«Էս մարդկանց պատասխանատուն Փաշինյանն է, նա է բերել, նա էլ պատասխանատուն է». Էդմոն Մարուքյանը՝ Ալեն Սիմոնյանին

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներին թեև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չմասնակցեց, սակայն, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սկսեց իր ելույթը, նա եկավ ճեպազրույցների սենյակ:

Ալեն Սիմոնյանը սպասեց, մինչև Էմոն Մարուքյանն ավարտեց խոսքը, և վերջինիս հետ միասին դուրս եկավ, որից հետո Էդմոն Մարուքյանին ցույց տվեց 2018  թվականի իշխանափոխության օրերին գրված հաղորդագրությունը:

«Տեսեք, ժողովուրդ ջան, սա «Ելք» դաշինքի խումբն է, որտեղ ես կոչ եմ արել, որ դուրս գան փողոց, ասել եմ, որ դա իրենց կուսակցական դիրքորոշումը թող չլինի, բայց թող դուրս գան: Հիմա այս մարդն ասում է, թե նման բան չի եղել, ապացույցը սա է, որ եղել է»,- ասաց Ալեն Սիմոնյանը և հեռախոսով ցույց տվեց իր ուղարկած հաղորդագրությունը:

Նա նաև հավելեց, որ ընդունում է Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հնչեցրած ներողությունները և կոչ է անում, որպեսզի նա վերադառնա խորհրդարան և սկսեն աշխատել:

Լսելով ԱԺ փոխնախագահին, Էդմոն Մարուքյանը հարցրեց. «Ալեն, հետևից խփելը վիրավորանք չէ՞»:

Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ որևէ մեկը Մարուքյանին հետևից չի խփել՝ տեսանյութ կա:

Էդմոն Մարուքյանն էլ ասաց. «Նայեք, նայեք, թե ում հետ գործ ունենք, ամբողջ երկրագունդը տեսել է, բայց Ալեն Սիմոնյանն ասում է, թե հետևից որևէ մեկը չի խփել: Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ չի դատապարտում ձեր վարքը, արարքը: Էս մարդկանց պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, նա է բերել, նա էլ պատասխանատուն է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս