Կառավարությունը չի թույլատրում տարկետմամբ սովորող որոշ ուսանողների ավարտել ուսումը
Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի 451-Ն որոշմամբ սահմանվում է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները:
Որոշման 10-րդ կետով նշվում է, որ ասպիրանտուրայում սովորող ուսանողների տարկետումը տրվում է մինչև նրանց 26 տարին լրանալը: Այն ուսանողները, որոնք պահպանելով կրթության անընդհատությունը, այսինքն` առանց ժամանակ կորցնելու բակալավրիատից հետո ընդունվել են մագիստրատուրա, և հետո՝ ասպիրանտուրա, կառավարության կողմից ստանալով տարկետում, չեն կարողանում ավարտել ուսումը: Խնդիրն առկա է այն ուսանողների մոտ, որոնց 26 տարին լրանում է մինչև հունիս, իսկ մնացած ուսանողները հնարավորություն կունենան ավարտել ուսումը: Այսինքն՝ մի դեպքում ուսանողն ասպիրանտուրայում հնարավորություն է ունենում սովորել 2 տարի, մյուսը՝ 3 տարի:
Այն հարցադրմանը, թե ինչո՞ւ է որոշման մեջ նշվում՝ մինչև 26 տարին լրանալը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը նշում է, որ, եթե տարկետում տրվի 26 տարեկանից հետո, ապա դա կհամարվի ծառայությունից ազատման որոշում, այլ ոչ թե՝ տարկետում:
Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 19-րդ հոդվածում պարզ գրված է, որ պարտադիր զինվորական ծառայության ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև զորակոչման ենթակա են այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում: Այսինքն՝ ԿԳՄՍՆ-ն փաստացի չի տիրապետում Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքին, քանի որ քաղաքացու 27 տարին կարող է լրացած լինել, և նա նույնպես ենթակա կարող է լինել ծառայության: Տարկետումը կարող է տրվել ոչ թե մինչև 26 տարին լրանալը, այլ մինչև քաղաքացու 27 տարին լրանալու նախորդ օրը (ցանկացած օր, քանի դեռ չի լրացել նրա 27 տարին): Այսինքն՝ քաղաքացու 27 տարեկանը լրանալու օրվա դրությամբ նա կորցրած կլինի տարկետման հնարավորությունը և ենթակա կլինի զորակոչման:
Եթե քաղաքացուն, ընտանեկան դրությունից կամ առողջական խնդիրներից ելնելով, կամ ԱԺ պատգամավոր ընտրվելու դեպքում, կարող է մինչև 27 տարին լրանալը տրվել տարկետում, ապա կրթության շարունակականության համար, պարզ չէ, թե ինչու հնարավոր չէ:
Առկա խնդիրներն արձանագրել են մի շարք իրավապաշտպաններ, ինչպես նաև Հանրային խորհրդում են արձանագրել, բայց սա հիմք չի հանդիսանում, որ ԿԳՄՍ նախարարության որոշման մեջ փոփոխություն կատարվի: ԿԳՄՍ նախարարության անգործության և անպատասխանատվության և խտրական վերաբերմունքի պատճառով մի խումբ ասպիրանտներ զրկված են շարունակել իրենց ուսումը, որն աննախադեպ է և մարդու իրավունքների կոպտագույն խախտում է համարվում:
ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների հետ ունեցած հեռախոսազրույցների արդյունքում, իրենք փաստում են, որ չունեն առարկություն, և խնդիրը բարդում են ՀՀ Պաշտպանության նախարարության վրա, սակայն հարցը հենց ԿԳՄՍ նախարարության տիրույթում է, և իրենք պետք է նախաձեռնեն փոփոխությունը, առավել ևս, որ չկա հակասություն օրենքի հետ:
Փաստացի ԿԳՄՍ նախարարության 3-ամյա ասպիրանտուրայի կրթությունը որոշ ուսանողների պարտադրում է 2 տարում ավարտել, որը գործնականում հնարավոր չէ, քանի որ որակյալ գիտական աշխատանք կատարելու համար շատ քիչ է 2 տարին:
ԱՐՏՅՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ