
Լապորտան՝ «Բարսայի» նախագա՞հ․ նա կվերադարձնի Գվարդիոլային

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել ակումբի նախագահության համար:
Նա հայտարարել է, որ շատ է ոգևորվել «Բարսելոնան» ղեկավարելու հնարավորությունից: Լապորտան նշել է, որ պատրաստում է փաստաթղթեր 2021 թվականի ընտրությունների համար և ցանկանում է Պեպ Գվարդիոլային, ով այժմ աշխատում է «Մանչեսթեր Սիթիի» հետ, վերադարձնել «Բարսա»:
«Ես շատ կցանկանայի տեսնել, որ Գվարդիոլան վերադառնա, բայց հիմա նա «Սիթիում» է, և նա պետք է ինքնուրույն կայացնի այդ որոշումը: Պեպը «Բարսելոնայի» խորհրդանիշներից է, և շատ կատալոնացիներ կցանկանան նրան կրկին տեսնել՝ որպես մարզիչ»,- ասել է Լապորտան TV3-ին տված հարցազրույցում:
Լապորտան «Բարսելոնայի» նախագահ էր 2003 թվականից մինչև 2010 թվականը: Նրա նախագահության օրոք Պեպ Գվարդիոլան ղեկավարեց թիմը:
Սիրարփի Աղաբաբյան