Բաժիններ՝

Ելակի մատակարարման ետևից երևում են Դավիթ Տոնոյանի և Աննա Հակոբյանի «ականջները». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «2020 թվականի ապրիլի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն «ավետեց»՝ «ելակը մտավ զորամասեր»։ Նա ֆեյսբուքյան էջում տեղադրել էր զորամասերից մեկի խոհանոցի նկարը, զինվորներին մատուցվող սննդի կողքին՝ ելակով բեռնված սառնարանները։ Առաջին հայացքից ուրախալի թվացող այս լուրը բազում հարցեր առաջ բերեց նախ այն պատճառով, որ միրգ- հատապտուղների շարքին դասվող այս մթերքը վիտամինների առանձնահատուկ առկայությամբ աչքի չի ընկնում եւ արագ փչացող է։ Ապրիլի 23-ին մենք պաշտպանության նախարարությանը հարցեր ուղարկեցինք․ «Ո՞ր ընկերությունից է գնվում ելակը, ի՞նչ հիմունքներով։ Արդյոք մրցույթ հայտարարվե՞լ է ելակի տրամադրման, քանի՞ ընկերություն է մասնակցել մրցույթին, եւ ի՞նչ գնային առաջարկներ են եղել։ Ելակի մատակարարման պայմանագիրն ի՞նչ ժամկետով է կնքվել։ Ի՞նչ ծավալներով ու գնով է ձեռք բերվում։ Քանի՞ զորամասի է մատակարարվում, ո՞վ է առաջարկել, որ միրգ-հատապտուղներից հենց ելակը պետք է մատակարարվի բանակին։ Եթե կան ֆինանսական միջոցներ, ինչո՞ւ չի որոշվել դրանք ծախսել կալորիականությամբ եւ վիտամիններով ավելի բարձր սննդի, օրինակ՝ մսի չափաբաժինն ավելացնելու վրա»։

11 օր անց ՊՆ-ից ստացանք հետեւյալ պատասխանը․ «ՀՀ պաշտպանության նախարարությունն իր կարիքների համար անհրաժեշտ ապրանքները ձեռք է բերում «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան հայտարարվող մրցույթների արդյունքում՝ հաղթող ճանաչված մասնակցի հետ պայմանագիր կնքելու միջոցով, իսկ ելակի գնման համար պայմանագիր չի կնքվել։

Հայտնում եմ նաեւ, որ 2019 թ․ հունիս ամսից մեկնարկել է մասնավոր գործընկերոջը ՀՀ Զինված ուժերի սննդի պատվիրակման փորձնական ծրագիրը։ Տվյալ ծրագրի շրջանակներում պարենային ապրանքների ընտրությունը եւ մատուցումն իրականացվում են սննդի մատուցում իրականացնող կազմակերպության կողմից՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարության եւ կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրով սահմանված պահանջները։ «Ելակ» ապրանքատեսակի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարության մասով հայտնում եմ, որ այն մատուցվել է տվյալ ծրագրի շրջանակներում սննդի մատուցում իրականացնող կազմակերպության կողմից, քանի որ պայմանագրով սահմանված է, որ պետք է մատուցվեն նաեւ մրգեր եւ հատապտուղներ՝ պահպանելով բազմազանությունը»։

Մի փոքր հիշենք նախապատմությունը․ 2019 թ․ փետրվարին ՀՀ ՊՆ որոշմամբ Հայաստանի զինված ուժերում զինծառայողների սննդի կազմակերպումը փորձնական ծրագրով վստահվեց մասնավոր կազմակերպություններին, որոնցից մեկը հայկական ռեստորանային ոլորտի առաջատարներից «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն է, մյուսը՝ «Արտ լանչ» սննդի ցանցը։ Մամուլում գրվեց նաեւ «Մեդիտեք» ընկերության մասին, որը բժշկական սարքավորումների ու գործիքների մեծածախ առեւտրով զբաղվող հայտնի ընկերություն է։ Ի դեպ, սննդի ոլորտում այս ընկերության գործունեության մասին տվյալներ չկան։ Ընկերությունը, ըստ պետռեգիստրի, ունի երկու բաժնետեր՝ Անուշավան Խաչատրյանն ու նրա որդին՝ Սամվել Խաչատրյանը։ Անուշավան Խաչատրյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմներից է։

ՊՆի-ից կայքին ուղարկված պատասխանից տեղեկացել են, որ ելակը մատակարարում են հենց այդ մասնավոր ընկերությունները կամ դրանցից մեկը, որոնց հետ ՊՆ-ն պայմանագիր ունի, որտեղ նախապես ամրագրել են, որ պետք է «մատուցվեն նաեւ մրգեր եւ հատապտուղներ՝ պահպանելով բազմազանությունը»։ Փորձեցինք պարզել, թե կոնկրետ որ ընկերությունն է մատակարարել ելակը, ապարդյուն։

«Արտ լանչի» տնօրեն Բակուր Մելքոնյանը մեզ փոխանցեց, որ իրենք ելակ չեն մատակարարում, ինչու՝ չմանրամասնեց։ Պարզվեց, զորամասերին ելակ մատակարարող ընկերությունը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհու «Գրին ֆուդ» ընկերությունն է։

Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015-ին։ Ունի 2 բաժնետեր՝ Արտաշես Ավետիսյանը եւ Վարդուհի Ֆեսչյանը։ Ավետիսյանը 2009-2014 թթ․ եղել է տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ, իսկ Վարդուհի Ֆեսչյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Կարապետ Վարդանյանի կինն է։ Ընկերության անունը լայն տարածում գտավ հեղափոխությունից ամիսներ անց, երբ 2018-ի նոյեմբերին Աննա Հակոբյանն այցելեց Արթիկում գտնվող այս ջերմոցային տնտեսություն։ Ասում են՝ Աննա Հակոբյանի եւ Ֆեսչյանի ընկերությունը կայացել է այն դժվար օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն Արթիկի բերդում նստած էր։ Արթիկում ապրող այս ընտանիքը ջերմ հյուրընկալություն է ցուցաբերել Փաշինյանի ընտանիքին, երբ հայրիկին բանտում տեսակցության են մեկնել։ Ընտանիքը երախտամոռ չի գտնվել․ անցած տարի կառավարությունը մաքսային արտոնություն շնորհեց «Գրին ֆուդ»-ին։ Հիմա էլ որոշել են, որ այս ընկերության ելակը պիտի բանակին մատակարարվի։

Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը մեզ հետ զրույցում նախ անկեղծացավ, որ առաջարկն իրենց կողմից է եղել ՊՆ-ին, իրենք են խորհուրդ տվել ելակ տալ զինվորներին, եւ գործարքն էլ հենց ուղիղ նախարարության հետ է կայացել: «Մենք առանց միջնորդների ենք գործարքն իրականացրել, միանգամից բանակին ենք տվել։ Մենք իրենց (նկատի ունի մատակարար ընկերություններին՝ Լ․ Շ․) հետ կապ չունենք»,- ասաց Իգնատոսյանը։ «Այո, այո, մենք մեր «ինիցիածիվայով» ենք առաջարկել․․․ իմունիտետի համար շատ լավ է, ընտիր միրգ է համարվում, քաղցր է, ի՞նչ վատ է որ, կալորիականություն էլ որ չունի՝ շատ լավ է, չեն չաղանա։ Հիմա դա առավելությո՞ւն է, թե՞ թերություն՝ չեմ հասկանում մեր կողմից առաջարկը»,- մեր հարցերին ի պատասխան` ասաց Իգնատոսյանը։ Նա ասաց, որ ջերմոցային տնտեսություններին բնորոշ է 3 ամիսը մեկ բերքատվությունը։

Դեռ երկու անգամ են մատակարարել՝ այս տարվա ապրիլի 6-ին եւ 14-ին, երկու անգամն էլ` 900-ական կիլոգրամ, մեկ կիլոգրամը` մոտ 700 դրամով, բացի դրանից, նույն գնով երկու անգամ էլ ելակի մուրաբա է գնվել բանակի համար՝ 153 եւ 195 կիլոգրամով։ Իգնատոսյանն ասաց, որ չնայած պայմանագիր չունեն, բայց կա պայմանավորվածություն, որ բերքատվության դեպքում անպայման նորից կմատակարարեն, սահմանված գին էլ չկա․ «Նայած ինչքան պարարտանյութ ենք օգտագործելու, գազի ու հոսանքի հետ է կապված գինը, ինքնարժեքը միշտ տատանվում է, աշխատողներ ենք ավելացնում, հետո սեզոն է գալիս, որ պետք չեն, մի խոսքով՝ գինը տատանվելու է, բայց վստահեցնում եմ, որ մենք ինքնարժեքով ենք վաճառելու»։ Մեր հեռախոսազրույցից մոտ մեկ ժամ հետո Իգնատոսյանը զանգեց ու «ճշգրտումներ» արեց իր ասածներում, խմբագրեց ինքն իրեն՝ ասելով, թե սխալվել է՝ գործարքը կայացել է «Մեդիտեք» ընկերության միջոցով, այդ ընկերությունն է իրենցից գնել ելակը։

Բայց փաստն այն է, որ, ի հեճուկս հեղափոխական իշխանությունների հավաստիացումներին, թե այլեւս պետական գնումների ոլորտում կոռուպցիոն սխեմաներ չեն գործում, թե ծանոթ-բարեկամների միջոցով չեն կատարում գնումները, (անցյալում ՊՆ մատակարարումները բացառապես գնումներով եւ մրցույթներով էին իրականացնում, չնայած մրցույթներում առկա ապօրինություններին) հիմա անգամ չեն բարեհաճում մրցույթներ անցկացնել։ Անհասկանալի պայմաններում, անհասկանալի միջնորդների միջոցով՝ առանց ընթացակարգերը պահպանելու են դրանք իրականացվում։ Պատահական չէ, որ ելակի ետեւից երեւում են Դավիթ Տոնոյանի եւ Աննա Հակոբյանի ականջները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս