Դիմակների առկայությունը ստուգվելու է այնպես, ինչպես տեղաշարժման թերթիկներինը. ոստիկանները մոտենալու են քաղաքացիներին և պահանջելու են ցույց տալ դիմակը. խոսնակ
«Բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ. պարտադիր է, որ այն առկա լինի». փոխվարչապետի մամուլի խոսնակ
Պարետի 74-րդ որոշումը, որում նշված է, որ մայիսի 18-ից բաց տարածքներում պարտադիր է լինելու դիմակի առկայությունը, որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել: Քաղաքացիներին հետաքրքրում է՝ պարտադիր է այն կրե՞լ, թե՞ ուղղակի պետք է ունենալ պայուսակում կամ գրպանում:
«Բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ, բայց պարտադիր է դրա առկայությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Մեր հարցին, թե դիմակ չունենալու համար նախատեսված 100.000 դրամ տուգանքը սկսելու է գործել հենց այսօրվանի՞ց, թե՞ տեղաշարժման թերթիկների պես՝ հիմա էլ մի քանի օր ոստիկանները մարդկանց ուղղակի տեղեկացնելու են, որ դիմակի առկայությունը պարտադիր է, Հունանյանը պատասխանեց.
«Տուգանել սկսելու են հենց այսօրվանից: Քաղաքացիները համապատասխանաբար տեղեկացվել և զգուշացվել են: Եթե ինչ-որ կանոն ներդրվում է ու չի պահպանվում, ապա վարչական իրավախախտում կատարողը պատասխանատվության պետք է ենթարկվի: Քանի որ այսօրվանից են պարտադիր դիմակները, այսօրվանից էլ ուժի մեջ են խախտման դեպքում տուգանքները»:
Դիմակների առկայությունը ստուգվելու է այնպես, ինչպես տեղաշարժման թերթիկներինը, այսինքն՝ ոստիկանները մոտենալու են քաղաքացիներին և պահանջելու են ցույց տալ դիմակը: