«Պարոն Ղուլյանը պաշտոնի համար երբեք չի պայքարել». Անուշ Ղավալյան
«Այս պահին դրանք միայն խոսակցություններ են» այսպես արձագանքեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խորհրդական Անուշ Ղավալյանը 168.am-ի հարցին, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե Արցախի ԱԳ նախարարի պաշտոնի համար պայքար է գնում Աշոտ Ղուլյանի և գործող նախարար Մասիս Մայիլյանի միջև:
«Պարոն Ղուլյանը պաշտոնի համար երբեք չի պայքարել, բայց միշտ պատրաստ է եղել իր փորձը ծառայեցնելու երկրին։ Այդ մոտեցման մեջ ոչինչ չի փոխվել»,- շեշտեց նա՝ հավելելով, որ նորություն լինելու դեպքում անպայման տեղեկացնեն:
Նշենք, որ ապրիլի 21-ին Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքական հնարավոր համագործակցության տեսլականով խորհրդատվությունների շարքն առաջինը սկսել էր Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպմամբ: Այնուհետ տեղեկացրել էր, որ Աշոտ Ղուլյանի և նրա ղեկավարած ուժի հետ հանդիպմանը կադրային նշանակումներին առնչվող առաջարկներ չեն քննարկել, և մամուլում կամ հանրության մեջ այս առթիվ շրջանառվող խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Արցախի ժողովրդավարական կուսակցության հետ քաղաքական քննարկումներն այսքանով չեն ավարտվել, և պայմանավորել ենք հետագայում ևս շարունակել համատեղ խորհրդատվությունները»,- ասվում էր համապատասխան հաղորդագրության մեջ:
168.am-ի հետ զրույցում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել է, որ որևէ քննարկում նշված և ուշադրության կենտրոնում գտնվող այլ պաշտոնների մասով, թեկնածուների մասով չկա: