«Փաշինյանի քավոր Վահագն Ղալումյանի և եղբոր՝ Վահե Ղալումյանի ազգականի անունով գրանցված ընկերությունները ներկայացրել են կեղծ բանկային երաշխիք». Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, իր բնորոշմամբ, հարյուր-միլիոնավոր դոլարների հասնող մեքենայությունների մասին։
Ըստ Խաժակյանի՝ դեռևս 2019-ի հոկտեմբեր ամսին կառավարությունն իր որոշումներից մեկում կատարել է մի փոփոխություն, որը փաստի առաջ է կանգնեցրել շատ ու շատ շինարարների և տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների:
«Պետությունն այդ որոշմամբ կազմակերպություններից մրցույթներին մասնակցելու համար պահանջում է չափազանց մեծ բանկային երաշխիք, այնքան մեծ, որ շատ ընկերություններ որոշում են այդ պայմաններով չմասնակցել մրցույթների: 2020 թվականի հունվարի 9-ին պետական գրանցում է ստանում «էտալոն գրուպ» ՓԲԸ-ն և երկրով մեկ դիմում շինարարական աշխատանքների՝ տեխնիկական հսկողություն իրականացնող մրցույթներին և, հիմնականում, նվազագույն արժեք տալով, հաղթում։ 2020 թ․ փետրվարի 20-ին նույն նորաստեղծ կազմակերպությունը մասնակցում է Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարվող ասֆալտապատման աշխատանքների հսկողության մրցույթին և լինելով միակ մասնակիցը՝ ստանում շուրջ 35 մլն դրամ արժողությամբ պայմանագիրը: Կառավարության համապատասխան որոշմամբ կազմակերպությունը ներկայացնում է նաև բանկային երաշխիք, որն անհրաժեշտ է ունենալ մրցույթը շահելիս: Պարզվել է, որ նորաստեղծ «Էտալոն գրուպի» ներկայացրած բանկային երաշխիքը կեղծ է: Ասել է թե, մրցույթին ներկայացված փաստաթուղթը ոչ թե թողարկվել է բանկի կողմից, այլ կեղծվել է: Օրեր առաջ քաղաքապետարանը լուծարում է այդ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը»,- պատմեց Խաժակյանը։
Ըստ նրա՝ սրանից հետո Երևանի քաղաքապետարանը մարտ ամսին հրապարակել է իր հերթական, բայց ծավալներով մեծ մրցույթն արդեն բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման համար, և այս մրցույթի չափաբաժինների մեծ մասին նվազագույն արժեք է ներակայացնում «Ռաշն վոյաժ» անունով ՍՊԸ-ն, որը ևս ստեղծվել է հետհեղափոխական շրջանում՝ 2019 թվականի հունվար ամսին, և ևս կշահեր 600 մլն դրամ արժողությամբ մրցույթը, եթե չպարզվեր, որ այն ևս ներկայացրել է կեղծ բանկային երաշխիք։
«Համաձայն պետական ռեգիստրի պաշտոնական տվյալների՝ «Ռաշն վոյաժ» ՍՊԸ տնօրենն է հանդիսանում Վահագն Ղալումյանը: Շատերին կարող է այս ազգանունը ծանոթ թվալ, շատերին՝ ոչ։ Ինձ այն ծանոթ է։ Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, ով 2019 թվականի սեպտեմբեր ամսից զբաղեցնում է այդ պաշտոնը: Նա դեռևս չի ընտրվել, այլ ամիսներ շարունակ հանդիսանում է նշանակված ժամանակավոր պաշտոնակատար և սպասում համայնքների խոշորացմանը։ Հաջորդ ինձ ծանոթ Ղալումյանը վերջերս հայտնի դարձած, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ծեծկռտուքի ժամանակ հետևից խփող, խփելուց հետո արարքից հրաժարվող Վահե Ղալումյանն է, ով վարչապետի քավորի եղբայրն է:
Ի տարբերություն վարչապետ Փաշինյանի պատգամավոր դարձած ազգականներ Սիփան Փաշինյանի և Հրաչյա Հակոբյանի՝ Վահե Ղալումյանը «Իմ քայլի» համամասնական ցուցակում զբաղեցրել է անցողիկ՝ 31-րդ տեղը: Իր կենսագրության հետաքրքիր դրվագ ԱԺ պաշտոնական կայքից. 2003-2006 թթ․ Իջևանի ճանշին վարչության գործադիր տնօրենի տեղակալ է եղել, 2006-2015-ը՝ Իջևանի ճանշին վարչության գործադիր տնօրենի առաջին տեղակալ: Կարծում եմ՝ պարոն Ղալումյանն ունի տենդերների մասնակցության սոլիդ փորձառություն»,- ասաց Խաժակյանը՝ նշելով, որ Վահե Ղալումյանը հետհեղափոխական շրջանում ստեղծել է «Ռաշն վոյաժ» ՍՊԸ-ն և մասնակցել շինարարական խոշորածավալ մրցույթի՝ ներկայացնելով կեղծ բանկային երաշխիք։
«2 շաբաթ անցել է այն բանից հետո, ինչ բանկը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանին այն մասին, որ նման երաշխիք չի թողարկել, և այդ փաստաթուղթը կեղծ է, այս ամենը ես ինչո՞ւ եմ հրապարակում, այլ ոչ թե՝ իրավապահները, կդժվարանամ ասել»:
Մանրամասները՝ տեսանյութում