«Եթե Փաշինյանը ճիշտ էր, ապա ինչո՞ւ առ այսօր չկա ապացուցված իրավական գործընթաց, եթե սուտ էր, ապա կարո՞ղ ենք ասել, որ բանակն և զինվորականները ենթարկվել են հանիրավի զրպարտանքների». Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․ «Իշխանափոխության սկզբնական փուլում բանակի նկատմամաբ սկսված հիստերիկ հակաքարոզչությամբ մոռացության մատնվեց «Ազգ-Բանակ» գաղափարը՝ որպես հասարակության զարգացման հավաքական ու սոցիալական մոդել: Ի՞նչ ունենք այսօր դրա փոխարեն: Ընդամենը մեկ բան, մշտական տեղակայման վայրերում, համեմատաբար թանկ գնով ավելի գեղեցիկ կերակրվող ստորաբաժանումներ: Լա՞վ է դա, բնականաբար լա՛վ է: Բավարա՞ր է, իհարկե ո՛չ: Ռազմական մասնագետները կասեն, որ պաշտպանական ու անվտանգային հարցերում դա չնչին, նույնիսկ աննշան թեմա է:
Ունի՞ արդյոք գործող քաղաքական իշխանությունն ազգային անվտանգության բարձրացման ռազմավարական և մարտավարական նոր գաղափարներ: Ցավոք չունի, դատարկություն է, ունայնություն-ունայնության: Ընդհակառակը, արտաքին քաղաքական դիլետանտության պատճառով այսօր էական վնասներ են կրում նաև ռազմաքաղաքական համագործակցության ոլորտները: Անցավ երկու տարի, և այդպես էլ չպարզվեց, թե ովքե՞ր են թալանել, բանակը, կամ արդյոք այն թալանվե՞լ է թե ո՛չ: Եթե Փաշինյանը ճիշտ էր, ապա ինչո՞ւ առ այսօր չկա ապացուցված իրավական գործընթաց, եթե դա սուտ էր, ապա կարո՞ղ ենք արդեն ասել, որ բանակն և զինվորականները ենթարկվել են հանիրավի զրպարտանքների:
Ադրբեջանի դեմ կանգնած հայկական բանակը, ամեն պահ պատրաստ է ետ մղելու հակառակորդի զինված դիվերսիոն ներթափանցումները: Հայկական բանակի օպերատիվ ստորաբաժանումները օր ու գիշեր, տարբեր հաճախականությամբ արձանագրում են ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքեր՝ ընդհուպ մինչև խոշոր տրամաչափի տեխնիկոյով: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ ռազմական ճանապարհով վերականգնելու է իր գոյություն չունեցող տարածքային ամբողջականությունը: Վերջերս նույնիսկ պարզվեց, որ հայկական տարածքների վրա թուրք-ադրբեջանական տանդեմը ստեղծում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի (Էրիվանի) վտարանդի կառավարություն:
Այսքանից հետո Հայկական Բանակի զինծառայողները միացնում են հեռուստացույցը և լսում, որ իրենց պատերազմական ժամանակի գերագույն գլխավոր հրամանատարը այդ նույն Ադրբեջանին անվանում է ոչ ավե՛լ, ոչ պակաս՝ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ»:
Իշխանափոխության սկզբնական փուլում բանակի նկատմամաբ սկսված հիստերիկ հակաքարոզչությամբ մոռացության մատնվեց “Ազգ-Բանակ”…
Gepostet von Artak Zakaryan am Mittwoch, 13. Mai 2020