
Ավելի քան 100 ռուսաստանցի Երևանից վերադարձել է ՌԴ

Երևանից մայիսի 23-ին շուրջ 110 ռուսաստանցի «Արմենիա» ավիաընկերության Երևան-Վորոնեժ չվերթով վերադարձել է Ռուսաստան: «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը:
Դեսպանությունը նշում է, որ ստացել են տեղեկատվություն այն մասին, որ ավիաընկերությունը պատրաստվում է Հայաստանի քաղաքացիների համար թռիչք իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ: Դրանից հետո, դեսպանությունը աշխատանքներ է տարել, որպեսզի ստեղծված հնարավորությունն օգտագործի ռուսաստանցիների վերադարձը կազմակերպելու համար:
«Ստացել ենք անհրաժեշտ համաձայնություններ ռուսական ռեգիոնալ իշխանություններից, նախարարություններից և այլ գերատեսչություններից, ինչպես նաև կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբից: Արդյունքում, մենք ուրախ ենք հայտնել, որ մայիսի 23-ին Երևան-Վորոնեժ ավիաթռիչքով տուն է վերադարձել 109 ռուսաստանցի»,-այս մասին ասված է դեսպանության «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Դեսպանությունը նշել է, որ ուղևորների գրանցման և ինքնաթիռ նստեցնելու գործընթացը կատարվել է անվտանգության բոլոր կաննոներ պահպանելով: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն են տրամադրել դեսպանատան հյուպատոսական ծառայության աշխատակիցները:
«Ընդհանուր առմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանից դեպի Ռուսատսանի տարբեր ռեգիոններ մեկնել է 442 մարդ: Ռուսաստանցիների տուն վերադառնալու գործընթացի կազմակերպումը շարունակվում է: Կցանկանայինք մեր շնորհակալությունը հայտնել «Արմենիա» ավիաընկերությանը աջակցության համար» ,-ասված է հաղորդագրությունում: