Խորհրդական ունենալն ինքնանպատակ չէ և բխում է մեր այսօրվա կարիքներից. Մխիթար Հայրապետյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և իշխանական մի քանի պատգամավոր՝ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Համազասպ Դանիելյանը, Վլադիմիր Վարդանյանը և Արթուր Դավթյանը, հեղինակել և Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացրել նախագիծ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում,  «Հանրային ծառայության մասին»  ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

Մխիթար Հայրապետյանի ներկայացմամբ՝ առաջարկվող մի շարք փոփոխությունների հետ, նախատեսում են, որ խմբակցության ղեկավարները և մշտական հանձնաժողովների նախագահներն  ունենան խորհրդականներ:

Ըստ նրա՝ խորհրդականի ինստիտուտի ներդնումն ուղղված է մշտական հանձնաժողովների և խմբակցությունների  կողմից կատարվող աշխատանքների և կայացվող  որոշումների արդյունավետության բարձրացմանը: Խորհրդականի աշխատավարձը  սահմանվում է վեց գործակցով, ինչը հնարավորություն կտա աշխատաշուկայից ներգրավել առավել արհեստավարժ մասնագետի:

Այս ամենից զատ, օրենքի նախագիծը նախատեսում է նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված փորձագետների թվի ավելացում, որոնց թիվը կարող է ավելանալ հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:

Նախագիծը ներկայացնելուց հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվեց, թե նախագիծն ընդունելու դեպքում հանձնաժողովում մոտավորապես քանի՞ փորձագետ կարող է ավելանալ, և նրանց վճարումն ինչպե՞ս պետք է կատարվի:
Մխիթար Հայրապետյանը նկատեց, որ իր նշած դրույթն ըստ էության այսօր էլ է գործում, պարզապես լրացնող դրույթ են դրել, որը վերաբերում է խորհրդականների հատվածին:

«Այս պահի դրությամբ օրենսդրությամբ սահմանված նման սահմանափակում չկա: Պետք է ասեմ, որ 7-րդ գումարման ԱԺ-ի հենց առաջին ամսում մի քանի հանձնաժողովների նախագահներ հիմնավորեցին, թե ինչու, օրինակ, պետք է մեկ հաստիքով ավելանա, ԱԺ խորհուրդն այն ժամանակ այդ պահանջը հիմնականում բավարարեց: Եթե այս պահին Դուք որևէ առաջարկ ունեք, թե քանի հոգի պետք է լինի, կարող ենք քննարկել: Կարծում եմ՝ այս պահին ԱԺ խորհրդում արդեն կոնսենսուս կա թվաքանակի հետ կապված»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

Արձագանքելով՝ Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ թվաքանակի հետ կապված որևէ առաջարկ չունի, ուստի կարող են հարցը քննարկել մինչև նախագծի երկրորդ ընթերցումը:

«Կխնդրեմ ներկայացնենք, թե հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների խորհրդականի գործառույթները որոնք են լինելու»,- հարցրեց Ա. Ջուլհակյանը:

Մխիթար Հայրապետյանն էլ պարզաբանեց, որ այդպիսով խորհրդականին քաղաքական գործընթացներին մասնակից դարձնելու հնարավորություն է տրվում, ավելին՝ նման հաստիք ունենալը բխում է ամբողջ օրենսդրությունից և Սահմանադրությունից:

«Այս պաշտոնն ինչ-որ առումով ենթադրում է քաղաքական խորհրդատվություն ու ծառայություն  մատուցելը տվյալ կառույցի ղեկավարին»,- հավելեց Մխիթար Հայրապետյանը:

Միևնույն ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ, թեև խորհրդականի հաստիքը   նաև ֆինանսական բեռ է ենթադրում, այդուհանդերձ, նրա կարծիքով՝ այդ ծախսն արդարացված է, որովհետև խորհրդարանական կառավարմամբ երկրում  հանձնաժողովներում 4-5  փորձագետով անհնարին է արդյունավետ աշխատել մի քանի ոլորտների մասով:

«Սա ինքնանպատակ չէ, և այն բխում է մեր այսօրվա կարիքներից»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը:
ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկված նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

Տեսանյութեր

Լրահոս