինում պարբերաբար լսել իր պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող հայտարարությունները, նյութերը, հրապարակումները և տևական ժամանակ մնալ դրանց հոգեբանական ազդեցության ներքո: Փաստորեն, գործող օրենքով նախատեսված ժամկետները չեն նպաստում խախտված արժանապատվության արդյունավետ պաշտպանությանը»,- նշել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Նախագծի վերաբերյալ բոլոր կողմերի կարծիքները լսելուց հետո Գևորգ Պետրոսյանը դիմելով Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ Անի Մխիթարյանին՝ զարմանք հայտնեց, որ դատական համակարգի ներկայացուցիչները միավորվել են նախագիծը մերժելու գաղափարի շուրջ:

«Ի դեպ, Վճռաբեկ դատարանի անունից սա ո՞վ է գրել, այս ի՞նչ հեքիաթ է գրված: Ուրեմն՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է, և այն, որ այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալու՝ Դուք էլ գիտեք, որ խնդիրը կա, մի եկեք այստեղ և շեղեք»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Նրան միջամտեց «Իմքայլական» Նիկոլ Բաղդասարյանը՝ հորդորելով մեղմ արտահայտվել, ինչն էլ զարմացրեց  ու զայրացրեց Գևորգ Պետրոսյանին:

«Ձեզ բայց ո՞վ ձայն տվեց, չափի մեջ մնացեք, դու ո՞վ ես, որ ինձ պետք է ընդհատես»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Խոսակցությունը շարունակելով՝ Ն. Բաղդասրյանն ասաց, թե  Պետրոսյանը չգիտի՞՝ ով է ինքը, ինչին ի պատասխան՝ Գևորգ Պետրոսյանը հակադարձեց. «Տո գիտեմ, որ Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում»:

Երկու պատգամավորների միջև վեճի շարունակությունը կանխելու համար հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդմիջում հայտարարեց:

Ընդմիջման ավարտից հետո՝ նախագծի  քվեարկությունն էլ հարթ չընթացավ։ Նախ հանձնաժողովի նախագահը հաշվեց, որ նախագծին կողմ են՝ 3, դեմ՝ 3, ձեռնպահ՝ նույնպես 3 հոգի: Եվ ըստ այդ հաշվարկի՝ նախագիծը մերժվում է, սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հանձնաժողովի նախագահին հուշեց, որ մեկ հոգի քվեարկությանը չի մասնակցել, որից հետո նորից քվեարկեցին՝ այս անգամ նախագծին կողմ քվեարկեցին՝ 4, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 3 հոգի, հայտարարվեց, որ նախագիծն ընդունվեց: Հետո քվեարկեցին նախագիծը խորհրդին ներկայացնելու հարցը, որպեսզի այն ներառվի առաջիկա լիագումար նիստերի օրակարգում, մեկ ձեռնպահ ձայնով որոշվեց հարցը ներկայացնել խորհրդին։

Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ հարցի քվեարկությունն ավարտված է, և նախագծի հեղինակ Գևորգ Պետրոսյանը լքեց սրահը։ Բայց նրա հեռանալուց հետո պարզվեց, որ քվեարկության արդյունքները սխալ են հաշվել։ Մշտական հանձնաժողովի նախագահը նախ խնդրեց «ԱԺ կանոնակարգ օրենքով» հարցը նորից հստակ ճշտել, հետո հայտարարեց, թե անցնում են օրակարգում ընդգրկված հաջորդ հարցին, ապա նորից անդրադառնալով նախորդ օրինագծի քվեարկության շուրջ ծագած շփոթությանը՝ հայտարարեց.

«Ես նկատողություն եմ տալիս քարտուղարությանը այս շփոթությունը առաջացնելու համար, այդ նախագիծը չէր կարող անցնել, որովհետև նիստին ներկա էր 10 հոգի, որից միայն 4-ն է կողմ քվեարկել, դեմ և ձեռնպահ՝ ընդհանուր առմամբ 6 պատգամավոր, հետևաբար՝ նախագիծը չի ընդունվել ձայների մեծամասնությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս