Արայիկ Հարությունյանը նախարարական երկու պաշտոնի մասով վերջնական որոշում է կայացրել

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ, Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար որպես թեկնածու առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Շատ օրիգինալ որոշում է կայացվել. ոչ թե ձևական մարդիկ առաջադրել են իրենց նախընտրած թեկնածուներին, ինչպես տարիներ ի վեր եղել է: Այսինքն՝ նման քաղաքական միջոցառումների ժամանակ լինում էին պայմանավորվածություններ, հրապարակվում էին թեկնածուների անուններ և կայանում էր ձևական քվեարկություն: Մենք միանգամից առաջադրեցինք բոլոր պատգամավորության մանդատ ստացողներին, և հայտարարվեց, որ առավելագույն ձայն ստացած թեկնածուն դառնալու է մեր քաղաքական թիմի կողմից առաջադրվելիք Արցախի ԱԺ նախագահի թեկնածուն: Եվ Արթուր Թովմասյանը, ով գործող խորհրդարանում մեր քաղաքական ուժի խմբակցության ղեկավարն է՝ «Հայրենիք» խմբակցության, հավաքեց առավելագույն ձայները և մայիսի 21-ին կայանալիք ԱԺ առաջին նիստում կլինի մեր քաղաքական թիմից առադրվելիք ԱԺ նախագահի թեկնածուն»,- մանրամասնեց նա՝ նշելով, որ նիստում որոշել են նաև ձևավորվելիք խորհրդարանում քաղաքական իրենց թիմի կամ դաշինքի խմբակցության ղեկավարին և քարտուղարին:

Վահրամ Պողոսյանը հայտնեց նաև, որ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է, որ  կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանին կնշանակվի Նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ կրթության, գիտության և սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար:

«Այս պահին ինչ հրապարակվել է՝ վերջնական որոշում է»,- շեշտեց նա:

Մեր հարցին՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ թեժ պայքար է գնում Աշոտ Ղուլյանի և Մասիս Մայիլյանի միջև Արցախի ԱԳ նախարարի պաշտոնի համար, և որ Արայիկ Հարությունյանի կողմնակիցներից շատերը կողմ չեն Մայիլյանի թեկնածությանը, Վահրամ Պողոսյանն ասաց՝ դրանք ոչ հավաստի խոսակցություններ են:

«Այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Առհասարակ, բացի հրապարակված անուններից, որոնց պաշտոնները հստակ են, մյուս բոլոր խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն: Որևէ քննարկում այլ պաշտոնների մասով, թեկնածուների մասով չկա»,- վստահեցրեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս