«Ինչի՞ պիտի ԿԲ-ից իջնեն… 5 օրինակ տվեք, ես անձամբ կկարդամ». Նիկոլ Փաշինյանը՝ բողոքող քաղաքացիներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն 3 օր Կենտրոնական բանկի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ զրուցեց միայն այն բանից հետո, երբ քաղաքացին հիշեցրեց վարչապետին, որ նա էլ է մի քանի տարի առաջ իր ակցիաները սկսել 20 հոգով: Մինչ այդ վարչապետն ասում էր, թե շտապում է ինչ-որ տեղ:

Նիկոլ Փաշինյանը նախ քաղաքացիներին փորձեց սաստել՝ ասելով, թե արտակարգ դրության պայմաններում ինչո՞ւ են հավաքվել առանց դիմակների:

«Իսկ արտակարգ դրության ռեժիմում իրավունք ունե՞ն բանկերը զանգեն, փող ուզեն մարդկանցից: Զանգում են մարդուն, ասում են՝ գալիս ենք ավտոդ վերցնենք ձեռիցդ, իրավո՞ւնք ունեն»,- հակադարձեց քաղաքացիներից մեկը:

Վարչապետը չհավատաց քաղաքացիների խոսքին:

«էս ընթացքում 500.000 մարդու վարկային արձակուրդ ա տրվել: Էսօր բոլոր մարդիկ էլ, ովքեր իրանց բանկերի հետ նորմալ, ճիշտ աշխատանքային հարաբերություններ ունեն, բանկերը բոլորին էլ ըմբռնումով են վերաբերվում»,- ասաց Փաշինյանը;

Քաղաքացիների խոսքով՝ մի քանի օր է, ինչ ԿԲ-ի դիմաց ցանկանում են հանդիպել բանկի ներկայացուցչի, բայց ոչ ոք չի իջնում: Սա վրդովվեցրեց վարչապետին:

«Ինչի՞ պիտի իջնեն: Ինչի՞ պիտի իջնեն»,- հակադարձեց վարչապետն ու ասաց, որ, եթե քաղաքացիները պնդում են, որ բանկերն իրենց չեն ընդառաջել, թող կոնկրետ օրինակները ներկայացնեն իր օգնականին, ինքն էլ խոստացավ անձամբ կարդալ դրանք:

«Էդ 5 օրինակը կտաք, էդ 5 կոնկրետ օրինակով կհամոզվեմ, որ ճիշտ եք ասում, էդ 5 օրինակով կզբաղվեմ, ուրիշ 5 օրինակ կուզեմ, ուրիշ 50 օրինակ կուզեմ, պայմանավորվեցի՞նք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հավաքվածների հիշեցմանն էլ, թե ԱԺ պատգամավոր եղած ժամանակ խոստացել էր իջեցնել բանկերի տոկոսադրույքները, բայց իշխանության գալուց հետո չի իջեցրել, ասաց.

«2018 թվին օրենք ա ընդունվել, որով տույժ-տուգանքները ներվել են: Օրենք ա ընդունվել, որ 125.000 մարդու վարկային պատմությունը մաքրվել ա և 13 մլրդ դրամի տույժ-տուգանք ա ներվել»:

Քաղաքացիները խոստացան ներկայացնել օրինակները՝ ասելով. «որ կարդաք՝ կզարմանաք»:

Տեսանյութեր

Լրահոս