Թվանշանը հանելու մասին
ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է 1-4-րդ դասարաններից հանել թվանշանային գնահատումը։ Իհարկե, սա դեռ պետք է քննարկվի և հաստատման դեպքում կարող է ներդրվել, լավագույն դեպքում, 2021 թվականին։ Աշխարհի մի շարք երկրներում նման պրակտիկա կիրառվում է։ Գնահատականները խթանում են մրցակցայնությունը, ինչը, շատ մասնագետների կարծիքով, փոքր երեխաների մոտ կարող է սպանել սերն ուսման, առարկայի կամ գործունեության նկատմամբ։ Օրինակ՝ Սկանդինավյան երկրներում արգելված է մինչև 12 տարեկան երեխաների համար մրցակցային խթանների կիրառումը։
Հիշում եք, որ ձմեռային վերջին օլիմպիական խաղերում թիմային հաշվարկով լավագույնը Նորվեգիայի մարզիկներն էին։ Նորվեգիայի հաջողության գաղտնիքներին անդրադարձ կատարվեց Նյու Յորք Թայմս թերթում։ Հոդվածագիրը նշում էր, որ Նորվեգիայում մինչև 12 տարեկան երեխաների համար անցկացվող սպորտային միջոցառումների արդյունքները չեն հաշվարկվում, չկան մեդալներ, մրցանակներ։ Նպատակն այն է, որ վաղ տարիքում խթանվի երեխայի սերը սպորտաձևի, ոչ թե՝ մրցանակների նկատմամբ։ Սկանդինավյան երկրներում համոզված են, որ վաղ տարիքում արտաքին խթանիչներն օգտակար չեն։
Ցավոք, շատ ոլորտներում, այդ թվում՝ կրթության ոլորտում, ամեն ինչ թվով չափելու մոտեցումը, հատկապես վերջին տարիներին, մեծ տարածում է գտել։ Վիետնամական պատերազմի ժամանակ ԱՄՆ Պաշտպանության նախարար ՄկՆամարան փորձում է ստեղծել ցուցիչների մի ցանկ, որով կարողանա չափել պատերազմում իրենց ունեցած ձեռքբերումները։ Երբ ՄկՆամարան իր գեներալներից մեկին՝ Լենսդեյլին, առաջարկում է ստուգել ցուցիչների ցանկը և ավելացումներ անել, գեներալն ավելացնում է «վիետնամցի գյուղացիների զգացողությունները» արտահայտությունը։ ՄկՆամարան ջնջում է այն՝ ասելով, որ դա հնարավոր չէ չափել, ուրեմն՝ պետք չէ։ Նույն տրամաբանությամբ՝ կրթության ոլորտում շատ կարևոր թեմաներ, առաջադրանքներ դուրս մնացին, քանի որ դրանք հնարավոր չէ թվով չափել։ Արդյունքում՝ սկսեցին սովորեցնել այն, ինչը հնարավոր է չափել։
Ճիշտ են այն մարդիկ, որոնք ասում են, որ կրթության հիմնական նպատակներից մեկը գիտելիքն է։ Իդեալական համակարգում թվանշանը գիտելիքը չափող արտաքին գործիք է։ Բայց վտանգավոր է, երբ չափման գործիքը դառնում է նպատակ։ Նման երևույթը կոչվում է Գուդհարթի օրենք` հայտնի տնտեսագետի անունով։ Նա ասում էր, որ, երբ չափման գործիքը դառնում է նպատակ, ապա այն դադարում է լինել լավ չափման գործիք։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ, եթե կրթության ոլորտում գնահատականը դառնում է նպատակ, այլ ոչ թե՝ չափման գործիք, այն դադարում է լինել չափման լավ գործիք։
Թերևս, սա է պատճառը, որ գնահատականը երբեմն դառնում է լավություն անելու միջոց, երբեմն՝ վատություն, երբեմն՝ սովորելու նպատակ։ Պայմանականորեն, մենք ունենք աշակերտների չորս խումբ։ Առաջին խմբում այն աշակերտներն են, որոնք սովորում են միայն գիտելիքի համար։ Այս աշակերտները, որոնց թիվը քիչ է, սովորում են միայն այն բաները, ինչն իրենց հետաքրքիր է։ Երկրորդ խմբում այն աշակերտներն են, որոնք սովորում են և գիտելիքի, և գնահատականի համար։
Երրորդ խմբում այն աշակերտներն են, որոնք սովորում են միայն թվանշանի համար։ Չորրորդ խմբում այն աշակերտներն են, որոնց ոչ թվանշանն է հետաքրքիր, ոչ էլ գիտելիքը։ Այս աշակերտները կարող են ուսուցչին ասել, որ խնդիր չեն տեսնում, եթե իրենց անբավարար նշանակեն։ «Միևնույն է, վերջում ավարտացնելու եք, հո չե՞մ մնալու դպրոցում»,- ասում են այս աշակերտները։
Հայաստանում հատկապես մեծ թիվ են կազմում երկրորդ և երրորդ խմբի աշակերտները։ Հետևաբար՝ պարզապես թվանշանը հանելը ճիշտ չէ։ Անհրաժեշտ է այն փոխարինել ինչ-որ բանով։ Այլապես դատարկության կառաջանա և կնվազի գիտելիք-գնահատականի ու գնահատականի համար սովորող երեխաների մոտիվացիան։
Ուրեմն, ինչո՞վ պետք է փոխարինի նախարարությունը թվանշանը։ Առաջին հերթին՝ դպրոցի ֆիզիկական միջավայրով։ Դպրոցական շենքերը, դասարանները պետք է լինեն գրավիչ, գեղեցիկ, հագեցած խաղերով, խաղահրապարակներով, հետաքրքիր դիդակտիկ պարագաներով։ Երկրորդ՝ կրտսեր դպրոցի ուսումնական ծրագրերը, դասագրքերը պետք է լինեն շատ որակյալ, հետաքրքրաշարժ։ Այս խնդիրը լուծելու համար մեծ ներդրումներ է պետք կատարել դասագրքաստեղծման գործընթացում։ Երրորդ՝ տարրական դպրոցի ուսուցիչները պետք է լինեն հետաքրքիր, բազմակողմանի զարգացած մարդիկ, որոնք ընդունակ են երեխաների մոտ զարմանք առաջացնել, տևական ժամանակ գրավել երեխաների ուշադրությունը, ուսուցման գործընթացում կիրառել հետաքրքրաշարժ մոտեցումներ։ Անհրաժեշտ է նաև ուսուցիչների աշխատավարձի էական (10-20%-ը հարց չի լուծի) բարձրացում։ Եթե այս ամենը չարվի, ու բավարարվենք միայն թվանշանները հանելով, կունենանք ավելի վատ վիճակ, քան հիմա։ Տարիներ առաջ Ուելսում դժգոհություններ կային թեստերի նկատմամբ։ Որոշվեց դրանք հանել։ Իրավիճակն ավելի վատացավ, քանի որ հանված գործիքի փոխարեն՝ ավելի ընդունելի բան չառաջարկվեց։
Կառավարման տեսության մեջ կա «Չեսթերտոնի ցանկապատ» արտահայտությունը։ Դրա իմաստն այն է, որ, երբ ուզում ես ինչ-որ բան քանդել, քեզ չեն թողնում և առաջարկում են մտածել։ Բանն այն է, որ քեզանից առաջ եղած մարդիկ, հնարավոր է, ավելի լավ են պատկերացրել ցանկապատի անհրաժեշտությունը։ Հետևաբար՝ դու կարող ես ցանկապատը քանդել այն դեպքում, երբ որոշ ժամանակ ուսումնասիրելուց հետո հասկանաս, որ այն պետք չէ։ «Չեսթերտոնի ցանկապատ» արտահայտությունը շատ արդիական է Հայաստանի համար։ Երբեմն համակարգին միայն դրսից նայելով՝ չես կարող տեսնել ամբողջական խնդիրները։ Ուրեմն, պիտի նայես նաև ներսից։ Գնահատման ոլորտում բարեփոխումներ անելու համար մեզ պետք է դրսի և ներսի հայացքների համադրում, որպեսզի կարողանանք իրական բարեփոխում անել։
Նախարարությունը պետք է լավ հաշվարկի իր քայլերը։ Եթե միայն թվանշանը հանելով բավարարվենք, ապա կունենանք նույնքան տխուր արդյունքներ, որքան ունեցանք 12-ամյա կրթության անցնելու, ավագ դպրոցներ ստեղծելու ծրագրերում։