Հրանուշ Խառատյանի «Հազարաշեն» ՀԿ-ն հավակնում է ստանալ խոշոր դրամաշնորհ հայաստանյան արխիվների հասանելիության չափանիշը ճշգրտելու մի ծրագրի շրջանակում. Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ 168.am-ը զրուցել է նոր տնօրենի ընտրության, նրա գործունեության, վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի ու թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանի հետ համագործակցության, թանգարան-ինստիտուտում առկա կարևոր փաստաթղթերի ու դրանց նկատմամբ այլ երկրների հատուկ ծառայությունների հետաքրքրության վտանգի մասին:

Պարոն Դեմոյան, վերջին շրջանում տարբեր տեղեկություններ են շրջանառվում Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի անվան շուրջ: Մասնավորապես, նրա անունը կապվում է Բաց հասարակության հիմնադրամի հետ և նշվում է, որ Մարությանի հիմնադրած «Հազարաշեն» ՀԿն ֆինանսավորվում է այդտեղից: Այս առումով վտանգ տեսնո՞ւմ եք, հնարավո՞ր է՝ ինչոր գործողությունների արդյունքում փոխվի Ցեղասպանության ճանաչման  գործընթացի հունը: Թանգարանինստիտուտում կա՞ն այնպիսի կարևորության փաստաթղթեր, որոնց ոչ ճիշտ պահպանումը կարող է վտանգավոր լինել:

– Այս պահի դրությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն, որն անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային, աշխարհում ամենամեծն է որակական և քանակական առումով. այն մոտենում է 100 հազարի սահմանագծին և հատկապես իմ աշխատած 11 տարվա ընթացքում գիտահավաքչական աշխատանքի արդյունքում հավաքածուն համալրվել է բացառիկ նմուշներով, բնօրինակ նյութերով և ամբողջական հավաքածուներով: Այդպիսի մեկտեղումը չէր կարող չհետաքրքրել տարբեր երկրների հատուկ ծառայություններին. առաջին հերթին՝ պետք է հետաքրքրեր Թուրքիայի հատուկ ծառայություններին, մյուս երկրների պարագայում գոնե հետաքրքրությունը պետք է լիներ վերահսկման տեսքով՝ տեսնելու, թե ինչ գոյություն ունի հավաքածուի մեջ, որպեսզի ըստ այդմ ձևակերպեն իրենց հետագա քաղաքական և անվտանգության հայեցակարգերն ու քայլերը Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ:

Ֆոնդերի հետ կապված միջադեպ էր տեղի ունեցել դեռևս 2018թ. հունիսին, երբ ես այլևս թանգարան-ինստիտուտի տնօրենը չէի, և տնօրենի պաշտոնակատարը Նարինե Մարգարյանն էր: Ասեմ, որ նա այսօր հարում է այն ուժերին, որոնք վախենում են իմ հավանական վերադարձից Ցեղասպանության թանգարան, որը աբսուրդ է, և ես չեմ հավակնում վերադառնալ այնտեղ՝ նախևառաջ հարգելով օրենքի պահանջը: Նշված ժամանակահատվածում եվրոպական երկրների ներկայացուցիչները մտել էին թանգարան և պահանջել էին բոլոր ձեռագիր մատյանները լուսանկարելու համար, ինչը նշանակում է՝ հետախուզական բնույթի տեղեկատվության ձեռքբերում: Տեղի էր ունեցել սկանդալ, և Նարինե Մարգարյանը շատ ճիշտ էր կողմնորոշվել՝ թույլ չտալով նման բան: Դրա հետ կապված՝ նա կապվել էր ինձ հետ, և ես նրան ասացի, որ համար առաջին երկիրը, որ հետաքրքրված է թանգարանի հավաքածուով, Թուրքիան է: Այսօր, երբ ես այնտեղ չեմ, իհարկե, պետք է ակտիվանան տարբեր երկրների հատուկ ծառայությունները, որպեսզի ձեռք բերեն բացառիկ հավաքչական աշխատանքի արդյունքում կուտակված թանգարանային միավորների նկատմամբ վերահսկողություն: Այս առումով վտանգ կա:

Ինչպե՞ս եք գնահատում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի ընտրությունները, որի ժամանակ ընտրվեց Հարություն Մարությանը:

– Ես պնդում եմ՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ներկայիս տնօրեն Հարություն Մարությանը նշանակվել է անօրինական եղանակով՝ հիմնավորելով, որ նախկին տնօրենի պաշտոնակատարն օրենքով չէր ազատվել պաշտոնից, հետևաբար՝ տնօրեն ընտրելն անօրինական գործընթաց է եղել: Այո, դա եղել է ոչ թե ընտրություն, այլ նշանակում: Մի մարդ, որը հայտարարում է, որ չի տիրապետում 100 տարի առաջ տեղի ունեցածին, ստանում է 11 ձայն, ես՝ 2:

Պնդումներ կան, որ Մարությանի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելը հաջողվել է Հրանուշ Խառատյանի ու նրա որդու՝ Արսեն Խառատյանի ջանքերով: Ըստ տեղեկությունների՝ նրանք որոշ ծրագրերի շրջանակներում միասին են գործել և հիմա էլ շարունակում են գործել: Նրանց համագործակցության մեջ խնդիր տեսնո՞ւմ եք:

– Շահերի բախում միանշանակ կա: Հարություն Մարությանի նշանակումը տնօրենի պաշտոնին տեղի է ունեցել Հրանուշ Խառատյանի և Արսեն Խառատյանի անմիջական մասնակցությամբ: Նրա ընտրությունը կբնորոշեմ՝ որպես կոռուպցիոն գործարք՝ անօրինական, թայֆաբազական սկզբունքներով իրականացրած: Այդ մասին է նաև վկայում այն, որ իմ՝ 3 օրով Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակ Մշակույթի նախարարն ու փոխնախարարը մի քանի անձանց կողմից ներարկվելով՝ ներխուժել էին իմ աշխատասենյակ, որտեղ Միացյալ Նահանգներից բերված ահռելի նյութ է եղել: Դա, ես համարում եմ, որ եղել է անփորձությունից, հատկապես, որ նախարարը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն անվանում էր Եղեռնի տուն-թանգարան, ահա գոնե չիմացության պատճառով կարելի է ներել նրան:

– Ի՞նչ նպատակ է հետապնդում Ցեղասպանության թանգարանինստիտուտի ֆոնդերի կառուցվածքային փոփոխությունը

-Ենթադրում եմ, որ Հարություն Մարությանը համագործակցելով Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանի հետ, իրականացնում են բազմաթիվ գրանտային ծրագրեր. այսինքն, երբ գրանտատուն գումար է տալիս, հետազոտողը ենթարկվում է ոչ թե ակադեմիական ազատությանը և իր սկզբունքներին, այլ գրանտատուի պայմաններին: Հետևաբար, եթե չես ենթարկվում, գումարը չես ստանում: Իմ տեղեկություններով՝ «Հազարաշեն» ՀԿ-ն, ի դեմս այս 2 անձանց, հավակնում է ստանալ խոշոր դրամաշնորհ՝ հայաստանյան արխիվների հասանելիության չափանիշը ճշգրտելու մի ծրագրի շրջանակում: Իմ ենթադրությամբ, որպեսզի գրանտը ստանա այս ՀԿ-ն՝ խարդախ գործողության արդյունքում վերաձևում են թանգարան-ինստիտուտի ֆոնդային կառուցվածքը: Տնօրենը փորձում է գրադարանն անջատել ֆոնդերից, այն ներկայացնել՝ որպես արխիվներ, որպեսզի համապատասխանի գրանտային ծրագրի պայմաններին: Եթե դա այդպես է, թանգարան-ինստիտուտը վերածվում է պարզունակ օբյեկտի, որպեսզի ինչ-որ ՀԿ ստանա գրանտ:

Երրորդ Հանրապետության պատմության մեջ սա ամենանողկալի, քստմնելի քայլն է, որ կարող է իրականացվել ՀՀ քաղաքացիների կողմից: Համացանցի բաց աղբյուրներից պարզ է դառնում, որ արխիվների հասանելիությամբ զբաղբվող խորհրդի կազմում կա Ադրբեջանի ներկայացուցիչ:

Սա խոսում է հետախուզական բնույթի տվյալների մատակարարման մասին Հայաստանի և Արցախի հանրապետությունների թշնամի երկրի ներկայացուչին: Համարեք, որ հայտարարեցի հանցագործության մասին, մնացած գործողությունները թող ԱԱԾ-ն որոշի, եթե իմ ասածը համապատասխանում է իրականությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ մեզ հետ զրույցում ԿԳՄՍ փոխնախարար Խզմալյանը նշել էր, որ թանգարանի ֆոնդերի հետ կապված լինում են ոչ ստույգ գրանցումներ, որոնք հետագայում վերամշակման և լրամշակման կարիք ունեն:

168.am-ը պատրաստ է լսել և հրապարակել նաև խնդրի վերաբերյալ մյուս կողմի՝ Հարություն Մարությանի և Հրանուշ Խառատյանի տեսակետը։

Տեսանյութեր

Լրահոս