
«Խուճապ չկա. մարդիկ իրենց բնականոն կյանքով են». Բերքաբեր համայնքի ղեկավար

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ: «Հակառակորդի կրակակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է»,- հայտնել էր Շ. Ստեփանյանը:
168.am-ը զրուցեց Բերքաբեր համայնքի ղեկավար Վահե Ալիխանյանի հետ, ով նշեց՝ գյուղում խուճապ չկա. «Մարդիկ իրենց բնականոն կյանքով են»:
Համայնքի ղեկավարը նաև որոշ մանրամասներ ներկայացրեց. «Ժամը 14:00-ին ադրբեջանական դիրքերից կրակոցներ են տեղացել Բերքաբերի ուղղությամբ, վնասվել է մեկ տան լուսամուտ, սենյակային պատ, վնասվել են տանիքներ: Կրակոցները տևել են մոտավորապես կես ժամ»: