«Հայկական կողմը ԱՄՆ-ի «շուրթերով» փորձեց քննադատել Լավրովին, բայց դա չի նշանակում, որ այդ հայտարարությունն իրականությանը չէր համապատասխանում». փորձագետ
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հակամարտության փուլային կարգավորման մասին ապրիլյան հայտարարությունը, շեշտել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու հանձնառությանը: Դեսպան Թրեյսին կարևորել է համընդհանուր համավարակի պայմաններում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում հակամարտության հարցով քննարկումների շարունակականությունը, դրանցում կողմերի ներգրավումն առցանց ձևաչափով։
«ԱՄՆ-ը շարունակում է ակտիվ ներգրավված մնալ այս աշխատանքներում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, ՌԴ-ն մյուս երեք համանախագահներից մեկն է, և մենք փորձում ենք կառուցողական ձևով մեր աշխատանքներն իրականացնել ԵԱՀԿ համանախագահների հետ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս երկարատև համակարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու մեր հանձնառությանը»,- նախօրեին ասել է դեսպան Լին Թրեյսին։
Դեսպան Թրեյսիի Ղարաբաղյան մեկնաբանությունները հատկապես սպասված էին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության արձագանքների ֆոնին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այդ մեկնաբանություններն անելիս (խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հակամարտության կարգավորման սեղանին ռուսական առաջարկների մասին է, որոնք ենթադրում են հակամարտության փուլային կարգավորում մեկնաբանության մասին է:- Ա․Մ․) պետք է ուշադրություն դարձնել, որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը հայտարարեց, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն օգտակար չի համարում։ Իսկ ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը, ի պատասխան հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կիսո՞ւմ է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արած հայտարարությունը ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ, ասել էր.
«Ես չեմ մեկնաբանելու Ռուսաստանի արտգործնախարարին, ասեմ միայն, որ նա վերջերս արել է մի շարք ոչ օգտակար հայտարարություններ, այդ թվում՝ Դոնբասի իրավիճակի վերաբերյալ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Ասեմ միայն, որ Միացյալ Նահանգները խորը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ընթացքն ապահովելու գործում»:
Ավելի վաղ՝ ապրիլի 21-ին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ամենակարևոր քայլը 2019 թվականի ապրիլին Մոսկվայում ընդունված փաստաթղթի ստորագրումն է: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունվեց Մոսկվայում։ Նա նաև նշել էր, որ դա ենթադրում է հակամարտության փուլային կարգավորում։
168․am-ը փորձեց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախի հետ հասկանալ, թե ինչպիսի կոնսենսուս է երևակվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջև ռուսական փաթեթի շուրջ` հաշվի առնելով այս հայտարարությունները, ինչով էին ոչ օգտակար ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, և ինչու է հայկական կողմը հղում անում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին։
Ուվե Հալբախի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում կա գլոբալ կոնսենսուս, այդ թվում` կարգավորման գործընթացում ռուսական առաջատար դերակատարության շուրջ, այլապես Ռուսաստանի առաջնորդությամբ և ՌԴ ԱԳ նախարարի մասնակցությամբ չէին անցկացվի հանդիպումներ, չէին արվի առաջարկներ, և որոշ հարցերի շուրջ համաձայնություն չէր լինի, ինչպիսին հումանիտար պայմանավորվածություններն էին։
Ըստ նրա՝ համանախագահների և կողմերի համար խնդրահարույց կարող է դիտարկվել պայմանավորվածությունների խախտումը և մասնավոր որոշումը` «որոշակիորեն բացել գործընթացի չակերտները»՝ հետապնդելով ոչ կարգավորման գործընթացին առնչվող նպատակներ։
«Դիվանագիտության մեջ ընդունված է գործընթացի մասին տեղեկատվություն տալ այն ժամանակ, երբ բոլոր հարցերը համաձայնեցված են։ Չէ՞ որ ՌԴ ԱԳ նախարարը նշում է, որ քննարկվում են ռուսական առաջարկները, այո՛, դրանք կարող են քննարկվել, բայց դրանք կարող են չվայելել կողմերի, ինչո՞ւ ոչ, նաև միջնորդների լիարժեք աջակցությունը։
Հենց այդ պատճառով էլ այդ արտահոսք կոչվածը քննադատվում է բոլոր այն կողմերից, որոնց համար բուն արտահոսքն անակնկալ էր։ Հայկական կողմն ԱՄՆ-ի «շուրթերով» փորձեց քննադատել, բայց դա չի նշանակում, որ այդ հայտարարությունն իրականությանը չէր համապատասխանում, նշանակում է, որ կար պայմանավորվածություն, որ այն չպետք է դառնար հանրային։ Գործընթացից դուրս սպրդած ցանկացած տեղեկատվություն այնքան է շրջանառվում տարբեր դիտանկյուններից, տարբեր խնդրահարույց կոնտեքստներում նման բարդ ու երկարաձգված հակամարտության պարագայում, որ դիվանագիտական այս կանոնի պահպանումը, միջնորդների և կողմերի տեսանկյունից, արդարացված և անհրաժեշտ է։ Կարծում եմ՝ հենց այդ պատճառով էր նաև վերջերս հայտարարություններից մեկում շեշտվել, որ գործընթացի կոնֆիդենցիալությունը հարկավոր է պահպանել։ Բնականաբար, սա ոչ միայն այդ կանոնի պահպանում է, այլև կողմերի համար մանևրելու հնարավորություն, քանի որ դիվանագիտական գործիքները շատ են, և դրանց կիրառման արդյունավետությունը տեղեկատվության չհաղորդման դեպքում ավելի բարձր է։
Այն արձագանքներից, որոնք եղան լավրովյան մեկնաբանություններից հետո, կարելի է հասկանալ, որ կողմերը պարզապես ժամանակ են ձգում, փորձում խուսափել իրավիճակի սրումից, փորձում ներկայանալ՝ որպես կառուցողական, բայց գործընթացի կառուցողականությունը կասկածելի է»,- ասաց Ուվե Հալբախը։