Գարիկ Մաշադյանի կատարած դաժան սպանության գործը մտավ դատարան
2019թ. հոկտեմբերի 22-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր կատարվել Երևանում. Դեպքի վայր այցելած իրավապահները Վարդաշեն 2-րդ փողոցի բնակարաններից մեկի հյուրսենյակում հայտնաբերել էին տանտիրուհու` 64-ամյա Ց.Բ.-ի դին:
Ավելի ուշ պարզվեց, որ ենթադրյալ մարդասպանը, ով մեղայականով ներկայացել էր Ոստիկանության Էրեբունու բաժին ու ինքնախոստովանական ցուցմունք տվել, 46-ամյա Գարիկ Մաշադյանն է, ով Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Մաշադյանի հարազատ եղբայրն է: Սպանությունը, նախնական տվյալներով` կատարվել էր գողության շարժառիթով:
Եվ ահա այդ գործի նախաքննությունն ավարտվել է, ու այն մտել է դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննելու է դատավոր Նելլի Բաղդասարյանը:
Ըստ մեղադրական եզրակացության` Գարիկ Հարությունի Մաշադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Ցողիկ Մամիկոնի Բադիկյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնված գաղտնի փականով դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ նրան ապօրինաբար զրկելով կյանքից, ինչից հետո Ցողիկ Բադիկյանի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել վերջինիս բնակարան և խախտել նրա բնակարանի անձեռնմխելիությունը:
«Գարիկ Մաշադյանը և Ցողիկ Բադիկյանը բնակվել են Երևան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի 2-րդ շենքում՝ հարակից մուտքերում: 2019 թվականի օգոստոս ամսին Գարիկ Մաշադյանը, տեղյակ լինելով Ցողիկ Բադիկյանի կողմից ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսադրույքով գումար տրամադրելու հանգամանքի վերաբերյալ, վերջինիս խնդրել է իրեն տրամադրել 300 ԱՄՆ դոլար գումար, ինչին վերջինս չի մերժել, սակայն հայտնել է, որ հիշյալ գումարը կարող է տրամադրել միայն գրավադրմամբ: Գարիկ Մաշադյանը պարտավորվել է տրամադրվող գումարի դիմաց ոսկյա իր գրավադրել և նույն օրը հանգուցյալ հոր ոսկյա խաչը փոխանցել է Ցողիկ Բադիկյանին, ինչի դիմաց վերջինիցս ամսեկան 10 տոկոս տոկոսադրույքով ստացել է 300 ԱՄՆ դոլար գումար:
Բանավոր պայմանավորվածության համաձայն՝ Ցողիկ Բադիկյանը պարտավորվել է մեկ ամիս անց գումարը և տոկոսադրույքը ստանալուն պես ետ վերադարձնել ոսկյա խաչը, սակայն նախապես պայմանավորված օրը Գարիկ Մաշադյանը չի կարողացել կատարել իր ստանձնած պարտավորությունը և միայն պայմանավորվածության ժամկետը լրանալուց շուրջ 5 օր անց վերցրած 300 ԱՄՆ դոլար գումարը և դրա տոկոսադրույքը կազմող 30 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնելու և ոսկյա խաչը ետ ստանալու նպատակով գնացել է Ցողիկ Բադիկյանի նշված բնակության վայրը, սակայն վերջինս հայտնել է, որ ստանձնած պարտավորության ժամկետը խախտելու պայմաններում վաճառել է գրավադրված ոսկյա խաչը: Գարիկ Մաշադյանը տեղեկացրել է, որ նշված խաչն իր հոր հիշատակն է, պահանջել է այն ետ վերադարձնել, իսկ Ցողիկ Բադիկյանը պարտավորվել է հնարավորության սահմաններում փորձել այն ետ վերադարձնել: Օրեր անց վերը նշված պահանջով Գարիկ Մաշադյանը կրկին հանդիպել է Ցողիկ Բադիկյանին, սակայն վերջինս հաստատապես պնդել է, որ չի կարող վաճառված ոսկյա խաչը վերադարձնել»,- կարդում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգում:
Հաջորդիվ տեղեկանում ենք, որ 2019թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գարիկ Մաշադյանն առանց իր գիտության հանգուցյալ հոր ոսկյա խաչը վաճառելու հարցի կապակցությամբ պարզաբանումներ պահանջելու նպատակով գնացել է Ցողիկ Բադիկյանի բնակության վայր հանդիսացող՝ Երևան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարան, թակել է մուտքի դուռը և վերջինիս թույլտվությամբ մուտք է գործել բնակարան: Հյուրասենյակում Ցողիկ Բադիկյանը նշված հարցի վերաբերյալ հրաժարվել է այլևս պարզաբանումներ տալ և պահանջել է դուրս գալ բնակարանից: Հիշյալ հանգամանքից վրդովված՝ Գարիկ Մաշադյանը ձեռքով հարվածել է Ցողիկ Բադիկյանին, որից հետո վերջինս սկսել է աղմկել՝ կրկին պահանջելով հեռանալ բնակարանից, որպիսի պայմաններում Ցողիկ Բադիկյանի վարքագծից վրդովված՝ նրան ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ Գարիկ Մաշադյանն աջ գոտկատեղից հանելով գաղտնի փականով դանակը՝ մի քանի անգամ հարվածել է նրա կրծքավանդակին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել տան հյուրասենյակում:
«Վայրկյաններ անց Ցողիկ Բադիկյանը ոտքի է կանգնել և ձեռքերը պարզած բղավելով քայլել է Գարիկ Մաշադյանի ուղղությամբ: Տեսնելով, որ Ցողիկ Բադիկյանը ստացած հարվածներից չի մահացել, շարունակելով իր հանցավոր դիտավորությունը՝ Գարիկ Մաշադյանը նույն դանակով կրկին մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ցողիկ Բադիկյանի կոկորդին և դեմքի հատվածին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որոնք ուղեկցվել են արտաքին և ներքին արյունահոսությամբ, ներքին օրգանների սակավարյունությամբ: Ստացած մարմնական վնասվածներից՝ Ցողիկ Բադիկյանը վայր է ընկել հյուրասենյակի հատակին և մահացել է, իսկ Գարիկ Մաշադյանը դիմել է փախուստի:
Բացի այդ, Գարիկ Մաշադյանը այդ թվում բնակարանից հեռանալու պահանջի արդյունքում ծագած վիճաբանության ընթացքում Ցողիկ Բադիկյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելուց և բնակարանից հեռանալուց հետո շենքի առաջին հարկում նկատել է, որ մեքենայի բանալիները մոռացել է Ց.Բադիկյանի տան սեղանի վրա, և տեսնելով, որ վերջինիս բնակարանի դուռը փակ է, իջել է շենքի բակ ու նկատելով Ց.Բադիկյանի բնակարանի պատուհանը բաց լինելու և պատուհանի տակ կայանած մեքենա լինելու հանգամանքը, ինչպես նաև, գիտակցելով, որ Ցողիկ Բադիկյանի կողմից իրեն հեռանալու պահանջ ներկայացնելու պայմաններում բնակարան կրկին մուտք գործելու իրավունք չունի ու գործում է նրա կամքին հակառակ, վերջինիս՝ Երևան քաղաքի Վարդաշեն 2-րդ փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում թողած մեքենայի բանալին վերցնելու նպատակով Գ.Մաշադյանը ոտքը դրել է կայանած մեքենայի վրա, ուժ տալով մյուս ոտքը դրել է առաջին հարկի պատուհանի ճաղավանդակին և ձեռքերը բարձրացնելով՝ ապօրինի մուտք է գործել նշված բնակարան, որպիսի պայմաններում դիտավորությամբ խախտել է Ց.Բադիկյանի բնակարանի անձեռնմխելիությունը»,- գրված է մեղադրական եզրակացության մեջ:
Հասմիկ Սարգսյան