Արման Բաբաջանյանի առաջարկով Դատական օրենսգիրքը կփոփոխվի և կլրացվի
Ինչպես նշված է պետական-իրավական հանձնաժողովում քննարկվող օրինագծին կցված հիմնավորման մեջ «Առաջարկվող նախագծով գիտական հարթությունում փորձառու իրավաբանների որպես դատավորներ ներգրավման նպատակի համար կարող է բավարար լինել գիտական աստիճան ունենալը եւ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած լինելը, իսկ գործնական հարթությունում՝ առնվազն հինգ տարվա մասնագիտական փորձառությունը, որը ներառում է նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ հետբուհական կամ լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպությունում դասավանդման ժամանակահատվածը»:
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում, նրա ներկայացրած համապատասխան նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Պատգամավորի խոսքով՝ նշված նախագծով առաջարկում է Դատական օրենսգրքի 98-րդ հոդվածի 5-րդ մասում «փորձառություն է» բառից հետո լրացնել «համարվում է նաև» բառերը: Նաև՝ «հաստատությունում» բառից հետո լրացնել «կամ հետբուհական, լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունում» բառերը:
«Օրենքի 106-րդ հոդվածի առաջին մասից էլ հանել «և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած» բառերը: Եթե առարկություններ չկան, եկեք նախագիծն այս տեսքով ընդունենք»,-ասաց Արման Բաբաջանյանը:
Պատգամավորը միաժամանակ նշեց, որ նախագիծը քննարկել են և կարծես թե եկել են ընդհանուր համաձայնության, ուստի մնում է միայն այն քվեարկել:
Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի կարծիքով՝ նախագիծը պետք է ստանա դրական եզրակացություն, քանի որ Արման Բաբաջանյանն ըստ էության առաջարկում է փոփոխություններ կատարել Դատական օրենսգրքի երկու հոդվածներում, որի վերաբերյալ եթե լինեն այլ առաջարկներ, ապա պատրաստ են քննարկելու:
Արդադարարդատության փոխնախարար Վահե Դանիելյանն էլ հայտնեց, որ հարցը Կառավարությունում քննարկել են, ներկայացրել են առաջարկներ, որոնք ամբողջությամբ ընդունվել են:
«Մենք առաջարկել էինք «լրացուցիչ կրթական ծրագրերով» դասավանդելու փոխարեն դիտարկել բացառապես Արդարադատության ակադեմիայում և փաստաբանական դպրոցում ուսանելու նպատակահարմարության հարցը: Հետևաբար այս փուլում մենք առարկություններ չունենք»,-նշեց Վահե Դանիելյանը:
Պատգամավորի ներկայացրած օրինագիծը միաձայն ընդունվեց և առաջիկայում կընդգրկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում: