«Երկրում լուրջ խնդիրներ կան, բայց մենք ընկել ենք, խորհրդարանական ծեծուջարդի վերլուծությամբ ենք զբաղվում». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը չի ցանկանում ստանձնել իրավապաշտպանի դեր և ասել՝ մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, դրան մասնակցած պատգամավորները պետք է իրենց մանդատները վա՞յր դնեն, թե՞ ոչ:

«Մենք մեր գնահատականը՝ այս միջադեպի հետ կապված, արդեն հնչեցրել ենք, մնացած հարցերով թող քննություն իրականացվի, և մեղավորները պարզվեն,  ու տրվեն համարժեք գնահատականներ: Ինչ վերաբերում է երկու խմբակցությունների կողմից մանդատները վայր դնելու առաջարկներին, կարծում եմ՝  յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է որոշի իր գործողությունների տրամաբանությունը»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Իվետա Տոնոյանը:

Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Պետրոսյանն էլ, միջադեպի մասնակից երկու կողմերին կոչ արեց, որ նման խնդիրներով բավական է զբաղեցնեն հանրության ուշադրությունը. անհրաժեշտ է՝ զբաղվեն լուրջ հարցերով:

«Այսօր մեր երկրում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, բայց մենք ընկել խորհրդարանական ծեծ ու ջարդի վերլուծությամբ ենք զբաղվում: Կան իրավապահ մարմիններ, թող իրենք բարձր գտնվեն, հետևողական լինեն օրենքով իրենց վերպահված լիազորություններին և  մեզ ազատեն այս խնդրից: Մենք ասել ենք, որ խորհրդարանում պետք է լինի քաղաքական մթնոլորտ և բռունցքներ ցուցադրելու վայրն այլ տեղ է, ոչ թե խորհրդարանը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Ըստ պատգամավորի՝ այսօր որևէ մեկն ինքնաքննադատությամբ չի զբաղվում, ով ձախողում է՝ սկսում է մեղավորներ փնտրել, իսկ ժողովրդին շատ քիչ է հուզում, թե ով է մեղավորը, քանի որ նա իր ընտրությունը կատարել է և լիազորել է այս կամ այն ուժին՝ իր խնդիրները լուծելու:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս