«Ծառայություն առաջարկելը» ոչ թե վիրավորանք է, այլ յուրահատուկ հաշվետվություն  հանրությանը. Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ

Այսօր հետաձգված՝ «Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական նիստից հետո Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի հունվարի 25-ին արված հայտարարությունը, թե Հրայր Թովմասյանը  նախ՝  ամենօրյա ռեժիմով, ապա՝ ամենաշաբաթյա ու ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել Նիկոլ Փաշինյանին, ոչ թե վիրավորանք է, այլ յուրահատուկ հաշվետվություն է հանրությանը:

«Կհիշեք երևի, Ընտրական օրենսգրքի հետ կապված էլ իր ծառայություններն էր այն ժամանակ առաջարկում իշխանություններին, այսինքն, ըստ էության, Ընտրական օրենսգիրքն էր կազմում, Սահմանադրական բարեփոխումների հետ կապված՝ Հրայր Թովմասյանը, ինչպես գիտեք, հանձնաժողովի անդամ է եղել և իր ծառայություններն էր այդ կերպ ուրեմն առաջարկում այն ժամանակվա գործող իշխանություններին՝ համապատասխան նոր Սահմանադրության ընդունման գործում, և այլն: Այսինքն, տեսեք, ծառայություններ առաջարկել որևէ ձևով վիրավորական չէ: Ես իմ ծառայություններն եմ առաջարկում իմ վստահորդին, և այլն: Այսինքն՝ խոսել վիրավորանքի մասին, պետք է ակնհայտորեն թիրախավորված լինի այդ վիրավորանքը, անձը դիտավորություն ունենա վիրավորելու կոնկրետ էդ մեկին, նվաստացնելու նրա արժանապատվությունը, իսկ այստեղ ծառայություններ մատուցել, չեմ կարծում՝ որևէ մեկին կարող է դա վիրավորել:

Առավել ևս իմ վստահորդի խոսքը եղել է բացառապես քաղաքական գործընթացների արդյունքում, մասնավորապես, խոսքը գնում է  Սահմանադրական փոփոխությունների հետ կապված, այդ քարոզարշավի շրջանակում է ներկայացվել, և այն կրել է հասարակական մեծ հնչեղություն, հասարակությունը սպասել է այդ փոփոխություններին, և ներկայացվել է այն, ինչը որ ներկայացվել է իմ վստահորդի կողմից: Եվ սա յուրահատուկ նաև հաշվետվություն է հանրությանը»,- Ասաց Գևորգ Գյոզալյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի մեկնարկը, ըստ  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, փետրվարի 17-ն էր: Հունվարի 25-ին, երբ Նիկոլ Փաշինյանն արել էր այդ հայտարարությունը, քարոզարշավի մասին դեռ խոսք չկար:

Հետաքրքիր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գյոզալյանն անցյալ տարի հունիսին, երբ դատարանը քննում էր Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ վարչապետի, իսկ վեճի առարկան կրկին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, գրեթե նույնաբովանդակ պատասխան էր տվել դատարանում։ Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակման՝ 2018-ի սեպտեմբերին Ֆրանսիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ  ՀՀ վարչապետն ասել էր.  «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում՝ անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

2019-ին զրպարտության հիմքով Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայցի քննության ժամանակ փաստաբան Գյոզալյանն իր վստահորդի անունից լիազորված լինելով՝ աներկբա հայտարարել էր․ «Այդ արտահայտությունը, որն արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, վերաբերել է Սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը, և միանշանակ չի վերաբերել պարոն Քոչարյանին»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում էր ներկայացրել դատարանին՝   պարտավորեցնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել զրպարտության համար։

Իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացված դատական հայցով պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ՍԴ նախագահը հայտնել էր, որ 20 օր սպասելու է, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող «որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց», ինչը չանելու դեպքում կխնդրի փաստաբաններին զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել:

Ապացույցը, կամ, ինչպես նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «անհամաչափ ուժեղ հակահարվածը», Հրայր Թովմասյանի գրիչն էր, որի լուսանկարը Ն. Փաշինյանը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում ու գրել, որ գրիչն իրեն Հրայր Թովմասյանը տվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում, երբ վարչապետը չէր գտել իր գրիչը, ու գրիչի անհրաժեշտություն է եղել: Գրառման համաձայն՝ Փաշինյանը որոշել է գրիչը պահել՝ որպես իր տեսած «ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն»:

Այս հայտարարությունից հետո Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»:

Տեսանյութեր

Լրահոս