«Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. նա ամբողջությամբ մեկուսացվել է». Փաստաբան
Մայիսի 3-ին ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը 168.am-ին փոխանցել էր, որ իր պաշտպանյալի վիճակը կտրուկ վատացել է, նրան միացվել է արհեստական շնչառության սարք:
Դեպքի հաջորդ օրը փաստաբանը հայտարարություն տարածեց, որով դիմեց Կառավարությանը, որպեսզի թույլատրեն Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով տեղափոխել արտերկիր:
Այսօր 168.am-ի հետ զրույցում Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի գործում «սովորական բան են դարձել իրավունքների խախտումները»:
«Իմ պաշտպանյալի գործով աննախադեպ էին նաև ՄԻԵԴ-ի գործառույթները, որը Գրիգորյանի գործով երեք աննախադեպ միջոցառումներ կիրառեց: Նրա խափանման միջոց կալանքը փոխելուց հետո գործն անհապաղ լսելու միջոցառումը հետ վերցրեց և լսելու է սովորական ընթացակարգով: Ասեմ, որ ՄԻԵԴ-ի վարույթում իմ պաշտպանյալի գործն առկա է՝ խոշտանգման և անօրինական կալանքի փաստով, որի լսումը, կարծում եմ՝ սարերի հետևում չէ: Խնդիրն այն է, որ բժշկություն, որպես այդպիսին, Մանվել Գրիգորյանի հետ կապված՝ ուղղակի չեն իրականացնում, պարզապես բարձրակարգ բժիշկների հսկողության տակ իրականացվում են այնպիսի բուժումներ, որոնք ընդամենը կոնսերվացնում են նրա արդեն 40-ի հասնող հիվանդությունները: Կոնկրետ բուժման գործընթաց չի կատարվում, որպեսզի վերականգնվի վերջինիս առողջությունը. պատճառն օբյեկտիվ է, քանի որ բուժող բժիշկը և էպիկրիզը փաստեց հետևյալը, որ այլևս Հայաստանում հնարավոր չէ նրա 40-ի հասնող հիվանդությունները բուժել՝ կապված սարքավորումների և դեղամիջոցների բացակայության հետ»,- ասաց փաստաբանը:
Ըստ փաստաբանի, Ֆրանսիայում գտնվող կլինիկան, որտեղ Գրիգորյանը նախկինում անցել է իր բուժումը, արձագանքել է փաստաբանների դիմումին, և հաշվի չառնելով կորոնավիրուսային համաճարակը՝ համաձայնել են ընդունել Մանվել Գրիգորյանին:
Սակայն պետական լիազոր մարմինը, ի դեմս Առողջապահության նախարարության, օպերատիվորեն չի արձագանքել:
«Օրերս մենք դիմեցինք ՀՀ կառավարությանը, որպեսզի իր ենթակա կառույցներին ստիպի աշխատել օրենքով, սակայն մինչև այժմ որևէ արձագանք չկա»,- տեղեկացրեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանն արդեն դատապարտված է լինել անդամալույծ, 24-ժամով ունենալ խնամակալներ, քանի որ առանց նրանց՝ խնդիրներ կառաջանան. Մանվել Գրիգորյանը չի կարող ինքնուրույն տեղաշարժվել:
«Վերակենդանացման բաժանմունքի սարքերը դեռևս միացված են Մանվել Գրիգորյանին, նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Նա ամբողջությամբ մեկուսացված է, շփվում է միայն խնամակալների, իսկ լավագույն դեպքում՝ շաբաթվա մեջ մի քանի անգամ՝ թոռնիկների ու մերձավորների, նաև՝ պաշտպանական թիմի հետ»,- շեշտեց նա: