«Եթե ուզում ես քանդել պետություն կամ ընտանիք, որևէ «բարի գործ» անելու անվան տակ խառնվիր նրա ներքին կյանքին». Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Հայկական ավանդական ընտանիքը, որն ինքնության պահպանման ամենակուռ միկրոհամակարգն է, շարունակաբար կաշկանդվում է այսպես կոչված տարբեր տիպի բռնությունների դեմ պայքարի օտարածին գործիքակազմով: Իսկ դա նշանակում է, պետության թույլտվությամբ՝ հայկական ավանդական ընտանեկան հարաբերությունների մեջ են «մտնելու» օտար աչքեր, ականջներ ու ձեռքեր: Հնուց եկած ճշմարտություն է, եթե ուզում ես քանդել պետություն կամ ընտանիք, որևէ «բարի գործ» անելու անվան տակ խառնվիր նրա ներքին կյանքին:
Եթե կոտրում, կամ փոփոխում ես ավանդական հայ ընտանիքի արժեքային կոդը՝ ազատության կամ մարդակենտրոն լիբեարլիզմի անվան տակ նրան դարձնելով փաստացի անդաստիարական կամ էգոիստ, առանց այլոց նկատմամբ ընդգծված հարգանքի, ապա դուք ստանում եք սպառողական հասարակության լավագույն մոդելը: Այսինքն՝ չկա ընտանիքի ազդեցությունը անհատի դաստիրարակության ու ձևավորման գործում: Դրա փոխարեն կա արտաքին միջավայրի անմիջական ներգործությունը՝ տեղեկատվական իր հզոր գործիքակազմով: Մարդը դառնում է մանկուրտ, ում հեշտությամբ կարելի է դարձնել նարկոման, հանցագործ, սեռական շեղումներով մեկը, հայրենիքի դավաճան, անհայրենիք կոսմոպոլիտ, ստիպել, որ հավատա ցանկացած անհեթեթության և այլն:
Այս հարցերում, ձևավորվող մարդուն պաշտպանում են միայն ընտանիքը և պետությունը: Հետևությունները թողնում եմ ձեզ»: