«Արսեն երևանսկին», «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը բերման են ենթարկվել. Բացահայտվել են հանցավոր սխեմաներ. ԱԱԾ
Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացվում են հետևողական աշխատանքներ քրեական ենթամշակույթի դեմ անզիջում պայքարելու, այդ ենթամշակույթը կրող անձանց կամ խմբավորումների հնարավոր հակազդեցության փորձերը կանխարգելելու և չեզոքացնելու ուղղությամբ: Արդյունքում, ստացված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործով մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ դրանց զուգահեռ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության ուժերի կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր սխեմաներ:
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել այսպես կոչված «օրենքով գող», «Արսեն երևանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:
Բացի այդ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել ևս 8 անձինք:
Վերոնշյալ անձանց բնակարաններում և ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:
Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց կողմից այլ հանցավոր գործողությունները պարզելու և խափանելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: