Բաժիններ՝

Հանուն ինչի՞, կամ՝ ի՞նչ է կատարվում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդերում

Ո՞րն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այս պահին իրականացվող ֆոնդերի կառուցվածքային փոփոխությունների հիմնական նպատակը:

Այս հարցը մեծ աղմուկ և մտահոգությունների ալիք է բարձրացրել՝ ինչպես մասնագիտական շրջանակներում, այնպես էլ՝ հասարակության լայն շերտերի մոտ: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը «168 Ժամի» հետ հարցազրույցի ընթացքում պատասխանելով հարցին՝ ասում է.

«Հիմնական նպատակը շատ պարզ է՝ առանձնացնել գիտական գրադարանը (գրքեր, մամուլ) ֆոնդերից»:

Եթե ամեն բան այդքան պարզ է, ապա ինչի՞ համար է այս աղմուկը:

Պարզվում է՝ թանգարան-ինստիտուտի ներսում գիտաշխատողներից ոմանք ոչ միայն չեն կիսում տնօրեն Հարություն Մարությանի այս լավատեսությունը, այլև զգալի վտանգ են տեսնում թանգարանի ֆոնդերում կատարվող այս փոփոխությունների հետևում: Այս մասին բարձրաձայնում է Թանգարան- ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը, ով մտահոգություն է հայտնում, թե սկսված գործընթացով փորձ է արվում փոխել թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդերում պահվող նյութերի կարգավիճակը:

Թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս փոփոխությունը, որ, ըստ էության, առնչվում է ցեղասպանության պատմությանը վերաբերող փաստավավերագրական, սկզբնաղբյուրային նշանակության բացառիկ նյութերի, որոնց անվտանգության ապահովման և պահպանության կազմակերպման երաշխավորը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը, պարզաբանում է թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը.

«Իմ տեղեկություններով՝ «Հազարաշեն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ), ի դեմս այս 2 անձանց, հավակնում է ստանալ խոշոր դրամաշնորհ՝ հայաստանյան արխիվների հասանելիության չափանիշը ճշգրտելու մի ծրագրի շրջանակում: Իմ ենթադրությամբ, որպեսզի գրանտը ստանա այս ՀԿ-ն՝ խարդախ գործողության արդյունքում վերաձևում են թանգարան-ինստիտուտի ֆոնդային կառուցվածքը: Տնօրենը փորձում է գրադարանն անջատել ֆոնդերից, այն ներկայացնել՝ որպես արխիվներ, որպեսզի համապատասխանի գրանտային ծրագրի պայմաններին: Եթե դա այդպես է, թանգարան-ինստիտուտը վերածվում է պարզունակ օբյեկտի, որպեսզի ինչ-որ ՀԿ ստանա գրանտ»:

Նախկին տնօրենի արած այս հայտարարության հետքերով մեզ հաջողվեց պարզել, որ ֆոնդերի վերաձևման թույլտվություն ստանալու համար Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պաշտոնական նամակ է ուղարկել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որում նշված են եղել վերահաշվարկի արդյունքում իբր կորած ֆոնդային միավորներ:

Մեզ հաջողվեց պարզել նաև, որ թանգարան-ինստիտուտի ներսում վերահաշվարկը կատարվել է՝ շրջանցելով գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանին:

Ի դեպ, աշխատակիցը, ով կատարել է վերահաշվարկը, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հրաժարվել է ստորագրել իր կողմից ներկայացված փաստաթղթի տակ:

Թանգարանի տնօրեն Հարություն Մարությանի հետ հարցազրույցի պարզաբանումները քննարկելու ընթացքում նրան ուղղեցինք հետևյալ հարցը՝ արդյոք թանգարան-ինստիտուտի կողմից ԿԳՄՍ նախարարությանը ներկայացվե՞լ է թանգարանից պակասող ֆոնդային միավորներից կազմված որևէ նամակ: Նամակի գոյությունը տնօրենը չհերքեց, սակայն հրաժարվեց հավելյալ պարզաբանումներ տրամադրել, մեկաբանելով այսպես՝ մինչև չլինի վերջնական ակտը, այդ մասին խոսելու ցանկություն չկա:

Տեղեկացնենք միայն, որ, ըստ մեր ունեցած նախնական տեղեկությունների՝ թանգարանային ֆոնդերում վերահաշվարկ նախաձեռնելու գլխավոր նպատակն արհեստական խնդիրներ ձևակերպելու հեռանկարն էր, որը հետագայում հնարավորություն կտար ձևափոխված ֆոնդերով դրամաշնորհային ծրագերին թանգարանի մասնակցությունը ապահովել: Թե ի՞նչ դրամաշնորհների մասին կարող է լինել խոսքը, այս պահին հայտնի չէ: Թերևս, դա որոշակի կապ ունի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի՝ հունվար ամսին Բուդապեշտ կատարած այցելության հետ, որի մասին մանրամասներ պարզել մինչ այս պահը մեզ չի հաջողվել:

Մեր ունեցած նախնական տեղեկությունների համաձայն՝ խոսքը Բաց հասարակության հիմնադրամների օժանդակության ինստիտուտի դրամաշնորհային ծրագրի մասին է, որի հիման վրա չափվելու է հայաստանյան արխիվային նյութերի հասանելիությունը, որը տեղի կունենա՝ ըստ սահմանված սանդղակի ու մանրամասնորեն կազմված հարցաշարի հիման վրա: Բուդապեշտում գտնվող Բաց հասարակության հիմնադրամների օժանդակության ինստիտուտի արխիվների կողմից տրամադրվող այս դրամաշնորհով ծավալուն հարցաշար է տրամադրվել նաև հայաստանյան արխիվներին ու թանգարաններին, այդ թվում՝ Մատենադարանին: Ըստ այդ մեխանիզմի, Բաց հասարակության հիմնադրամների օժանդակության ինստիտուտի արխիվներին կտրամադրվեն հավաքագրված բոլոր տեղեկություններն ու հարցաշարերի արդյունքները, որոնք հասանելի կլինեն նաև Բաց հասարակության հիմնադրամների օժանդակության ինստիտուտի դրամաշնորհային ծրագրի Ադրբեջանի ներկայացուցիչ Էյդար Զեյնալովի համար: Հայաստանից այս ծրագրում ընդգրկված է Հազարաշեն ՀԿ-ն՝ ի դեմս Հրանուշ Խառատյանի:
Ամփոփելով թանգարան-ինստիտուտի դրամաշնորհների շուրջ ծավալվող, ինչպես նաև առհասարակ հիմնարկի ֆինանսական թեմային առնչվող հարցերը, նկատենք հետևյալը՝ 2019 թվականի մարտի 22-23-ին թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը Ստամբուլում մասնակցելով «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կազմակերպված «Հիշողության վայրեր, հիշողության ուղիներ դեպի այլ ապագա» խորագիրը կրող գիտաժողովին, իր ելույթի ընթացքում թվարկել է թանգարան-ինստիտուտի կողմից նախաձեռնած մի շարք ծրագրերի մասին՝ միաժամանակ տեղեկացնելով նաև, որ այդ ծրագրերից մի քանիսը ֆինանսավորման կարիք ունի, ակնկալելով, հավանաբար, թուրքական կողմի աջակցությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ծրագրերին…

Թանգարան-ինստիտուտի ֆոնդերում փոփոխություններ կատարելու աշխատանքներին ազգագրագետ, թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանի մասնակցությունը չհերքվեց: Դա հրապարակային հաստատեց նաև ինքը՝ տիկին Խառատյանը, պատասխանատու հայտարարելով, որ ՀՑԹԻ-ի հետ կապված որևէ գրանտային ծրագիր կամ ծրագրի քննարկում չկա, կամ առնվազն ինքը դրանց տեղյակ չէ: Հիմա չկա՞, թե՞ ինքը դրանից տեղյակ չէ, պարզ չէ: Գուցե, այնուամենայնիվ, կա, բայց տիկին Խառատյանն անտեղյակ է… Ինչևէ, եթե մի օր այս տեղեկատվությունը ևս հաստատվի, ապա տիկին Խառատյանն առնվազն ալիբի ունի՝ լինելով թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, ինքը տեղյակ չի եղել: Տիկին Խառատյանը հաստատում է. «Ես, այո, որպես հոգաբարձուների խորհրդի անդամ՝ պարոն Մարությանին ուղարկել եմ արխիվների մասին ՀՀ օրենքները, կառավարության տարբեր կառույցների կողմից ընդունված որոշումները, ակտերը, այլ կերպ ասած՝ արխիվը կառավարելու և արխիվային աշխատանքի ՀՀ իրավական նորմերը: Առաջարկել եմ, որ դրանց ծանոթանան ՀՑԹԻ արխիվում կամ արխիվի հետ աշխատողները, առաջարկել եմ դրանք տեղադրել ՀՑԹԻ կայքէջում, ստուգել՝ արդյո՞ք որևէ անհամապատասխանելիություն չկա դրանց և ՀՑԹԻ ֆոնդերի աշխատանքի միջև»:

Հետգրության փոխարեն՝ ներկայացնում ենք Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին ուղարկված հարցն ու նրա պատասխանը՝ առանց խմբագրման:

– Ո՞րն է թանգարան-ինստիտուտում այս պահին իրականացվող ֆոնդերի կառուցվածքային փոփոխությունների հիմնական նպատակը:

– Հիմնական նպատակը շատ պարզ է՝ առանձնացնել գիտական գրադարանը (գրքեր, մամուլ) ֆոնդերից: Հայաստանի պատմության թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և մի շարք այլ թանգարաններ ունեն գիտական գրադարաններ, որոնք իրենց գործունեության մեջ առաջ¬նորդվում են Գրադարանների և գրադարանային գործի մասին ՀՀ օրենքի դրույթներով։ Ըստ այդմ, այդ գրադարաններից և ոչ մեկում գրքերը թանգարանային հավաքածուի (ֆոնդի) մաս չեն կազմում՝ իրենց տարիքային կամ թեմատիկ պատկանելության գործոնի հիմամբ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ձևավորման առաջին իսկ օրվանից թանգարան-ինստիտուտի կողմից ձեռք բերվող կամ որպես նվիրատվություն տրվող գրքերը, նաև հնատիպ ու նորատիպ մամուլը գրանցվել են ֆոնդերում՝ որպես թանգարանային առարկաներ։ Այս կերպ թանգարանային առարկաների թիվն արհեստականորեն մեծացվել է։ Մինչդեռ մասնագիտական գրականության մեջ (օրինակ, Т. Ю. Юренева, Музееведение, М., 2003; Е. А. Поправко, Музееведение. Учебное пособие, Владивосток, 2005; В. Ю. Дукельский, Музейный предмет // РМЭ (Российская музейная энциклопедия), т. 1, М., 2001; Լ. Պ. Գևորգյան, Թանգարանի գիտաֆոնդային աշխատանքների հիմունքներ, Երևան, 2018), նշվում է, որ «թանգարանային առարկան` իրականությունից առանձնացված, հավաքածուի մեջ ընդգրկված և երկարատև պահպանվող թանգարանային նշանակության իր է, որը հասարակական կամ բնագիտական տեղեկատվության, գիտելիքի և զգացմունքի ստույգ աղբյուր է, պատմամշակութային արժեք, ազգային ժառանգության մաս»։ Թանգարանային նշանակությունը հիմնավորվում է նրա «տեղեկատվականության, արտահայտչականության, ձգողականության, ներկայացուցչականության, զուգորդականության» հատկանիշներով: Այսպիսով, գիրքը կարող է համարվել թանգարանային առարկա հուշային հավաքածուի անբաժանելի մաս կազմելու դեպքում կամ եթե տվյալ գրքի հետ կապված պատմությունը կարևորագույն նշանակություն ունի ցուցադրության մեջ որոշակի թեմայի բացահայտման համար:

Հաշվի առնելով Հայաստանի մի շարք թանգարաններում գործող պրակտիկան, մենք նպատակահարմար ենք գտնում գրադարանն առանձնացնել հիմնական ֆոնդից (բացառությամբ այն գրքերից, որոնք հուշային հավաքածուների մաս են կազմում)։ Ֆոնդերի հաշվառումից գրադարան հաշվառման տեղափոխվող գրքերի ճնշող մեծամասնությունը հրատարակված է 1950-2000-ական թվականներին։ Գրքերի մի փոքր մասը միայն 100-130 տարվա հնության է և դրանք հաշվառելու և պահպանելու ենք գրադարանի հատուկ ֆոնդում։ Ինչո՞ւ։ Բանն այն է, որ Գրադարանների մասին օրենքում առանձնացվում է «գրավոր հուշարձան» հասկացությունը, որը բնութագրվում է որպես «հնատիպ և հազվագյուտ գրքեր, տպագիր հրատարակություններ, որոնք ունեն բացառիկ հոգևոր և նյութական արժեք, հատուկ պատմական, գիտական, մշակութային նշանակություն: Դրանց նկատմամբ սահմանվում է հաշվառման, պահպանության և օգտագործման հատուկ կանոնակարգ (ռեժիմ) [ընդգծումն իմն է.– Հ.Մ.]»։ Ընդ որում, այդ «հատուկ կանոնակարգը» չի սահմանվում որպես «թանգարանային հավաքածուի» (ֆոնդի) մաս։ Եվ որպես լուծում մենք առաջարկում ենք նշված գրքերի համար գրադարանի մեջ ստեղծել «հատուկ ֆոնդ», ինչպես որ է բազմաթիվ գրադարաններում։

Նշեմ նաև, որ գրքերի՝ ֆոնդից գրադարան տեղափոխման պարագայում իրականացվելու են միայն վերահաշվառման աշխատանքներ: Պահպանության և օգտագործման առումով պայմանները նույնն են։ Ավելին, ինչպես մեկ անգամ արդեն նշեցի, 2019 թ. սեպտեմբերին սանկտպետերբուրգցի բարերար Հրաչյա Միսակի Պողոսյանից թանգարանը շատ արժեքավոր նվիրատվություն ստացավ՝ շարժական գրադարակներ, որոնց մեջ տեղավորվեց թանգարան-ինստիտուտի գրադարանն ամբողջությամբ։ Կմշակվի հատուկ կարգ՝ ընթերցողների՝ մասնագիտական գրադարանի ծառայություններից օգտվելու համար։

Քանի որ մեր առաջարկը ենթադրում էր ֆոնդերում իրականացնել կառուցվածքային փոփոխություն, համաձայն գործող կարգի, ստեղծվեց ֆոնդային գնման (գնահատման) հանձնաժողով, որի անդամներն են հանրապետության առաջատար մասնագետներ, որոնք ներկայացնում են Ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության թանգարանը, Երևան քաղաքի պատմության թանգարանը, Ազգային գրադարանը, Ազգային արխիվը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը (վերջինիս ներկայացուցիչը դասավանդում է նաև ՀՄՊՀ-ի թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնում), Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, նաև ԿԳՄՍ-ն՝ ի դեմս համապատասխան մասնագետի։ Հանձնաժողովի անդամներից վեցը պատմական գիտությունների թեկնածուներ են, և նիստին ներկա վերոնշյալ մասնագետները որոշում են կայացրել՝ առաջարկելով տարանջատել թանգարանային և գրադարանային ֆոնդերը։

Դրանից հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից համապատասխան նամակ է ուղարկվել ԿԳՄՍ նախարարություն, որտեղից էլ ստացվել է պատասխան, ուր, մասնավորապես նշված է. «չենք առարկում ֆոնդերի կառուցվածքային փոփոխություն կատարելու և թանգարան-ինստիտուտում գրադարան ստեղծելու հարցում: Սակայն, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային հավաքածուի առանձնահատկությունը՝ նպատակահարմար ենք գտնում, որ գրականության և մամուլի յուրաքանչյուր խմբաքանակ տեղափոխելիս՝ դրա կազմը քննարկվի նաև հիմնադրամի ֆոնդային գնահատող հանձնաժողովում: Առաջարկում ենք աշխատանքների արդյունավետությունն ու պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով՝ համագործակցել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի հետ: Միաժամանակ խնդրում ենք իրականացվող գործընթացների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 5-օրյա ժամկետում նախարարությանը ներկայացնել տեղեկատվություն»: Սա նաև նշանակում է, որ չնայած գրադարանը առանձնացվելու է թանգարանային հավաքածուից, այն շարունակելու է մնալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժողովածուի անբաժանելի մասը:

Այսպիսով, թանգարան-ինստիտուտում այս պահին իրականացվող ֆոնդերի կառուցվածքային փոփոխությունների հիմնական նպատակն է՝ թանգարան-ինստիտուտի ժողովածուի մեջ ընդգրկված թանգարանային ֆոնդը և գրադարանային ֆոնդը հստակ տարանջատել միմյանցից և յուրաքանչյուրը հաշվառել, պահպանել և օգտագործել՝ ըստ դրանց համար նախատեսված կարգերի:

Նվարդ Մանվելյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս