Բաժիններ՝

Ալավերդցի Վահագը կվերադառնա կալանավայր

Ավելի քան մեկ ամիս ազատության մեջ մնալուց հետո Ալավերդցի Վահագն անունով հայտնի Վահագն Աբգարյանը կվերադառնա կալանավայր:

168.am-ի  հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, քիչ առաջ բեկանել է Վահագն Աբգարյանին 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք և փամփուշտներ ձեռք բերելու, իր սանիկին՝ Վլադիմիր Դավթյանին հանձնելու և նրա միջոցով Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու համար: Կամո Փիրուզյանը սպանվել է 2017 թվականի հունիսի 13-ին: Դրդապատճառը, ըստ մեղադրականի, վրեժն է: Կամո Փիրուզյանին սպանել է 26-ամյա երիտասարդ Վլադիմիր Դավթյանը` կրակելով նրա ուղղությամբ «Մակարով» տեսակի ատրճանակից, այնուհետև հանձնվել է իրավապահներին:

Վահագն Աբգարյանը մեղադրվում է նաև հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին՝ առանձնապես խոշոր, իսկ քննիչ Արտակ Հովհաննիսյանին՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու մեջ:

Վահագն Աբգարյանն ազատ էր արձակվել ապրիլի 1-ին: Այս դատական ակտը բողոքարկել էին տուժող կողմն ու դատախազությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս