«Այս 30 տարվա ընթացքում Գերագույն Խորհրդին որևէ խորհրդարան չի գերազանցել». Կիմ Բալայան
ՍԴ նախկին անդամ, Գերագույն Խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանն այսօր անդրադառնալով ԳԽ-ի կազմավորման 30-ամյակին՝ հիշեց, որ, երբ նոր էր կազմավորվել Գերագույն Խորհուրդը, մի քանի պատգամավոր «ճղճղված» ջինսերով են գնացել նիստին, ինչն իրեն զայրացրել է:
«Շատ էի զայրացել ու լուսահոգի Սուրեն Շահմուրադյանին ասացի, թե այս այլանդակներն ինչո՞ւ են այս ձևով եկել նիստին, նա էլ ինձ հանգստացնելով՝ ասաց, որ հավաստիացնում է, որ 50 տարի հետո նման լավ խորհրդարան չի լինելու, սա ամենալավ խորհրդարանն է: Փաստորեն, այդպես էլ եղավ, այս 30 տարվա ընթացքում Գերագույն Խորհրդին որևէ խորհրդարան չի գերազանցել»,- ասաց Կիմ Բալայանը «Գերագույն խորհրդի պատմաքաղաքական դերն ու նշանակությունը և պառլամենտարիզմի խնդիրները Հայաստանում» թեմայով հասարակական-քաղաքական քննարկման ժամանակ:
Ըստ նրա՝ ԳԽ-ի ձևավորման ընթացքում պայքարի մեջ էին երկու ուժ՝ Հայոց համազգային շարժումը և Կոմունիստական կուսակցությունը:
«ՀՀՇ-ն ինձ, նաև Ազատ Արշակյանին աջակցել է, բայց ես ՀՀՇ-ի ներկայացուցիչ չէի, բայց այդ երաշխավորությունն այնքան ուժեղ էր, որ իմ ընտրատեղամասում մրցակիցս Յուրի Բարսեղովն էր, և ցանկացած հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ նա քայլող հանրագիտարան է: Բայց ժողովուրդն ինձ տվեց 72 տոկոս ձայն: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե այդ երաշխավորությունն ինչ դերակատարություն ունեցավ»,- հավելեց Կիմ Բալայանը:
Նրա խոսքով՝ հետագայում ՀՀՇ-ն ընտրել է այնպիսի քաղաքական գիծ, որ չհակադրվի Կոմունիստական կուսակցության հետ, և նույնիսկ համագործակցությամբ առաջ գնան:
Կիմ Բալայանը քաղաքական դեպքերից հիշեց նաև Վրաստանի երկաթգծի պաշտպանության հարցը, երբ Շևարդնաձեն դիմել էր Ռուսաստանին, Հայաստանին, որպեսզի զորք ուղարկեն երկաթգիծը պաշտպանելու համար:
«Այդ ժամանակ Հայաստանի նախագահը Լևորն Տեր-Պետրոսյանն էր, նա եկավ խորհրդարան, ասաց, որ խորհրդակցելու նպատակով է եկել: Բազմաթիվ քննարկումների արդյունքում ԳԽ-ի դիրքորոշումն այն էր, որ պետք է համաձայնեինք, որ մեր զորքը գնար օտար երկրում ֆունկցիա կատարելու: Բայց այստեղ որոշակի գաղտնիքներ կային, հիմա էլ չեմ ուզում դրա մասին խոսել, այն կարող է բացասական քաղաքական հետևանքներ ունենալ»,- շեշտեց ԳԽ նախագահության նախկին անդամը: