«Փաշինյանն ու «Իմ քայլը» պատասխանատու են դատական համակարգում հեղափոխության պարտության համար»

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը դժգոհ է դատական համակարգից: ԱԺ-ում իր ելույթի ընթացքում պատգամավորը նշեց, որ դատական համակարգում հեղափոխությունից հետո որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

«Այն, որ այսօր հնարավոր են նման գործընթացներ, որոնք տեղի են ունենում վերջին շաբաթների ընթացքում, մեծապես պայմանավորված է ձեզանով՝ որպես մեծամասնություն, և առհասարակ գործող իշխանության վարքագծով՝ բարեփոխումների հարցում հանցավոր դանդաղկոտությամբ, ապագայի օրակարգերի փոխարեն՝ անցյալի հետ անպտուղ բանավեճի մեջ մտնելու պատճառով: Կարծում եմ՝ ժամ առաջ պետք է գիտակցել այսօրվա իրավիճակի հարցում մեր բոլորիս բաժին հասած պատասխանատվության և մեղքի մասը և դրանից համապատասխան հետևություներ անել»,- իր խոսքում նշեց պատգամավորը:

Նա անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի երեկ կայացած հանդիպմանը:

Ա. Բաբաջանյանը զարմանքով արձանագրեց, թե ով կսպասեր հեղափոխությունից հետո նման բան՝ դատական համակարգի առողջացման փոխարեն՝ այսպիսի շրջադարձ:

«Երեկ Ռուստամ Բադասյանը վարչապետի հետ քննարկման ժամանակ ջանք ու եռանդ չխնայեց վարչապետին ապացուցելու, թե ինչու և ինչպես Հայաստանում հնարավոր չէ իրականացնել դատավորների համատարած վեթինգ և անցումային արդարադատություն: Ռուստամ Բադասյանը երեկ ռեկորդ սահմանեց այն հարցում, թե ինչպես կարելի է հեղափոխության առաջնորդին համոզել, որ ճիշտը ոչ թե հեղափոխական փոփոխություններն են, այլ այն ամենի պահպանումը, հանուն որոնց՝ տեղի է ունեցել հեղափոխությունը: Մենք լսեցինք, թե ինչպես Արդարադատության նախարարը վարչապետին զեկուցեց, որ ամբողջովին տապալել են ոլորտում նրա տված հանձնարարականի կատարումը: Այսպիսով՝ Ռուստամ Բադասյանը երեկ արձանագրեց, որ պետք է մոռանալ իրական վեթինգի, իրական անցումային արդարադատության ու բարեվարքության կանոնների մասին»,- ընդգծեց Ա. Բաբաջանյանը:

Նրա դիտարկմամբ՝ երեկ վարչապետի լռությունից հետո կարելի է ենթադրել, որ նրան բավարարում են Արդարադատության նախարարի՝ դատական համակարգը հեղափոխությունից հնարավորինս հեռու պահելու հիմնավորումները:

«Նիկոլ Փաշինյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հավասարապես պատասխանատվություն են կրում դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման տապալման կամ այս ոլորտում հեղափոխության պարտության համար»,- հավելեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս