Բաժիններ՝

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը՝ ազատման դիմում գրելու պատճառի մասին

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Լուրը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Սմբատ Գոգյանը:

Հարցին՝ ո՞րն է պատճառը, արդյոք դա կապվա՞ծ է արտագրված ատենախոսությունների դեմ պայքարի հետ, նա պատասխանեց․«Ավելի շատ կախված է աշխարհայացքի հետ։ Մնացածի մասին չեմ խոսի»։

Հիշեցնենք՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ գրագողությունների թեման բարձրացրեցին ուսանողները, որոնք անգամ շարժում ստեղծեցին՝ «Հանուն որակյալ կրթության»։

Նրանք հայտարարում էին՝ եթե գրագողությունը պատճառ դարձավ, որ նախկին պաշտոնակատարը՝ Ռուբեն Հայրապետյանն ազատվի այդ պաշտոնից, ապա ինչո՞ւ պետք է պաշտոնավարի Դիանա Գալոյանը, որի թեզում ևս նման խնդիրներ կան։

Ավելի վաղ զրուցել էինք Սմբատ Գոգյանի հետ և ի թիվս այլ հարցերի նա անդրադարձել էր 1.5 տարվա ընթացքում կատարած աշխատանքներին ու առաջացած խնդիրներին՝ ասելով․

«Շատ բան փորձեցինք անել, բայց քիչ բան հաջողվեց, որովհետև ԲՈԿ-ը համակարգի մի փոքրիկ մասնիկ է, միայնակ ոչ մի բան ստեղծող չէ: Բավականաչափ թափանցիկություն կարողացել ենք ապահովել, ստեղծել ենք գիտական պորտալ, որտեղ շուտով երկու համալսարան դրանով կկազմակերպեն իրենց պաշտպանությունները: Եթե հաջողվի՝ բոլորի հետ դա կանենք: Մասնակիցներից մեկն Ագրարային համալսարանն է, որն այսօրվա դրությամբ, ինձ թվում է՝ ամենապրոգրեսիվ մտածող համալսարանն է: Բայց մեզ մոտ շատ լուրջ օրենսդրական խնդիրներ կան, որովհետև, երբ խիստ չես լինում, ոչ ոք քեզնից չի դժգոհում, սակայն պահանջկոտության դեպքում պարզվում է, որ  բոլորն օրենքի դաշտում փորձում են ամեն մի կետը մեկնաբանել:

Մեր կանոնակարգերը բավականաչափ վատն են, փորձեցինք մշակել, տեսքի բերել, հաստատել, բայց Արդարադատության նախարարությունից ասացին, որ օրենքի լիազորող նորմեր չունեն այն փոփոխելու համար: Ստիպված օրենքը պետք է փոխվեր, որպեսզի կանոնակարգերը կարողանայինք փոխել: Ցավոք, այդ օրենքը փոփոխել մեզ չստացվեց, և արդյունքում՝ վերջին մեկ տարվա ընթացքում, կարելի է ասել, շատ ավելի քիչ էֆեկտիվ ենք աշխատել, որովհետև մարդկային վերահսկողության ժամանակը սպառել ենք, ցանկանում ենք ինստիտուցիոնալ լուծում առաջ քաշել, որը դեռևս չի ստացվում:

Պետք է հստակեցնենք, թե ով է պատասխանատուն, որ դեպքում ինչ պետք է լինի: Դեպքեր կան, որ իրավական ծուղակի վիճակում են: Ասենք՝ գիտական աստիճանը տալիս ենք, սխալ ենք, չենք տալիս՝ սխալ ենք: Այսինքն, հիմա ինչպե՞ս անենք, որ հստակ կանոնակարգում լինի: Ես երբեք 70 էջ արտագրած ատենախոսության հեղինակին չեմ տա գիտական աստիճան, բայց օրենքներն այնպես են գրված, որ մարդիկ մի հատ էլ կարողանում են քննարկել, թե արդյո՞ք այդ 70  էջ արտագրածը բավարար հիմք է, որպեսզի գիտական աստիճան չշնորհվի: Եվ դա մեզ շատ խոցելի է դարձնում: Ամեն դեպքում, մենք արժեքային  հեղափոխություն ձևակերպեցինք և այն մինչև վերջ պետք է փորձենք տանել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս