«Նիկո՛լ ջան, լավով դիմում գրի, գնա, եթե քո մեջ մնացել է մի կաթիլ՝ ինքնասիրության ու պետականասիրության». Աշոտյան

Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին օրվանից էլ պարզ էր, որ այս իշխանությունը, որը եկավ ժողովրդավարական բարեփոխումների դրոշի ներքո, գնալով եվրոպական տարածքում դառնում է, երևի թե, ամենաավտորիտար, անհանդուրժող և ամենակոռումպացված իշխանություններից մեկը և օգտագործում է ցանկացած միջոց ընդդիմախոսներին ճնշելու համար՝ հատկապես արտակարգ դրության պայմաններում։

Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

««Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի և բերման ենթարկվածների հետ կատարվածն էլ փաստում է, որ արտակարգ դրությունը կիրառվում է որպես մահակ՝ հազարավոր դժգոհ քաղաքացիների քաղաքացիական և քաղաքական ազատությունները սահմանափակելու համար, իհարկե՝ դիմակակրության և սոցիալական հեռավորությունը պահպանելու պահանջի քողի տակ։ Սակայն ոչ միայն ճնշել չի հաջողվում, այլև դժգոհություններն այնքան խորն են, քաղաքական կամքը՝ այնքան պինդ, որ նման գործողությունները հրահրում են հակահարվածներ։ Օրինակ՝ ի՞նչ շահեց Նիկոլ Փաշինյանը երեկ, ոչինչ։ Ընդհակառակը՝ կորցրեց հանրային կարծիք, լրատվական դաշտ և միջազգային հեղինակություն։ Ես, օրինակ, երեկ հեռուստակամուրջ ունեի եվրոպական կառույցներից մեկի հետ և պարզապես պատմեցի կատարված դեպքերը»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ իշխանափոխությունից անգամ երկու տարի անց էլ իրականություն չդարձան հեղափոխական այն կոչերը, թե ՀՀ-ն ժողովրդավարության օազիս է։

«Այն, ինչ մենք տեսնում ենք իրականության մեջ՝ հակաժողովրդավարական է և ժողովրդավարության նահանջ, որովհետև չի կարող լինել ժողովրդավար այն վարչապետը, որն իր քաղաքական հակառակորդներին սպառնում է ֆիզիկական հաշվեհարդարով։ Ցանկացած ժողովրդավարական երկրում նման հայտարարությանը կհետևեր առնվազն հետաքննություն պատկան մարմինների կողմից, որից հետո՝ հրաժարական։ Չի՛ կարող՝ լինի ժողովրդավարություն մի երկրում, որի ղեկավարի հետ շաղկապված կոռուպցիոն սկանդալները նախանձելի պարբերականությամբ սկսել են պայթել, ու փոխանակ նա քաղաքացիներին բացատրություն տա, ասում է՝ հերքելու բան չունեմ։ Նա ասելիք չունի, իսկ իր բերած բացատրությունները քննադատությանն անգամ չեն դիմանում։ Եթե խոսում է փչացածության աստիճանի մասին, հաշվի առնելով ընդդիմադիր և վարչապետ եղած ժամանակ Փաշինյանի դատարկախոս մեղադրանքները շատերի հանդեպ, ապա ամենափչացածն ինքն է»,- ասաց Աշոտյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Հայաստանում իրականում ավտորիտար պոպուլիզմ է, իսկ կորոնավիրուսը մերկացրեց խնդիրները, մինչդեռ գործող կառավարությունը սովոր էր գործ չանելով՝ լայքեր հավաքելուն։

«Երկրում ստեղծված իրավիճակի պատճառը և՛ կադրային քաղաքականությունն է, և՛ կառավարչական ունակությունների պակասը, և՛ պատասխանատվություն չվերցնելու հանգամանքը։ Հռչակված ապակենտրոն քաղաքականությունն էլ նշանակում է՝ ժողովուրդ, եղունգ ունես՝ գլուխդ քորի»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է կառավարության ղեկավարի հռչակած՝ կորոնավիրուսի դեմ ապակենտրոն պայքարին և «այդ մեկ մարդը դո՜ւ ես, այդ մեկ մարդը ես եմ» ձևակերպմանը՝ ապա Արմեն Աշոտյանը նշեց, որ, եթե 2018 թվականի իրադարձություններից առաջ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես» ձևակերպումը նա անում էր իշխանության գալու համար, ապա հիմա կորոնավիրուսի դեմ պայքարը շրջանառության մեջ է դրվել այդ իշխանությունը պահելու նպատակով։

«Բազմաթիվ իրական քաղաքացիների կողմից նամակներ եմ ստանում, թե՝ ինչո՞ւ, իրենց ասած, վլաստը տվեցիք Նիկոլին, ասում են՝ մենք չէինք հասկանում, դուք չթողնեիք»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ իրենց կողմից իշխանությունը չհանձնելը կլիներ միայն բախումների, արյան, երկրի անվտանգության հաշվին։

«Հիմա մեր դեմ տարվում է հիբրիդային պատերազմ, բայց հետայսու ով մեր դեմ եկավ պատերազմով, պատերազմ էլ կստանա, ով եկավ իմ տուն դժկամությամբ, դա էլ կստանա»,- ասաց նա։

Ըստ Աշոտյանի՝ եթե Նիկոլ Փաշինյանի մեջ մնացել է գեթ մեկ կաթիլ ինքնասիրություն, ապա նա պետք է իշխանությունից արագ հեռանա։

«Նիկո՛լ ջան, լավով դիմում գրի, գնա, եթե քո մեջ մնացել է մի կաթիլ՝ ինքնասիրության ու պետականասիրության։ Քո և պետության գոյության խաթր դիմում գրի և գնա, ցույց տուր, որ որպես պետական կառավարիչ, հրեշ լինելով հանդերձ՝ չես սպանել քո մեջ մարդուն։ Բազմաթիվ մարդիկ ինձ ասում են՝ դուք էլ մի բան չէիք, բայց գոնե սրանցից լավն էիք, սրանք զուլում են»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ գործող կառավարությունը բոլոր ոլորտներում՝ բացառությամբ բանակի, ունի խայտառակ թերացումներ։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա, ըստ Աշոտյանի, այսօր կոռուպցիան ավելի շատ է, քան իրենց ժամանակ։

«Հիմա չկա՞, բա էս կոռուպցիոն սկանդալներն ինչի՞ մասին են՝ վերից վար, էսօր ավելի շատ է։ Ասում են, որ վերականգնել են 105 մլն դոլար, որի մեջ էլ թվեր կան, որ մարդիկ փողերը տվել են, որ իրենցից ուղղակի հեռու մնան, բացի այդ, հավաքել են 105 մլն դոլար, բայց 2 տարվա մեջ 110 մլն դոլարի պարգևավճար է բաժանել»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ, եթե Փաշինյանին թվում էր, որ ամիսը մեկ նախկին իշխանավորի մատաղ անելով՝ կարող է վայելել իր 5 տարին, ապա սխալվում է։

«Իրեն թվում էր, որ ամիսը մեկ ժողովրդի առաջ նախկին իշխանավորի մատաղ կանի, կախաղան կանի, լայվերով 5 տարի կդիմանա, բայց՝ չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ քանի որ 2018 թվականի անարյուն իշխանափոխության ժամանակ իրենք խղճով գնացել են, ուստի հիմա խղճով էլ պետք է գնա Նիկոլ Փաշինյանը։

«Ես պատրաստ եմ բազմաթիվ բաներ մոռանալ, իմ և իմ կուսակցության խնդիրն է՝ Հայաստանն առանց Նիկոլի, որն առաջին էտապն է, և Հայաստանը Նիկոլից հետո։ Լավով նա պետք է գնա, դժվարանում եմ պատկերացնել, թե, եթե չգնա, ինչ է լինելու, բայց հստակ է, որ այս իշխանությունը ունակ չէ դիմակայել բազմաթիվ մարտահրավերների, և իրենց իսկ թիմում արդեն պառակտում կա»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս