«Սա ոչ թե խափանման միջոցի, այլ մարդուն պատժելու խնդիր է». Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու մասին

«Սպասում ենք միշտ ցանկացած որոշում, որովհետև իրավաբանության մեջ հնարավոր է ամեն ինչ, բայց սա իրավաբանության հետ, իմ կարծիքով, առնչություն չունեցող գործունեություն է»,- անդրադառնալով Աննա Դանիբեկյանի կայացրած՝  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը մերժելու որոշմանը՝ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:

«Որոշումը որևէ ձև չեմ որակում, որոշումը կստանանք՝ կգնահատենք: Տվյալ դեպքում մենք տեսնում ու գնահատում ենք քաղաքական հետապնդման հետագա փուլ: Մենք գնահատում ենք, որ սա ոչ թե խափանման միջոցի խնդիր է, այլ մարդուն պատժելու խնդիր է, և հետամուտ ենք լինելու, որ բոլոր անձինք, ովքեր մասնակցել են այս ապօրինությանը, պատասխանատվություն կրեն, մանավանդ, որ այդ անձինք բարձրաձայն ասել են, որ «Կենտրոն» ՔԿՀ-ն շատ հարմար տեղ է կորոնավիրուսից պատսպարվելու համար: Դատախազները գործի ժամանակ են ասել, որ այնտեղ շատ լավ է կորոնավիրուսի տեսակետից և անվտանգ ա, նաև մի քանի հոգի էսօր այցելել են ու ասել են՝ անվտանգ ա: Հույս ունեմ, որ ժամանակը կգա, և իրենք հնարավորություն կունենան այդ անվտանգությունից օգտվելու»,- ասաց Արամ Օրբելյանը:

Փաստաբանի խոսքով՝ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է, որ առկա է միայն խոչընդոտելու ռիսկ, որն էականորեն նվազել է: Իսկ Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի գործը, որը, ըստ մեղադրող դատախազի, ցույց է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից գործին խոչընդոտելու ռիսկ կա, ակնհայտ մանիպուլյատիվ գործընթաց է, որը ստեղծված է Ռոբերտ Քոչարյանին բանտում պահելու համար:

«Եթե այս որոշման մեջ հղում կատարվի այլ գործի վրա, սա կլինի այլ անձի անմեղության կանխավարկածի խախտում և պարոն Քոչարյանին այլ անձի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու փորձ, որովհետև այն գործընթացում չկա պարոն Քոչարյանի անունը»,- ասաց Արամ Օրբելյանը:

Փաստաբանի խոսքով՝ նախնական քննարկումների արդյունքում պարզ է, որ որոշումը հավանաբար կբողոքարկեն, քանի որ չեն տեսնում, թե ինչ հիմք կարող է ունենալ մերժումը, և ինչ հիմք կարող է լինել Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու համար:

Հիշեցնենք, որ այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է մայիսի 8-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ կամ գրավով փոխարինելու միջնորդությունները:

Տեսանյութեր

Լրահոս