Բաժիններ՝

Արդյոք հարուստ լինելը քրիտոնեավայե՞լ է

21-րդ դարում, երբ ամեն քայլափոխի գովազդվում է նյութապես ապահով և բարեկեցիկ, աշխարհիկ կյանքը և արժևորվում դրան հասնելու հաջողության ճանապարհը, թվում է, թե քրիստոնեական արժեհամակարգը կորցնում է արդիականությունը, քանի որ վերջինս կարևորում է հոգևոր ապահովոթյունը: Սակայն այս հակադրությունը առերևույթ է, քանի որ նյութական կարիքների բավարումը չի ամբողջացնում մարդու՝ որպես սոցիալական և հոգևոր էակի պահանջմունքների ողջ ներկապնակը:

Նյութական արժեքները բավարարում են հանրահայտ Ա. Հ. Մասլոուի բուրգի ստորին շերտերը (ֆիզիկական, անվտանգության), իսկ առավել բարդ՝ վերին շերտերին (սեր և պատկանելություն, հարգանք, ինքնիրացում), հասնելու համար մարդը գործադրում է լրացուցիչ ջանքեր, որտեղ էլ դրսևորվում է նրա հոգևոր վարքը: Հարկ է նշել, որ նյութական կարիքները ևս կարևորվում են անձի լիաժեք զարգացման տեսանկյունից, ուստի մարդը պետք է հոգա նաև իր և իր շրջապատի բարեկեցության մասին:

Քրիստոնեության տեսանկյունից նյութական արժեքներին տիրապետելը կամ հարուստ լինելն ինքնին քննադատելի չէ: Այստեղ շեշտադրվում է արդար ճանապարհով «դրամ վաստակելը» և կարիքավորներին չանտեսելը: Դիտարկենք մի քանի առակ, որտեղ քննության է առնվում հարստության թեման:

«Երեք ծառաների» (Մատթ. 25: 14-30, Ղուկ. 19: 12-26) առակում տերը գովում է այն երկու ծառաներին, որոնք ոչ միայն չէին պահպանել, այլև կրկնապատկել էին իրենց տրված ունեցվածքը: Այնուհետև պասրավանքի է արժանացնում այն ծառային, որն իրեն հանձնվածը միայն պահել էր հողում, որպեսզի հանկարծ չկորցնի: Այսպես էլ Տերը պատասխանատվության է կանչելու Իր տված շնորհների և դրանք խելամիտ օգտագործման համար: Շնորհներից կարող ենք համարել նաև ձեռնարկատիրական մտածողությունը, որը կարող է ստեղծել նոր աշխատատեղեր, լուծել անլուծելի թվացող տնտեսական, բնապահպանական կամ տեխնոլոգիական խնդիրներ:

Կարդացեք նաև

«Անիրավ տնտեսի» (Ղուկ. 16։1-13) առակում Տերն ուսուցանում է երկրի վրա բարեկամներ փնտրելու փոխարեն մտածել երկնքի արքայությանն արժանանալու մասին և անգամ «մամոնայի»՝ նյութական հարստության միջոցով փորձել բարեկամներ գտնել: Այստեղ նկատելի է հարստությունը որպես գործիք օգտագործելու և աստվածահաճո գործեր կատարելու պատգամը: Օրինակ կարող են լինել բարեգործությունը և սկսնակ բիզնեսներում ներդրումները:

«Հարուստ երիտասարդի» (Մատթ. 19։16-26) առակը քննության է ենթարկում հավատացյալի կամքը. ընտրել Հիսուսի՞ն և շարժվել նրա ուղով, թե՞ հրաժարվել իր բազում հարստություններից: Երբ հարուստ երիտասարդն ընտրում է երկրորդը, նա իրեն զրկում է Աստծուն մոտ լինելու հնարավորությունից:

Ճշմարիտ է այն հավատը, որը շղթայված չէ նյութական բարիքներով:

«Հավատարիմ և իմաստուն տնտեսը» (Ղուկ. 12։42-48) զգուշացնում է Տիրոջ մշտազգոն ներկայության մասին՝ խրատելով, որ եթե անգամ Նա թվացյալ «ուշանում է», ապա մշտապես պետք է հիշել Նրա գոյության ու դատաստանի մասին և հարստանալու ճանապարհին չհարստահարել այլոց:

«Անմիտ մեծահարուստը» (Ղուկ. 12։16-21) առակը ներկայացնում է մի մեծահարուստի, որը մտահոգվում էր միայն իր ունեցվածքի և այն տնօրինելու մասին՝ մոռանալով, որ «նա, ով իր անձի համար գանձ կհավաքի և Աստծով չի հարստանա»: Այստեղ շեշտադրում է անցավոր աշխարհի ունայնության գաղափարը և Աստծո կամքի անկանխատեսելիությունը: Արդարև, փողը տալիս է իշխանություն, սակայն դրա ազդեցության շրջանակը նեղ է՝ միայն Երկրի վրա, ուստի միայն նյութական գանձեր կուտակելու մասին մտածելով՝ մարդը կարող է կորցնել շատ ավելի արժեքավոր «Երկնային գանձերը»:

Առակներում «կարմիր թելով» անցնում է առ Աստված հավարտամության գաղափարը՝ միաժամանակ մարդուն ընտրելու հնարավորություն տալիս ճշմարիտ հավատի և նյութապաշտության միջև: Բոլոր առակներում էլ նյութականը ստորադասվում է քրիստոնեական արժեքներին, խրախուսվում է բարի գործերի միջոցով ապահովել բարեկեցիկ կյանք և չանտեսել կարիքավորներին: Կարևոր հորդոր է տրվում, որ պետք չէ անհանգստալ ապագայի մասին, այլ Տիրոջ օրենքով առաջնորդվել, որպեսզի Նա՛ հօգա վաղվա օրվա մասին:

Անի Մկրտումյան

«Զորավոր» երիտասարդաց միության անդամ

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս