«Մեծ ցավով տեղեկացնեմ, որ ունեցել ենք մահվան 3 դեպք». Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 228-ի
Արմավիրի մարզում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք, կա 110 առողջացած քաղաքացի։
Այս մասին տեղեկացնում է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։
«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ մայիսի 13-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: Ունենք 110 առողջացած և 172 ինքնամեկուսացած: Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք»,- գրել է Մաթևոսյանը:
Նա մարզի բոլոր բնակիչներին կոչ է արել շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն՝ անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել։